Չնայած նախկին իշխանությունները տարբեր առիթներով գուժում են միջազգային ասպարեզում Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումների մասին, սակայն օտարերկրյա պաշտոնյաների հետ ՀՀ վարչապետի հանդիպումները միանգամայն այլ բանի մասին են վկայում: Այդպես էր նախորդ տարվա դեկտեմբերին Փաշինյանի՝ Մոսկվա այցից առաջ, երբ խոսում էին հայ-ռուսական հարաբերություններում իբր խնդիրների մասին: Պուտինի հետ ջերմ հանդիպումը հակառակն ապացուցեց: Երեկ էլ ռուսական «Կոմերսանտ» պարբերականը գրել է, թե ՌԴ-ն ՀՀ-ին վաճառել է 4 հատ ՍՈՒ-30 կործանիչ` իրենց ներքին գներով: Ընդ որում, ըստ ռուսական պարբերականի` կործանիչները ձեռք բերելու մասին Հայաստանը ՌԴ-ի հետ պայմանավորվել է դեռեւս 2012 թվականին, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով գործարքը, որով Երեւանը ցանկանում էր ձեռք բերել 12 կործանիչ, չէր կայացել։ Ռուսական կործանիչներ ձեռք բերելու հարցին Երեւանն ու Մոսկվան վերադարձել են արդեն 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո:
Շատ հոռետեսական գնահատականներ էին հնչում նաեւ` ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետ կապված: Բայց այս շաբաթվա սկզբին Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի՝ Երեւան այցը, հետո նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիա հերքեց նաեւ այդ տեսակետները: Բեռլինում Փաշինյանը հայտարարել է, թե ակնկալում են առաջիկայում սկսել վիզաների ազատականացման ռեժմի հարցով բանակցություններ: Միաժամանակ, նա խոսել է ՀՀ-ին ԵՄ-ի կողմից ֆինանսական օժանդակության ապահովման մասին` շեշտելով, որ, անկախ ԵՄ աջակցությունից, իրենք հաստատակամ են բարեփոխումների հարցում: Այնպես որ, ԵՄ-ի հետ հարաբերություններից ակնկալվող արդյուքները թեեւ երկար ժամանակ են պահանջելու, բայց եւ բոլորն էլ սպասում են այդ արդյունքներին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր` 11:00-ին, կառավարության անդամները` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ազգային ժողովում հանդիպելու են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին: Հանդիպումը տեղի է ունենալու վարչապետի նախաձեռնությամբ, սակայն թե ինչ է քննարկվելու հանդիպման ժամանակ, պարզ չէ: Նշենք, որ պատգամավորները նույնպես տեղյակ չեն հանդիպման օրակարգից: Ենթադրվում է՝ հիմնականում խոսքը գնալու է կառավարության ծրագրի մասին, որն ԱԺ-ն կքննարկի փետրվարի 12-ին: «Իմ իմանալով` խմբակցության նիստ է լինելու: Որեւէ մեկս օրակարգից տեղյակ չենք: Կարծում եմ` խմբակցության ղեկավարն ու քարտուղարը նույնպես»,-մեզ հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը: Իսկ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու քարտուղար Հակոբ Սիմիդյանը համառորեն չէին պատասխանում մեր հեռախոսազանգերին:
Հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ է հայտնել, որ Հաշվեքննիչ պալատի մասին օրենքն իրենց մի շարք հարցերում անհարկի սահմանափակում է: «Նոր օրենքը սահմանափակում է մի շարք հաստատություններում հաշվեքննություն իրականացնելու հնարավորությունը (տվյալ դեպքում՝ Հայփոստում եւ բանկերում), ինչը թույլ կտար նույն այդ սոցիալական ոլորտի հաշվեքննության բացահայտումները հասցնել մինչեւ վերջ։ Այնինչ տարբեր գաղտնիքների եւ տվյալների պաշտպանության պատրվակով Հաշվեքննիչ պալատի առջեւ հաճախ փակվում է մուտքը տարբեր տեղեկատվության, ինչը միջազգային նորմերի խախտում է եւ պարարտ հող է ստեղծում չարաշահումները կոծկելու համար,- ասել է Նռանյանը` հավելելով,- պալատը` որպես պետական բյուջեի մասով բարձրագույն վերահսկողական մարմին, պետք է հասանելիություն ստանա տեղեկատվության ողջ պաշարին։ Այստեղ աբսուրդ իրավիճակ է ստեղծվում. մարմինը, որն ունի պետական գաղտնիքին ծանոթանալու իրավունք, չի կարող ստանալ, օրինակ, նպաստառուին կամ թոշակառուին վերաբերող տեղեկատվություն»։ Նա կարծում է, որ պալատի մասին օրենքը ենթակա է փոփոխության:
Մինչ Հայաստանի ու Չեխիայի իրավապահները համագործակցում են Սերժ Սարգսյանի՝ հետախուզման մեջ գտնվող եղբորորդուն՝ Պրահայում Ֆրանկլին Գոնսալես անվամբ հայտնաբերված Նարեկ Սարգսյանի արտահանձնման վերաբերյալ, «Ժողովուրդ» օրաթերթին հետաքրքիր տեղեկություններ են հայտնի դարձել: Մասնավորապես, Սարգսյանների ընտանիքն այս ընթացքում պարբերաբար գումարներ է ուղարկում Պրահայի քրեակատարողական հիմնարկի հաշվեհամարին, որպեսզի այս օրերին կալանքի տակ գտնվող Նարեկ Սարգսյանը կարողանա իր կարիքները հոգալ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս տեղեկությունները ճշտել, սակայն պարզեցինք, որ Նարեկ Սարգսյանը չունի պաշտպան, ուստի «Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է տեղեկության հետ կապված հրապարակել երկրորդ կողմի տեսակետը: Հիշեցնենք, որ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի զենք եւ թմրամիջոցներ պահելու համար:
ՀԱՄՈԶԻՉ ՉԷՐ
Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է Վերաքննիչ դատարանում իր խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստին, երկու ժամանոց ելույթ ունեցել: Արդեն լրագրողների հետ զրույցում նրա փաստաբանները որոշ մանրամասեր են փոխանցել: Ըստ այդմ, Քոչարյանը հայտարարել է, թե փետրվարի 23-ին` իր մոտ խորհրդակցությունից հետո է պաշտպանության նախարարն արձակել 0038 հույժ գաղտնի հրամանը, խորհրդակցության ժամանակ ինքն ընդամենը հրահանգել է բանակում պահպանել քաղաքական չեզոքությունը, 0038 հրամանի բովանդակությունից էլ տեղյակ չի եղել: Փաստաբաններից Ալումյանի փոխանցմամբ. «Պարոն Քոչարյանն իր ելույթում հստակ ասել է, որ 0038 հրամանին ծանոթանալուց հետո ինքը տեսնում է, որ դրանում որեւէ արտառոց բան չկա… Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ ինչպես պաշտպանության նախարարի ցանկացած հրաման, այնպես էլ 0038 հրամանը եւ նման մյուս հրամանները ո՛չ իր, ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին չեն ուղարկվել նախագահական, որպեսզի նախագահն այդ հրամանին ծանոթանա, կա՛մ իր հավանությունը տա, կա՛մ իր մոտ ունենա ու պահի»:
Բնական է, որ Ռոբերտ Քոչարյանը, այսօր լինելով մարտի 1-ի գործով մեղադրյալներից մեկը, ընդ որում՝ կալանքի տակ միակ պահվողը, պետք է ամեն կերպ արդարանա` բերելով տարբեր փաստարկներ: Միայն թե նրա փաստարկներն արժանահավատ չեն թվում: Եւ, ահա, թե ինչու. նախկին իշխանությունների կառավարման մեթոդների մասին քիչ թե շատ պատկերացում ունեցողները կփաստեն, որ հատկապես ներքաղաքական լարված օրերին բացառված էր, որ ՀՀ պաշտպանության նախարարը հրաման արձակեր առանց այն նախագահին ցույց տալու, առավել եւս, երբ նախագահը ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատարն է: Եւ հետո` նախաքննական մարմինը 0038 հրամանից որոշ մանրամասներ հրապարակել է, ըստ այդմ` փաստաթուղթը վերնագրված է եղել «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ», իսկ հրամանի նախաբանն ավելի շուտ քաղաքական վերլուծական տեքստ է հիշեցնում:
Բայց Քոչարյանի պաշտպանվելու մղումն էլ է հասկանալի. պաշտպանության նախկին նախարարը ՀՀ-ում չէ, հետախուզման մեջ է, հետեւաբար, կարելի է ամեն ինչ բարդել նրա վրա` համոզված լինելով, որ նա էլ կգերադասի լռել, թեեւ ժամանակին պաշտպանության նույն նախկին նախարարը փաստահավաք խմբում հարցաքննվելիս իրավական ակտերի օրինականությանը վերաբերող հարցերը խնդրել էր ուղղել ՀՀ նախագահին, նույնիսկ տարակուսել, թե ինչու են այդ հարցերն իրեն ուղղում: