Արգելափակելու են կայքերը, բայց ինչպես` պարզ չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում անդրադարձել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որով ցանկանում են սահմանափակել տոտալիզատորների գրասենյակների առկայությունը Հայաստանում, եւ կոնկրետ տարածքներ են սահմանվելու այդպիսի ընկերությունների գործունեության համար։

Ալեն Սիմոնյանի ներկայացրած նախագիծը երկու մասից է բաղկացած։ Եվ եթե «Վիճակախաղերի մասին» օրենքով փորձ է արվում սահմանափակել գրասենյակների գործունեությունը, ապա «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծում փորձ է արվում սահմանափակել արդեն պաշտոնական կայքերի հասանելիությունը հանրային նշանակության օբյեկտներում։

Միայն թե Սիմոնյանի այս նախագիծը քննադատության է ենթարկվել անգամ ԱԺ տնտեսագիտական փորձաքննության վարչության կողմից: ԱԺ վարչությունը նախագծի վիճահարույց կետերն է մատնանշել` շեշտելով, որ պատգամավորի առաջարկները անիրականանալի են։
Եւ այսպես, այդ օրենքի 1-ին հոդվածով առաջարկվում է սահմանել, որ «Հանրային նշանակության օբյեկտները (սրճարան, բար, ռեստորան, հյուրանոց, ինտերնետ ակումբ (սրահ), գազալցակայան, առեւտրի սրահ, զվարճանքի եւ հանրային սպասարկման այլ վայրեր) շահագործող անձինք պարտավոր են արգելափակել ՀՀ տարածքում վիճակախաղի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց պաշտոնական կայքերի՝ համապատասխան սարքավորումներով հասանելիությունը»։

Հենց այս դրույթը, ԱԺ վարչության կարծիքով, ամենավիճահարույցն է:
Մասնավորապես, վարչությունն իր եզրակացության մեջ նկատում է․ «Առանձին քննարկման հարց է հանրային նշանակության օբյեկտներ շահագործողների կողմից ընդհանրապես որեւէ կայքի հասանելիության արգելափակման հարցը: Օրինակ` որեւէ բարում կամ վարսավիրանոցում դրված է «wifi» սարք, որի միջոցով հաճախորդները միանում են ինտերնետին:

Հարց է առաջանում. շահագործողն ինչպե՞ս պետք է արգելափակի այս կամ այն կայքի հասանելիությունը (գործնականում, այսպիսի արգելքի սահմանումը կարող է հանգեցնել նրան, որ շահագործողներն ընդհանրապես ինտերնետ հասանելիություն չեն ապահովի, ինչն էլ կարող է վնասել նրանց գործունեությանը): Կամ մեկ այլ դեպքում. հաճախորդն իր սարքի (հեռախոս, պլանշետ եւ այլն) միջոցով, որն ունի առանձին ինտերնետ հասանելիություն, բարի կամ վարսավիրանոցի տարածքում մուտք է գործում վիճակախաղի կազմակերպման որեւէ կայք եւ խաղում կամ տոտալիզատորի միջոցով խաղադրույք է կատարում: Հարց է առաջանում. արդյոք հանրային նշանակության օբյեկտ շահագործողը տուգանվելո՞ւ է այդ դեպքում (քանի որ նա պարտավոր էր իրօբյեկտի տարածքում արգելափակել համապատասխան կայքերին հասանելիությունը)»։

Վարչությունը նկատում է, որ եթե կայքերի հասանելիությունն արգելափակելը տեխնիկապես հնարավոր է դառնում, ապա հանրային նշանակության օբյեկտ շահագործողը ստիպված պետք է լինի հատուկ մասնագետներ վարձել, որոնք շարունակական մոնիտորինգ պետք է իրականացնեն նշված կայքերի եւ դրանց անվանումների, հասցեների եւ մյուս բաղադրիչների նկատմամբ, որոնք կարող են հաճախակի փոխվել եւ դուրս մնալ արգելափակման շրջանակներից: Ընդ որում, միայն այս գործառույթների իրականացումը հանրային նշանակության օբյեկտ շահագործողի համար կարող է ավելի ծախսատար լինել։

Բացի այդ, վարչությունը նկատել է, որ օրենքում նշված է, որ պետք է արգելափակվի ՀՀ տարածքում վիճակախաղի կազմակերպման միայն լիցենզիա ստացած անձանց պաշտոնական կայքերի՝ համապատասխան սարքավորումներով հասանելիությունը, իսկ լիցենզիա չստացած եւ անօրինական գործունեություն ծավալողների կայքերին (այդ թվում` նաեւ ոչ պաշտոնական) հասանելիության արգելափակման մասին խոսք չի գնում, ինչն էլ կարող է տնտեսավարողներին մղել ստվերային գործունեության դաշտ: Եվ այս կապակցությամբ նրանք առաջարկում են տվյալ լրացման «ՀՀ տարածքում վիճակախաղի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց պաշտոնական կայքերի» բառերը փոխարինել «վիճակախաղի կազմակերպման գործունեություն ծավալող ինտերնետային կայքերի» բառերով:

Նշենք, որ մարտի 5-ին եւ մարտի 7-ին այս նախագծի մշակմանը միացել են նաեւ պատգամավորներ Սիփան Փաշինյանն ու Նաիրա Զոհրաբյանը, սակայն նախաձեռնության հիմնական հեղինակը հենց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է։ Իր հերթին էլ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նախաձեռնել է փոփոխություններ կատարել արդեն «Գովազդի մասին» ՀՀ օրենքում, որով ցանկանում է սահմանափակել շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, վիճակախաղերի կազմակերպիչների գովազդը։

Ամեն դեպքում, Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված նախագիծը պատճառ է դառնալու աշխատատեղերի կրճատման։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այդ նախագծի ռիսկերի շուրջ զրուցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ, սակայն նա համառորեն չպատասխանեց մեր հեռախոսազանգերին ու նամակներին։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս