Մեր երկրում շատ ավելին է արվում, քան թվում է. Էրիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգիչ Էրիկը: Նա խոսել է իր նախասիրությունների, սովորությունների, բնավորության գծերի մասին: Երգիչը նշել է, թե ինչպիսին է իրեն պատկերացնում 20 տարի անց, ինչն է իրեն ոգեշնչում եւ ինչից է վախենում:

-Էրի՛կ, կա՞ մի վայր, ուր գոնե ամիսը մեկ անգամ այցելում եք:

-Այո, անգամ շաբաթը մեկ անգամ այցելում եմ եկեղեցի:

-Նախընտրում եք, որ Ձեր տուն գան անակնկալ կերպո՞վ, թե՞ զգուշացնելուց հետո:

-Իմ տուն գալիս են միայն հարազատ մարդիկ, իսկ նրանց համար իմ դուռը միշտ բաց է:

-Ի՞նչը կարող է ոգեշնչել Ձեզ:

-Ցանկացած լավ բան, անգամ՝ մանրուք թվացող:

-Կենցաղում ինչպիսի՞ն եք:

-Ինչպես ցանկացած մարդ, տարբեր: Դա կախված է այդ օրվա իմ շփումներից, տրամադրությունից: Ամեն դեպքում, փորձում եմ կողքիններիս միայն լավ տրամադրություն փոխանցել:

-Ինչպիսի՞ն եք պատկերացնում Ձեզ 20 տարի անց:

-Ընտանիքիս, երեխաներիս հետ, էլի երգելիս: Բայց նախընտրում եմ առաջ չընկնել, ամեն բան՝ Աստծո կամքով:

-Երկիր, որ միշտ գրավել է Ձեզ:

-Շատ երկրներ կան, որտեղ չեմ եղել, բայց շատ կցանկանայի, օրինակ՝ Չինաստան, Ճապոնիա, Հնդկաստան: Դրանք հին ու մարդկությանը շատ բան թողած երկրներ են:

-Ստեղծագործող մարդուն առաջինը հարկավոր է…

-Հանգստություն, չնայած երբեմն վայրիվերումներն են ոգեշնչող, բայց ես նախընտրում եմ խաղաղ պայմաններ:

-Ինչպե՞ս եք պատկերացնում աշխարհի վերջը:

-Ոչ միայն պատկերացնում եմ, այլեւ հաճախ տեսնում եմ աշխարհի վերջը (ծիծաղում է): Աշխարհի վերջն այն է, երբ մարդիկ մոռանում են, թե ինչի համար են ստեղծվել, չարաշահում են իրենց լինելը:

-Հանուն սիրո ինչի՞ եք պատրաստ:

-Շատ բան եմ պատրաստ զոհաբերել հանուն սիրո: Կլինի՝ կտեսնեք (ծիծաղում է):

-Ինչպե՞ս կբնութագրեք հայաստանյան ներկայիս քաղաքական կյանքը:

-Աշխատում եմ քաղաքականությամբ չհետաքրքրվել, բայց չեմ էլ կարող անտեսել այն, ինչ կատարվում է: Ցանկացած բան, ինչ արվում է, ուզում եմ ժողովրդի օգտին լինի:

-Իրավիճակը հուսադրո՞ղ է:

-Կարծում եմ՝ ավելին է, քան հուսադրող… Մեր երկրում այս պահին շատ ավելին է արվում, քան թվում է: Համենայն դեպս, ամեն մարդ, եթե փոփոխություն է ուզում, պետք է ինքն իրենից սկսի:

-Այս երեքից ո՞րը Դուք չունեք՝ համբերությո՞ւն, համարձակությո՞ւն, թե՞ ինքնավստահություն:

-Համբերություն: Սովորաբար շտապում եմ. դա վատ է անդրադառնում ինձ վրա:

-Տղամարդու ամենագրավիչ հատկանիշը ո՞րն է:

-Տղամարդը պետք է տղամարդ լինի ցանկացած պարագայում: Դրանով ամեն ինչ ասված է:

-Կնոջն իսկապես այդքան դժվա՞ր է հասկանալ, որքան ներկայացվում է:

-Առհասարակ, մարդիկ տարբեր են: Ամեն մեկն իր աշխարհայացքն ունի: Երբ ընդունում ես մեկին այնպիսին, ինչպիսին կա, սկսում ես հասկանալ եւ ընկալել նրան: Կնոջն էլ, միանշանակ, կարելի է հասկանալ:

-Ինքներդ Ձեզ ոչ ստանդարտ մարդ համարո՞ւմ եք:

-Որոշ հարցերի դեպքում գուցե, ստանդարտ եմ մտածում, բայց հիմնականում երեւի, ելնելով գործիս բնույթից, ոչ այնքան:

-Ինչի՞ համար եք զղջում:

-Փորձում եմ չանել բաներ, որոնց համար պետք է ափսոսամ: Իհարկե, լինում են բաներ, որոնց համար տարիներ անց զղջում ես:

-Ինչի՞ց եք վախենում:

-Հարազատ մարդկանց, ընկերներին կորցնելուց:

-Ումի՞ց կարելի է անվերջ սովորել:

-Ամենալավ ուսուցիչը կյանքն է, ժամանակը, բայց որքան էլ սովորում ես, հասկանում ես, որ ոչ մի բան էլ չգիտես:

-Ե՞րբ կարելի է համարել, որ կյանքը ստացվել է, մարդը հաջողել է:

-Կյանքը շատ անկանխատեսելի է, եւ դժվար է միանշանակ նման դատողություններ անել: Ամենամեծ հաջողությունը, թերեւս, այն է, որ ընտանիքիդ անդամները ուրախ են եւ առողջ: Մնացածը ձեռքբերովի է, ցանկության դեպքում հնարավոր է ամեն ինչի հասնել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս