Օպերային հարող տարածքում սրճարանների ապամոնտաժումը երեկ շարունակվել է, բայց այս անգամ այն անցել է առանց միջադեպերի, առանց լուրջ դիմադրության:
Հիշեցնենք` մի քանի օր օպերային հարակից սրճարանների աշխատակիցները բողոքի ցույց էին իրականացնում` փակելով Մաշտոցի պողոտան:
Արդեն երեկ ակցիաները դադարեցին, եւ քաղաքապետարանը, ըստ էության, խաղից հաղթող դուրս եկավ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ իրենց ձեռքի տակ եղած փաստաթղթերը` սրճարանների տարածքների վարձակալության հետ կապված, լրիվ օրինական են, այսինքն` օրենքով են կնքված:
«Երբ ասում ենք, որ այնտեղ տարակուսելի պահեր կան, մենք դա համադրում ենք ներկայումս Երեւան քաղաքում, հատկապես` կենտոն տարածքում, հողի վարձակալության շուկայական գները եւ այն փաստացի գները, որոնցով վարձակալվել են այս տարածքները»,-ասաց Հակոբ Կարապետյանը: Նա նաեւ նշեց, որ քաղաքապետարանը իրավական հանձնառություն չունի այդ մարդկանց տարածքներ եւ աշխատատեղեր առաջարկելու:
«Քաղաքապետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում հնարավորինս խթանել, աջակցել մարդկանց, այդ թվում` այն տնտեսվարողներին, որոնք նախկինում վարձակալում էին այդ տարածքները, եւ նրանք կարող են ցանկացած հատվածում, որտեղ պատշաճ է սրճարանային բիզնես ծավալելը, վերաստեղծել դա: Քաղաքապետարանը որեւէ խոչընդոտ չի ստեղծի: Հայկ Մարությանը ասել է, որ մնացած տարածքներն էլ, որոնք նախկինում զբոսայգիներ են եղել, զավթվել են, վերադարձվելու են հանրությանը, եւ դա շարունակական գործընթաց է»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Հարցրինք` արդյոք քաղաքապետարանը սկսել է կենտրոնից, հետո էլ անցնելու է այլ վարչական շրջանների: Կարապետյանն ասաց, որ չէր ասի, թե կենտրոնից են սկսել, որովհետեւ այլ վարչական շրջաններում, օրինակ` Զեյթունում, Արաբկիրում եւս նման աշխատանքներ իրականացվում են, սակայն նման արձագանք չեն ստացել հասկանալի պատճառներով:
Հիշեցնենք, որ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, հաջորդիվ ապամոնտաժվելու են Օղակաձեւ զբոսայգու տարածքին հարակից սրճարանները:
Լուսինե Մինասյան