ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը խիստ նկատողություն է հայտարարել ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանին՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:
Հրամանի համար հիմք են դարձել կենտրոնում ՄԻՊ գրասենյակի իրականացված մշտադիտարկման այցի արդյունքներով արձանագրված թերություններն ու խախտումները, ինչպես նաև՝ նախարարի հրամանով ձևավորված աշխատանքային խմբի եզրակացությունը:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մշտադիտարկում էր իրականացրել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում, որի արդյունքում վերհանված թերությունների և խախտումների մասին ամփոփ վերլուծությունը հրապարակվել է զանգվածային լրատվամիջոցներում և ներկայացվել նախարարություն:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին