ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆ. «ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ» ԱՊՐՈՂ ՉԻՆՈՎՆԻԿԸ-2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

(Սկիզբը նախորդ համարում)

ՊԵԿ-ի շուրջ աղմուկների ու սկանդալների պակաս չի զգացվում ե՛ւ նախկինում, ե՛ւ հիմա: Սոցցանցերում եւ մամուլում արդեն իսկ մեծ աղմուկ է բարձրացրել Ֆինանսների նախարարության կողմից մշակված օրենսդրական փաթեթը: Այս օրենսդրական փաթեթի հեղինակը թեեւ ՊԵԿ-ը չէ, սակայն քննադատության թիրախում հենց այս մարմինն է հայտնվել:

Փաթեթով մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ, ի թիվս մի շարք այլ ոլորտների, միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել նաեւ խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական ծառայություններ մատուցողները։ Նշված առաջարկները հաշվապահների, խորհրդատվական ու իրավաբանական ծառայություններ մատուցողների շրջանում բողոքի ալիք են բարձրացրել: Նրանց հիմնական փաստարկն այն է, որ շրջանառության հարկից դուրս գալով՝ այս սուբյեկտները մտնում են ընդհանուր հարկային դաշտ եւ վճարելու են ավելացված արժեքի հարկ ու շահութահարկ, ինչը նրանց համար հարկային բեռի զգալի ավելացում կբերի։ ՊԵԿ նախագահի Ֆեյսբուքյան էջում, ի դեպ, օգտատերերից մեկը իր բողոքն էր հայտնել, ինչին Անանյանն այսպես է արձագանքել՝ սլաքը ուղղելով դեպի իր նախկին աշխատավայր՝ Ֆիննախ. «Վերջապես պիտի գիտակցվի, որ հարկային քաղաքականության պատասխանատուն Ֆինանսների նախարարությունն է։ ՊԵԿ-ը կամ ՊԵԿ-ի նախագահը կարող են ունենալ տեսակետներ, որոնք ներկայացնում եմ տարբեր ֆորմատներով քննարկումների ընթացքում։ Եթե Ձեզ հետաքրքրում է իմ անձնական տեսակետը, կարող եմ ասել, որ պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցողները պիտի գտնվեն հարկման ընդհանուր դաշտում»։
Ինչպիսի՞ն է «Նոր Հայաստանի» ՊԵԿ նախագահը
Երեւանի Նոր Նորքի երկրորդ զանգվածում ծնված-մեծացած 48-ամյա ՊԵԿ նախագահը տնտեսագետ եւ մանկավարժ ծնողների զավակ է, երեք եղբայրերից կրտսերն ինքն է, ինքն էլ երեք երեխայի հայր է: Նա իր շրջապատում պարկեշտ, ինտելիգենտ, զգուշավոր, հաշվենկատ, «տրուդագոլիկ», հինգ մատի պես հարկային օրենսդրության ու վարչարարության նրբություններին տիրապետող պաշտոնյայի համբավ ունի: Նրա` Կարեն Կարապետյանի թիմին միանալու հրավերի հեղինակը նախկին Ֆիննախարար Վարդան Արամյանն էր: Նա մի առիթով արտահայտել է իր հիացական վերաբերմունքը Անանյանի մասին` նրան ներկայացնելով որպես «միսիոներ», որը թողնելով մի քանի անգամ ավելի բարձր աշխատավարձով պաշտոնը՝ համաձայնել է օգտագործել շանսն ու ծառայել պետությանն ու գաղափարին: Անանյանն, ի դեպ, պաշտոններ զբաղեցնելով թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների օրոք, երբեք չի հարել որեւէ քաղաքական ուժի եւ աշխատել է հեռու մնալ քաղաքականությունից։ Իսկ ինչպիսի՞ քաղաքականություն է վարում իր ղեկավարած կառույցում: Ըստ ներսի մարդկանց՝ որպես կառավարիչ, որի ուսերին դրված է այդ բավական բարդ ու բազմաշերտ կառույցն իր մարդկային ռեսուրսներով կառավարելու պատասխանատվությունը, Անանյանին դեռեւս չի հաջողվում նույնքան վիրտուոզ կերպով իրականացնել, ինչպես իր նախկինները. պատճառը, ըստ տարբեր գնահատականների, գուցե կառավարչական, անհատական որոշակի սպեցիֆիկ որակների բացակայությունն է։ «Չափից դուրս դեմոկրատ է, փափուկերես, ձեռքը սեղանին խփող ու դեսպոտ չինովնիկ չէ»,-ասաց ՊԵԿ մեր աղբյուրը՝ հույս հայտնելով, որ Անանյանը ժամանակի ընթացքում կգտնի ՊԵԿ-ը բռի մեջ հավաքելու ճիշտ «մոդելը»: ՊԵԿ-ը, ըստ ներսի մարդկանց, որտեղ դեռեւս կենսունակ է նախկին ղեկավարների օրոք ձեւավորված եւ մետաստազներ տված աշխատակարգը, դրանց ադապտացված «հին գայլերն» էլ սովորույթի ուժով շարժվում են հին իներցիայով, հենց այդպիսի որակներ ունեցող բիրտ կառավարչի կարիք ունի։ Մամուլը գրում է, սակայն, որ իրականում ՊԵԿ-ը կառավարում է համակարգի հնաբնակներից մեկը՝ Անանյանի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը: Վերջինս, ըստ մամուլի, համարվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի տեղապահը ՊԵԿ-ում եւ «մարմնավորում է կոռումպացված ՀՀԿ-ական ժամանակաշրջանը»: Մամուլում վերջին օրերին հաճախակիացել են ՊԵԿ-ի կադրային կրճատումների վերաբերյալ հրապարակումները. ըստ այդմ՝ ՊԵԿ-ում կամայականորեն են մոտենում կրճատումներին՝ ձերբազատվելով մասնավորապես հին, փորձառու աշխատակիցներից: Փոխարենը, ըստ մեզ հասած լուրերի, աշխատանքի են անցնում ՊԵԿ նախագահի եւ կառույցում «պռախոդ ունեցող» պաշտոնյաների ծանոթ-բարեկամները։ Այս մասին ահազանգում են ՊԵԿ նախկին աշխատակիցները՝ մամուլ տեղեկատվական արտահոսքեր կազմակերպելով: «Առաջիկայում ուշադիր եղեք, կտեսնեք, որ աշխատանքի ընդունվածները կա՛մ Անանյան են, կա՛մ էլ Ներսիսյան՝ իր տեղակալի՝ Շուշանիկ Ներսիսյանի (Նակոլկա Շուշո) ազգանունով»,-հուշում են ՊԵԿ ղեկավարությունից դժգոհ որոշ աշխատակիցներ:
Հարկ է նշել, որ ՊԵԿ նախագահն օրերս 2018թ. պետական բյուջեի հարկային եկամուտների կատարման հաշվետվությունը ներկայացնելիս հավաստիացրեց, որ յուրաքանչյուր կրճատված աշխատակցի վերաբերյալ կայացվել է առանձին, կոլեգիալ որոշում։ Ավելի քան երկու ամսվա ընթացքում գնահատվել են ՊԵԿ 580 աշխատակցի մասնագիտական կարողությունները եւ շատ դեպքերում ընտրությունը կատարել են լավի եւ լավագույնի միջեւ։ Նշենք, որ կրճատման հետեւանքով շուրջ 200 հոգի հրաժեշտ է տվել աշխատանքին, առաջիկայում, ըստ լուրերի, կրճատման գործընթացը շարունակվելու է: Հույս ունենք, որ պետական եկամուտների ապահովման «սիրտանոթային համակարգի» օպտիմալացմանը միտված այս եւ այլ «միջամտությունները» կլինեն համակարգի աշխատանքը է՛լ ավելի դիմանիկ, արդյունավետ դարձնելուն եւ երիցս նզովյալ կոռուպցիայի չեզոքացմանը: ՊԵԿ-ականների բարձր պարգեւավճարներն ու հավելավճարները պետք է որ նպաստեն այդ կարեւոր խնդրի իրականացմանը:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

Ի՞ՆՉ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԱՐԺԵ ԴԻՏԵԼ
Առջեւում շաբաթ եւ կիրակի է` հանգստյան օրեր, որոնք կարելի է անցկացնել` հեռուստացույցի առաջ ֆուտբոլ դիտելով: Ի՞նչ հանդիպումներ արժե դիտել այս հանգստյան օրերին:
Անգլիայի Պրեմիեր Լիգա
Պրեմիեր Լիգայի կենտրոնական հանդիպումը կիրակի կայանալիք «Մանչեստեր Սիթի»-«Արսենալ» հանդիպումն է: Երկու հզոր թիմերի պայքար, որտեղ երկուսի համար էլ միավորների կորուստը կարող է ճակատագրական դառնալ: Այս խաղին հնարավոր է` մասնակցի նաեւ մեր կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը նոր է ապաքինվել վնասվածքից:
Իտալիայի առաջնություն
Իտալիայի առաջնությունում կենտրոնական խաղը նույնպես կկայանա կիրակի: Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում ուժերը կչափեն տեղի «Ռոման» եւ վերելք ապրող «Միլանը»: «Ֆիորենտինայից» խայտառակ պարտություն կրելուց (1-7)հետո գայլերը ամեն ինչ անելու են սասանված հեղինակությունը վերադարձնելու համար, բայց միլանցիները ամենեւին էլ թույլ մրցակից չեն:
Իսպանիայի առաջնություն
Շաբաթ օրը կայանալիք «Բարսելոնա»-«Վալենսիա» խաղը միանշանակ տուրի կենտրոնական հանդիպումը կլիներ, եթե նույն օրը չկայանար բասկյան դերբին` «Ռեալ Սոսիեդադ»-«Ատլետիկ Բիլբաո»: Թեժ, համառ, կոպիտ. ահա այսպես կարելի է բնութագրել այս դերբին: Ճակատամարտի նմանվող խաղը Իսպանայի առաջնության 22-րդ տուրի կենտրոնական խաղն է:
Տուրի երկրորդ կարեւոր դիմակայությունը կկայանա «Կամպ Նոու» մարզադաշտում, որտեղ «Բարսան» կհյուրընկալի «Վալենսիային»: Կապտանռնագույնները վերջին 8 խաղերում միայն հաղթում են, իսկ չղջիկները այնքան էլ լավ մարզավիճակում չեն:
Գերմանիայի առաջնություն
«Բայեր Լեվերկուզեն»-«Բավարիա Մյունխեն». խաղ, որտեղ բավարիացիների միավորների կորուստի դեպքում Նիկո Կովաչի սաները տեսականորեն կարող են հրաժեշտ տալ չեմպիոնական մրցավազքին: «Բայերը» սեփական հարկի տակ միշտ էլ լավ է խաղում ու կարողանում է դիմադրել ուժեղ մրցակիցներին: Այս անգամ հերթը միգուցե մյունխենյան թիմինն է. «գերմանական մսաղացը» այս մրցաշրջանում դեռեւս չի կարողանում գտնել ինքն իրեն եւ առաջատար «Բորուսիայից» հետ է մնում 6 միավորով:
Իր հերթին ռուրյան ակումբը շաբաթ օրը կմրցի «Այնտրախտի» հետ: Ֆավորիտը դորտմունդցիներն են, բայց միշտ չէ, որ հաղթում են ֆավորիտները:
Այսպիսով, այս տուրից հետո չեմպիոնական պայքարը Գերմանիայում կարող է սրվել կամ լրիվ վերանալ:
Ֆրանսիայի առաջնություն
Կիրակի` ուղիղ կեսգիշերին, կկայանա ֆրանսիական ամենահզոր դիմակայություններից մեկը` «Օլիմպիկ Լիոն»-«ՊՍԺ»: Չնայած պարզ է, որ փարիզյան ակումբը չեմպիոն է հռչակվելու, միեւնույն է, այս խաղը նրանց համար հեշտ պայքարում անցնել ուղղակի չի կարող: «Լիոնը» շատ է սիրում տհաճ անակնկալներ հասցնել փարիզցիներին, եւ շատ հնարավոր է, որ «ՊՍԺ»-ն այս մրցաշրջանում Ֆրանսիայում կրի իր առաջին պարտությունը:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ԳՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կատարված գողությունները բացահայտվել են: Օրերս Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց եւ Բերքաբեր գյուղերում գողություններ են տեղի ունեցել: Բերքաբերում այս տարվա հունվարի 1-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, երբ տանտերը Բերքաբերում չի եղել, նրա տնից գողացել են ոսկյա զարդեր, 450 լիտր օղի, կենցաղային իրեր եւ 4500 ԱՄՆ դոլար: Այդ գողության մեջ կասկածվող 2 անձինք ձերբակալված են: Գողերից մեկը` Բերքաբերի, մյուսը նույն մարզի այլ գյուղի բնակիչ է: Այդ մասին հայտնեցին ոստիկանության Իջեւանի բաժնից: Նույն բաժնից տեղեկացա նաեւ, որ բացահայտվել է նաեւ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց գյուղի խանութից գողությունը: Այդ գործով կալանավորվել է 3 անձ, որոնք Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչներ են:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս