Այսօր Երջանկության միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012թ. ՄԱԿ-ը մարտի 20-ը հռչակել է Երջանկության միջազգային օր, որի նպատակն է ամրապնդել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը համամարդկային է:

Նման օր հիմնելու գաղափարի հեղինակների կարծիքով՝ այս տոնը կոչված է ցույց տալ, որ երջանկությունը մարդկության հիմնական նպատակներից է, ինչի առթիվ բոլոր երկրներին կոչ է արվում իրենց ջանքերն ուղղել յուրաքանչյուր մարդու բարեկեցության ապահովմանը:

Երջանկության միջազգային օր հիմնելով՝ ՄԱԿ-ը ձգտում է նաև համաշխարհային հանրության ուշադրությունը գրավել այն հարցի վրա, որ տնտեսական զարգացումը պետք է լինի հավասարակշռված, իրավահավասար և համապարփակ: Նման մոդելի իրականացման արդյունքը կլինի տնտեսական կայուն աճն ու աղքատության կրճատումը:

Ուշագրավ է, որ նման օր սահմանելու նախաձեռնությունը եկել է ոչ մեծ լեռնային երկրից՝ Բութանից: Ըստ շրջանառվող կարծիքի՝ այս երկրի բնակիչներն աշխարհի ամենաերջանիկ մարդիկ են և առաջատարը՝ ըստ Համախառն ազգային երջանկության գործակցի (Gross National Happiness Index): Ի դեպ՝ այս գործակցի բուն գաղափարը ներմուծել է Բութանի չորրորդ թագավորը: Այն դարձել է երկրի ոչ պաշտոնական պետական փիլիսոփայության հիմնաքարերից մեկը:

Տարբեր երկրներում մարդկանց բարեկեցության ու շրջակա միջավայրի վիճակի արտացոլման համար 2006թ. ներմուծվել է նաև Երջանկության միջազգային համաթիվը:

Երջանկություն երևույթը ուսումնասիրում են այնպիսի գիտություններ, ինչպիսիք են փիլիսոփայությունը, հոգեբանությունը, աստվածաբանությունը և այլն: Հազարամյակներ շարունակ երջանկության գաղափարը ստեղծագործելու մեծ հնարավորություններ է տվել բանաստեղծներին, նկարիչներին, երաժիշտներին, դերասաններին: Եվ, իհարկե, յուրաքանչյուր ոք, ով ապրում է իր կյանքը՝ լի ուրախություններով ու հոգսերով, անպայման հասնում է իր անկրկնելի փոքր Մեծ Երջանկության:




Լրահոս