Փետրվարի 26-ին Բաքվում կայացել էր երթ` նվիրված 1988թ. Խոջալուի դեպքերին: Այդ երթին մասնակցել էր նաեւ ՌԴ Դաշնային Ժողովրդի պատգամավորներից հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Իրինա Ռոդնինան, որը նույնիսկ հակահայկական արտահայտություններ էր արել` հայ ժողովրդին մեղադրելով ցեղասպանություն իրագործելու համար:
Այս ամենից հետո Հայաստանում ակտիվ քննարկումներ են սկսվել Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի անվանումը փոխելու վերաբերյալ: Նման հարց են բարձրացրել Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները:
Այս հարցի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է դեռեւս Իրինա Ռոդնինայի անունը կրող գեղասահքի դպրոցի տնօրեն Մելինե Ավագյանի հետ: Տնօրենը խոստովանեց, որ շատ զարմացած է Ռոդնինայի հայտարարություններից, սակայն կողմ չէ անվանափոխությանը: Նրա խոսքերով` այդ փաստը կարող է փչացնել հայ-ռուսական հարաբերությունները եւ պատճառ դառնալ սպորտաձեւի հետընթացի: Տիկին Աավագյանը նաեւ նշեց, որ չի զրուցել Ռոդնինայի հետ. «Ռոդնինայի հետ չեմ զրուցել եւ չեմ էլ պատրաստվում, որորվհետեւ դա իմ կողմից ճիշտ քայլ չեմ համարում»:
Ըստ Ավագյանի` դպրոցի բոլոր անդամները զարմացած են Ռոդնինայի խոսքերից, սակայն ժողովի ժամանակ նրանք էլ են հայտնել, որ դեմ են անվանափոխությանը. «Ժողովի ժամանակ քննարկել ենք եւ դեմ ենք անվանափոխմանը, սակայն ուղղակի անհասկանալի էր այն ամենը, ինչ ասել է Ռոդնինան, որովհետեւ նա միշտ դրական է արտահայտվել հայերի մասին: Ամեն դեպքում, կարծում եմ` պետք չէ մոռանալ, որ դպրոցը նրա շնորհիվ է կառուցվել: Մնացածը մեր որոշելունը չէ, սպասում ենք ավագանու արձագանքին»:
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ անվանափոխության նախագիծը մշակման փուլում է, եւ կա տարբերակ նաեւ, որ դպրոցը ընդամենը կրի Երեւանի գեղասահքի դպրոց անվանումը:
Վարդանյանի խոսքերով` հնարավոր է անվանափոխություն չլինի, բայց դա կապված է հենց Իրինա Ռոդնինայի հետագա պահվածքի հետ: «Ռոդնինայի հայտարարությունը մենք համարում ենք դեմ հայ ժողովրդին եւ այդ պատճառով արդեն մշակում ենք անվանափոխության նախագիծը: Պատրաստվում ենք նաեւ հանդիպել տնօրենի եւ դպրոցի անձնակազմի հետ, լսել նրանց կարծիքները, առաջարկները եւ ապա կայացնել ճիշտ որոշում: Մեզ այս գործից փոքր-ինչ հետ գցեց սրճարանների ապամոնտաժման գործընթացը, եւ մենք շուտով կրկին կկենտրոնանանք գեղասահքի դպրոցի անվանափոխության վրա»,- ասաց Թեհմինա Վարդանյանը:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ