Նոր փոփոխություններ. տեխզննումը կխստացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն առաջարկում է տեխզննման կտրոնի տրամադրման պահանջը հանել: Իսկ վերահսկողությունը իրականացնել էլեկտրոնային շտեմարանի եւ արատորոշման քարտի միջոցով:

Նշենք, որ եւ վարորդները եւ քաղաքացիները մշտապես դժգոհել են` տեխզննման կտրոնների տրամադրումը ձեւական է եւ դրանք ունենում են նաեւ անսարքություն ունեցող մեքենաները: «Ժողովուրդ» օրաթերթը առաջին անգամ չէ, որ անդրադարձել է տեխզննման կտրոնների տրամադրման բարձիթողի վիճակին:

Ի դեպ, տեխզննման կտրոնները նախկինում տրամադրվում էր տեխզննման կայանների կողմից. մեքենան զննում էր անցնում, հետո միայն սարքին լինելու դեպքում վարորդին տրամադրվում էր համապատասխան կտրոնը։ Բայց Տիգրան Սարգսյանի կառավարությունը դեռեւս 2011 թվականին ոլորտում կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով տեխզննման կտրոնների ստացման կարգը փոխեց, եւ դրանց տրամադրումը իրականացվեց բանկերի կողմից:

Հասկանալի է՝ Տ.Սարգսյանը, որ ԿԲ նախագահ էր, հետո դարձավ ՀՀ վարչապետ, ամեն ինչ անում էր բանկիրի տրամաբանությամբ՝ օգուտ տալով այդ ոլորտին: Ու արդյունքում կոռուպցիոն ռիսկերն այսպես չնվազեցին՝ ապացույցը այդ ոլորտում մի քանի կոռուպցիոն պատմությունների բացահայտումն էր:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում գործում է լիզենզավորված 35 տեխնիկական զննության կայան` 41 հոսքագծերով: Բացի այս, ինչպես հայտնի է` ստեղծված կա միասնական էլեկտրոնային շտեմարան, որը հնարավորություն է տալիս վարելու տեխնիկական զննություն անցած եւ սարքին ճանաչված ավտոմեքենաների ռեգիստր` պարունակելով տվյալներ տեխնիկական զննության անցկացման ժամի, հայտնաբերված թերությունների վերաբերյալ: Այս շտեմարանի տվյալները, բնականաբար հասանելի են նաեւ ՀՀ ճանապարհային ոստիկանությանը:

Տեղեկացնենք, որ մեքենայի համար զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրամադրում է սահմանած նմուշի կտրոն: Այն, սովորաբար փակցվում է մեքենայի առջեւի հողմապակու ներքեւի աջ անկյունում: Բայց այլեւս գաղտնիք չէ, որ ավտոմեքենայի պարտադիր տեխզննումը անցկացումը կրում է ձեւական բնույթ: Չէ որ հայտնի փաստ է` տեխզննման կտրոնը բանկերից ձեռք բերելուց հետո վարորդը իր մեքենան չի ներկայացնում տեխնիկական զննության:

Իսկ ճանապարհային ոստիկանությունը վերահսկողությունը իրականացնում է ուժի մեջ գտնվող տեխզննման կտրոնը մեքենայի` օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով տրանսպորտային միջոց վարելու մասով միայն: Այլ վերահսկողական մեխանիզմներ թե վարորդների թե կայանների նկատմամբ չկան:

Այս խնդիրները կարգավորելու եւ տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը օրենքի նախագիծ է մշակել եւ այն քննարկման դրել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունն առաջարկում է տեխզննման կտրոնի տրամադրման պահանջը հանել: Իսկ վերահսկոսությունը իրականացնել էլեկտրոնային շտեմարանի եւ արատորոշման քարտի միջոցով:

Ըստ նախարարության`տեխզննման կտրոնի արատորոշման քարտը ներառում է անհրաժեշտ ինֆորմացիան մեքենայի, տեխնիկական զննության, ինչպես նաեւ կրկնակի տեխնիկական զննության անցնելու վայրի, օրվա, ժամի, տեխնիկապես սարքին ճանաչվելու կամ հայտանաբերված թերությունների վերաբերյալ: Այս գերատեսչությունը վստտահ է, որ այս տեղեկությունները բավարար են տեխնիկական զննություն անցնելու կամ չանցնելու վերաբերյալ վերահսկողություն իրականացնելու համար:

Արատորոշման քարտը լրացվում է էլեկտրոնակին եղանակով եւ պահպանվում էլեկտրոնային շտեմարանում: Այսինքն հնարավոր կլինի վերահսկել`առանց մեքենան կանգնեցնելու:

Տեխնիկական զննության պահանջների որոշ մասը պարտադիր կլինեն ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների եւ մինչեւ 3500 կգ առավելագույն ընդհանուր զանգված ունեցող բեռնատար մեքենաների համար: Իսկ նոր թողարկվածների դեպքում առաջին զննությունը երեք տարի, երկրորդը` 2 տարի հետո, ապա`տարին մեկ պարբերությամբ: Ամբողջ ծավալով կստուգվեն միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցները (մոտ 12000 միավոր) եւ 3500 կգ-ից ավել ընդհանուր զանգված ունեցող բեռնատար, հատուկ եւ մասնագիտացված մեքենաները տարվա մեջ մեկ անգամ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արգելակային համակարգի եւ ղեկայանի կառավարման հետ կապված հայտնաբերված թերությունները կամ անսարքությունները վերացնելուց հետո պարտադիր պետք է կրկնակի տեխզննում անցնի մեքենան: Իսկ մյուս դեպքերում արատորոշման քարտում եւ էլեկտրոնային շտեմարանում կլրացվեն անսարքությունները:

ՏԿՏՏՆ-ն վստահ է, որ այս ամենի արդյունքում կբացառվի վարորդների կողմից տեխնիկական զննության կտրոն ձեռք բերելու եւ առանց տեխզննման կայան ներկայանալու հողմապակուն փակցնելովմեքենաների շահագործումը:

Ավելին վերահսկողություն կիրականացվի ոչ թե կտրոնի առկայության կամ բացակայության, այլ` մեքենայի փաստացի տեխզննում անցնելու կամ չանցնելու նկատմամբ: Բացի վարորդներին վարչական պատասխանատվության ենթարկելուց, կտուգանվեն նաեւ կայանները`տեխնիկական զննության գործընթացը սահմանված կարգով չիրականացնելու համար:

Նշենք, որ տեխնիկական զննություն չանցած կամ տեխզննման արդյունքում անսարք ճանաչված մեքենան վարելը առաջացնում են տուգանքի նշանակում` 20 հազար դրամի չափով: Իսկ առանց տեխզննում անցկացնելու կամ տեխնիկական անսարքություն ունեցող մեքենան տեխնիկապես սարքին ճանաչելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում տեխնիկական զննության կայանի ղեկավարի նկատմամբ, ընդհուպ մինչեւ լիցենզիայի գործունեության դադարեցում;

Սյունէ Համբարձումյան




Լրահոս