Ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, Գանձաքար գյուղի 37-ամյա բնակիչ Գերասիմ Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում խոշտանգել է Ժորա Սիմոնյանին: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով («Խոշտանգումը»): Գ. Մարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
2019թ. հունվարի 17-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացած դատական նիստում քրեական գործով մեղադրողը` ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության դատախազ Վարդգես Սարգսյանը, մեղադրական ճառի ավարտին դատարանին միջնորդեց Գ. Մարդանյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածում եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման, 3 տարի ժամկետով նրան զրկել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
Փետրվարի 6-ի նիստում իր հնչեցրած 50 էջանոց պաշտպանական ճառի ավարտին Գ. Մարդանյանի պաշտպան, փաստաբան Ռոբերտ Ալիխանյանը դատարանին խնդրեց ճանաչել եւ հռչակել Գ. Մարդանյանի անմեղությունը նրան առաջադրված հոդվածում: Դատավոր Զոյա Զաքինյանը վճռեց Գ. Մարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով արդարացնել եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, Գ. Մարդանյանի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը վերացնել:
Ըստ դատական տեղեկատվական «Դատալեքս» համակարգի` սույն դատավճռի կատարման ժամկետը մարտի 11-ն է:
Դրանից մեկ օր անց` մարտի 12-ին, Ժորա Սիմոնյանի ներկայացուցիչ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը քրեական գործերով Վերաքննիչ դատարան առձեռն հանձնել է վերաքննիչ բողոք, որով դատարանից խնդրել է վերաքննիչ բողոքն ընդունել դատարանի վարույթ, վերաքննիչ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետը համարել հարգելի, բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2019թ. փետրվարի 6-ին կայացրած արդարացման դատավճիռը, Գ. Մարդանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով եւ նրա նկատմամբ կայացնել մեղադրական դատավճիռ` ազատազրկման ձեւով: Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախատեսված մեկամսյա ժամկետի խախտումով վերաքննիչ բողոքը վարույթ կընդունի, թե ոչ, կպարզվի առաջիկայում:
Ոսկան Սարգսյան
Տավուշ