Հատկապես ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցից հետո ՀՅԴ-ականները սկսեցին պարբերաբար խոսել Ղարաբաղյան խնդրում Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին: Անգամ ՀՅԴ ընդհանուր ժողովից հետո նրանք միջանկյալ հայտարարություն արեցին հենց ԼՂ բանակցային գործընթացի մասին: Երեկ ԱԺ կուլիսներում խոսվում էր այն մասին, որ վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին իր մոտ է հրավիրել եւ հետաքրքրվել՝ արդյոք հայկական կողմի նկատմամբ ճնշումներ են գործադրվում: Նախարարը բացասական պատասխան է տվել: Երեկ այս թեմայի հետ կապված ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ իրապես եղել է նման հանդիպում եւ նման բովանդակությամբ զրույց: Նախարարը տվեց դիվանագիտական պատասխան. «Առկա է լիակատար համակարգում ՀՀ վարչապետի եւ ԱԳ նախարարի միջեւ»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արցախում հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններից չի ցանկանում անմասն մնալ նաեւ Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Սամվել Բաբայանը Արցախում իր կողմնակիցների միջոցով փորձում է ձեւավորել հանրային կարծիք, թե ինքն է Արցախի նախագահի ամենաճիշտ թեկնածուն: Սակայն ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում վերջինիս համար: Սամվել Բաբայանը, անկախ իր կամքից, բախվել է սահամանադրական խոչընդոտի. վերջին 10 տարում նա մշտապես չի բնակվել այնտեղ, այլ գտնվել է ՌԴ-ում: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` Բաբայանը չի բացառել, որ կարող է առաջիկայում քաղաքական հետաքրքրություն ցուցաբերի: Բայց այժմ, ըստ Բաբայանի, ինքը ներքաղաքական հետաքրքրություն չունի ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում: «Դեռեւս ոչ մի բանի չեմ խառնվելու»,- ասել է նա:
2017թ Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ օգտին ընտրակաշառք բաժանելու` «Զիբիլիքսի» անունը ստացած հայտնի քրեական գործով մեղադրյալները՝ ՀՀԿ Արաբկիրի կառույցի ղեկավար Հրայր Անտոնյանն ու եւս 8 հոգի, պատժվեցին 2,5-ական միլիոն դրամ տուգանքով: Միայն թե նկատենք` այս գործը նախկին իշխանությունների օրոք կոծկվել էր եւ վերաբացվեց թավշյա հեղափոխությունից հետո: Բայց արի ու տես, որ հիմա էլ պետության դեմ հանցանք կատարելու՝ ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրվողները բավական մեղմ պատժի արժանացան: Քանի որ մեղադրող կողմը պահանջում էր 3 տարվա ազատազրկման դատապարտել նրանց, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց՝ արդյոք կբողոքարկեն դատավճիռը` պահանջելով կալանավորել նրանց: Սակայն երեկվա դրությամբ դեռ որոշում չէին կայացրել, դատավճիռը ստանալուց եւ ծանոթանալուց հետո կորոշեն: Նկատենք, որ ՀՔԾ-ում էլ այս գործի անջատված մասով քննություն է ընթանում պարզելու կազմակերպիչներին:
ՀՀ հաշվեքննիչ պալատը նախորդ տարվա ուսումնասիրությունների արդյունքներով լուրջ փաստեր է բացահայտել՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատանքների հետ կապված: Հիշեցնենք` այժմ արդեն «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրենը Արմեն Ավակյանն է՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թիմից: Եւ, ահա, նրա ղեկավարած կառույցում բացահայտվել է, որ միջոցները շռայլորեն ուղղել են իրենց գործուղումների վրա: Գործարար համաժողովների միջոցառման շրջանակներում ակնկալվել է մշակող արդյունաբերության ոլորտների տնտեսվարող սուբյեկտներին ցուցաբերել աջակցություն` արտերկրում մասնակցության համար, կատարված ծախսերի փոխհատուցում` մինչեւ 50 տոկոսի չափով: ՀՊ-ն, սակայն, պարզել է, որ այս միջոցառումների շրջանակներում հիմնադրամը կատարել է 25.8 մլն դրամի ծախս հիմնադրամի ներկայացուցիչների գործուղման համար: Իսկ, ահա, միջոցառման շրջանակներում որեւէ մշակող արդյունաբերության ոլորտների տնտեսվարող սուբյեկտների չի ցուցաբերել պայմանագրով սահմանված աջակցության տեսակը: Ու սա օրինակներից մեկն է միայն:
ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅԱՆ ՇՔԱՀԱՆԴԵՍ
Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանության նոր մարտավարություն է որդեգրել:
Երեկ Վերաքննիչ դատարանում շարունակվել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դեմ բողոքի քննությունը: Լրագրողների հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանն ասել է, թե այդ օրերի իրադարձությունների մասին ինֆորմացիա Քոչարյանը ստացել է ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանից. «Իրադարձությանը նախորդող իրադարձություններին է անդրադարձել, մասնավորապես նշել է, որ մի քանի օր ԱԱԾ տնօրենը՝ Գորիկ Հակոբյանը, իրեն անընդհատ զեկուցում էր, որ այնտեղ կան զինված մարդիկ, երեկոները եւ գիշերները մարդիկ կան, ովքեր հարբած վիճակում զենքի հետ անզգույշ վերաբերմունք ենք ցույց տալիս: …Մտահոգիչ զեկույցներ են պարբերաբար եղել»:
Իսկ հարցին, թե Քոչարյա՞նն է հրամայել այն ժամանակ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Հարությունյանին ներխուժել Ազատության հրապարակ, պաշտպանը պատասխանել է, թե նախագահն անգամ չի մեղսագրվում այդ արարքի մեջ. «Ինքը չի արել, հավանաբար գործով հաստատված է, որ ինքը չի հրահանգել: Պարոն Քոչարյանն ասաց, որ երբ ինքը այդ օրը` 08:30-ի կողմերը, եկել է աշխատանքի, նոր իր հատուկ կապով զեկուցել են, որ այդպիսի բան կա»:
Ինչպես հիշում եք, նախորդ դատական նիստից հետո էլ Ալումյանը պատմել էր՝ Քոչարյանը դատարանում հայտարարել է, որ տեղյակ չի եղել ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի 0038 գաղտնի հրամանից, քանի որ նման հրամանները չեն համաձայնեցվում ու նախագահական չեն ուղարկվում ո՛չ արձակվելուց առաջ, ո՛չ դրանից հետո: Ու երբ այս փուլում ինքը ծանոթացել է այդ հրամանին, կարծում է, որ անօրինական ոչինչ չկա, բայց պաշտպանական կողմի այս պահվածքը տեսակետ է ձեւավորել, թե նա փորձում է կատարվածի պատասխանատվությունը գցել մյուս պաշտոնյաների վրա: Ընդ որում, մատնանշվող պաշտոնյաներն էլ պատահական չեն ընտրված. 2008թ. ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գորիկ Հակոբյանն այլեւս ողջ չէ, իսկ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, որ այս գործի շրջանակներում մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար եւ հիմա գտնվում է հետախուզման մեջ, պարզվում է՝ վաղուց ՌԴ քաղաքացիություն է ստացել: Այնպես որ, նրան Հայաստանում պատասխանատվության ենթարկելու հեռանկարն առավել քան անորոշ է: Բայց անգամ այդ պարագայում վերը հնչեցված տեսակետը մերկանում է, քանի որ Քոչարյանն անգամ կալանավայրից պնդում է, որ որեւէ անօրինական արարք թույլ չի տվել ո՛չ ինքը, ո՛չ իր թիմը: