ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի կարիերան սկսվել է դեռեւս Հրանտ Բագրատյանի վարչապետության օրոք՝ 1995-ին. որպես առաջատար մասնագետ` նա աշխատանքի է անցել Էկոնոմիկայի նախարարությունում եւ այս բազմաչարչար գերատեսչությունում տարբեր պաշտոններ զբաղեցրել ՀՀ նախկին գրեթե բոլոր կառավարությունների օրոք: Ինչպես կատակում են ֆիննախում, Խաչատրյանի ու հեղափոխական կառավարության մեկ այլ անդամի՝ ֆինանսների նախարար Ջանջուղազյանի, նաեւ նախկին նախարար Կարայանի «պորտը» հենց այս հիմնարկում են կտրել: Մասնավորապես 2001-2006 թթ. Խաչատրյանը եղել է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ: Իսկ, ահա, 2006-2016 թթ.՝ շուրջ 10 տարի, Խաչատրյանը սոլիդ պաշտոն էր զբաղեցնում հանրությանը քաջ հայտնի «Վալլեքս»-ում. նա հիշյալ ընկերությունների խմբի ֆինանսական տնօրենն էր: Այս բիզնես կայսրության տիրակալը, հիշեցնենք, Սերժ Սարգսյանի երբեմնի հովանավորյալ Վալերի Մեջլումյանն է: Հենց «Վալլեքս»-ը տարիներ առաջ ստանձնեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը, որը, սակայն, դադարեցվել է անցյալ տարվա փետրվարից:
Պետական սեփականություն հանդիսացող այս հանքն անցել է ՎՏԲ բանկին, քանի որ խումբը չի կարողացել կատարել բանկի նկատմամբ վարկային պարտավորությունները /շուրջ 308 մլն դոլար/: Այս ամենի հետեւանքով հազարավոր քաղաքացիներ դարձել են գործազուրկ, Լոռու մարզում էլ առաջացել է առողջապահական, սոցիալական եւ տնտեսական ճգնաժամային իրավիճակ: Հիշյալ հանքավայրը վերագործարկելու հարցը, նկատենք, կառավարության օրակարգում է, վարվում են բանակցություններ, եւ այս գործընթացի օգտին լոբբինգ անողների հեղինակներից մեկն էլ, ըստ մեզ հասած տեղեկությունների, նաեւ մեր շարքի հերոսն է: Ուշագրավ է, որ ՏԶՆ նախարարի կարգավիճակում «Վալլեքսի» նախկին երկարամյա ֆինանսական տնօրենը մեկնաբանել էր Թեղուտի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ հանքավայրը բանկին անցնելը համարել էր շուկայական ռիսկերը ոչ ճիշտ հաշվարկելու հետեւանք, այսինքն՝ ընկերությունը մետաղների գների ավելի բարձր սպասումներ է ունեցել, քան արձանագրվել է: «2 տարի շարունակ գները ցածր են եղել, իրենք ավելի քան 150 միլիոն դոլար չեն ստացել այս պատճառով»,-ասել էր նախարարը:
Խաչատրյանն, ի դեպ, «Վալլեքսի» կողմից արժանացել է կորպորատիվ պարգեւների՝ 2010-ին` արծաթե խաչի, 2015-ին՝ մեծ փիրուզե խաչի: Ինքը՝ Մեջլումյանն էլ իր հեթին ավելի բարձր ատյանից էր պարգեւատրում ստացել՝ Սերժ Սրագսյանի կողմից՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար: Ծառայություններից մեկն էլ, փաստորեն, Խաչատրյանի խոսքով՝ «ոչ ճիշտ հաշվարկված ռիսկերի» հետեւանքով պետական սեփականությունը մասնավոր բանկի բաժին դարձնելն էր:
Տիգրան Խաչատրյանի գործունեությունը, դատելով նրա կենսագրականից, «Վալլեքսին» զուգահեռ ընթացել է նաեւ մեկ այլ ուղղությամբ. նա 2008-2014 թթ. եղել է «Զարգացման հայկական գործակալության» խորհրդի անդամ, /գործակալությունը լուծարվել է 2014-ին/, իսկ 2016-ին Խաչատրյանը եղել է Համահայկական բանկի խորհրդի անդամ: Այս բանկն էլ, որը մոտ երկու տարի առաջ տրանսֆորմացվել է ներդրումային ֆոնդի, ստեղծվել էր Սերժ Սարգսյանի նախագահության օրոք՝ 2011թ.-ին իբրեւ թե Հայաստանում հավելյալ տնտեսական աճին նպաստելու եւ ապրանքների ու ծառայությունների արտահանումը խթանելու նպատակով: Հընթացս նշենք, որ այս բանկի գործադիր տնօրեն Վահրամ Ներսիսյանցը այդ պաշտոնը ստացավ Սերժ Սարգսյանի խորհրդականի պաշտոնից ազատվելուն պես: Նա ստանում էր Հայաստանի չափանիշներով ահռելի աշխատավարձ. ըստ որոշ տեղեկությունների՝ ամսական մոտ 20 հազար դոլար:
Այս բանկի գոյությունը որոշ մասնագետներ «չստացված պրոյեկտ» էին համարում մինչեւ հեղափոխությունը, քանի որ ակնկալվող ներդրումները Սփյուռքից չկատարվեցին, բանկն էլ չկարողացավ իրականացնել իր նպատակները: Ի սկզբանե որոշվել էր, որ բանկը պետք է ունենա առնվազն 100 միլիոն դոլարի կապիտալ՝ ունեցածից 5 անգամ ավելին: Թե ինչպես կդասավորվեն այս կառույցի գործերը հետագայում, եւ ինչ ներդրում կունենա այդ հարցում բանկի խորհրդի անդամի նախարարական կարգավիճակը, ցույց կտա ժամանակը: Նշենք, որ Տիգրան Խաչատրյանը «Բիզնես Արմենիա»-ի` վերաբրենդավորված Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Այս կառույցի գործադիր տնօրենն էլ Կարեն Կարապետյանի խորհրդական Արմեն Ավակ Ավակյանն էր, որը պաշտոնից հրաժարական տվեց անցած աշնանը:
Մաս 1-ը՝ այստեղ
Հեղինե Մանուկյան