Նախորդ գումարման խորհրդարանը 2018 թվականի փետրվարի 9-ին 59 կողմ, 25 դեմ, 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է փաստաբանների նկատմամբ դատական տուգանք սահմանող նորմեր պարունակող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը եւ հարակից ներկայացված այլ նախագծեր: Ըստ փոփոխության՝ փաստաբանները, դատախազները, քննիչները, դատավարության մասնակիցները եթե վիրավորեն դատարանին, ապա դատարանն իրավունք ունի կիրառել պատիժ՝ մինչեւ 100 հազար դրամի չափով տուգանք:
Օրենսդրական փաթեթը` փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու վերաբերյալ, ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, անդրադառնալով այս փաստին, հայտնեց. «Փաստաբանների պալատը դեռեւս 2018թ. մայիսի 23-ին պաշտոնապես դիմել էր ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին` խնդրելով օժանդակել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում եւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու հնարավորություն նախատեսող նորմերը փոփոխելու հարցում: 2019թ. փետրվարի 12-ին Փաստաբանների պալատը դիմել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահին, ինչպես նաեւ պատգամավորներին, այդ թվում՝ պատգամավոր Արթուր Դավթյանին:
Պատգամավոր Արթուր Դավթյանը հանդես է եկել փաստաբանների նկատմամբ դատական տուգանքները վերացնելու օրենսդրական նախաձեռնությամբ: Այդ նախաձեռնության վերաբերյալ ներկայացրել է դրական եզրակացություն: Հուսով ենք, որ ՀՀ Ազգային ժողովը կվերացնի փաստաբանների նկատմամբ դատական տուգանքներ սահմանող նորմերը»:
Իսկ, ահա, փաստաբան Տիգրան Աթանեսյանը, անդրադառնալով գործընթացին, ասաց․«Առաջին հայացքից լավ է, բայց իրականում դա փաստաբանների նկատմամբ պալատի ճնշման լծակների պահպանումն է, քանի որ փաստաբանին կարող է տուգանել նաեւ պալատը, ես, ամեն դեպքում, կողմ եմ, որ դատական տուգանքը վերանա»։