«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը եղել է Ազգային Ժողովում։ Ըստ մեր հավաստի աղբյուրների` վերջինս գործադիրում պաշտոն է ստանալու։ Նշենք, որ Միրիջանյանը մասնագիտությամբ բժիշկ է, եղել է Հերացու անվան բժշկական համալսարանի դասախոս, ամբիոնի վարիչ, աշխատակազմի ղեկավար: 2015թ. նա նշանակվել էր առողջապահության փոխնախարար, մեկ տարի անց հեռացել: Թավշյա հեղափոխությունից հետո ԲՀԿ քվոտայով Միրիջանյանը նշանակվել էր մարզպետ, սակայն հոկտեմբերի 2-ին` ԱԺ կանոնակարգ օրենքի աղմկահարույց փոփոխություններից հետո, երբ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կողմ քվեարկեցին ՀՀԿ նախաձեռնությանը, Փաշինյանը հայտարարեց կառավարությունից ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին հեռացնելու մասին, Միրիջանյանը եւս հրաժարական տվեց մարզպետի պաշտոնից:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Միրիջանյանին, որը մեզ հետ զրույցում ասաց, որ եղել է Ազգային ժողովում իր պատգամավոր ընկերներին տեսնելու համար, իսկ պաշտոն ստանալու մասով ասաց, որ նման առաջարկ դեռ չունի։ Հետաքրքրվեցինք` սպասում է արդյոք առաջարկի։
«Ցանկացած մարդ ցանկացած պահի ցանկացած բան կարող է սպասել, չէ՞։ Ճիշտն ասած` նման բան չեմ լսել։ Իմ անձի շուրջ շատ ասեկոսեներ կան, բայց պաշտոնի մասով հերքում եմ»,-ասաց նա։
Հետաքրքրվեցինք` պաշտոն ստանալու մասով հետաքրքրություններ ունի արդյոք։
«Ինձ համար պաշտոնը միշտ եղել է ոչ թե հետաքրքրություն, այլ պատասխանատվություն։ Պաշտոնը սեփականություն չէ։ Ես էլ միշտ ինչ պաշտոն զբաղեցրել եմ, ի շահ հանրության եմ ծառայել. կարծում եմ` անցած ուղին դա փաստում է»,-մեզ հետ զրույցում ասաց Միրիջանյանը: