«ԿՈՂՄ ՉԵՄ ԴԱՆԱԿՆ ԱՌՆԵԼՈՒՆ ԵՎ ՀԵՏԵՎԻՑ ԸՆԿՆԵԼՈՒՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դերասան Սերգեյ Դանիելյանի հետ զրուցել է հայաստանյան ներքաղաքական կյանքի, հետհեղափոխական իրավիճակի, սպասելիքների արդարացման եւ այլ թեմաների շուրջ: Պարոն Դանիելյանը նշել է, որ իր ակնկալիքների արդարացման համար այսօր շատ նախադրյալներ արդեն իսկ առկա են: Միեւնույն ժամանակ նա նկատել է, որ ներկայիս իշխանությունը փիար տեխնոլոգիաների կիրառման հարցում թույլ է եւ սեփական գործունեության փիարը կառուցում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին բռնել-բաց թողնելու թեմայի շուրջ միայն:

-Պարո՛ն Դանիելյան, թավշյա հեղափոխության օրերին բավական ակտիվ էիք, կանգնած էիք հեղափոխության կողքին, միեւնույն ժամանակ աչքի էինք ընկնում Ձեր սուր քննադատություններով: Ամիսներ անց այս իշխանությունից Ձեր սպասելիքները գոնե մասամբ արդարացե՞լ են:
-Գիտե՞ք` ես ամեն օր չեմ մտածում, թե այս կառավարությունն ինչ է արել կամ ինչ չի արել: Ինչպես ապրել եմ նախկինում, այնպես էլ ապրում եմ հիմա: Ոչ մի արտառոց փոփոխություն չի գրանցվել: Տեսնում եմ, որ ներկայիս կառավարության անդամների աշխատանքում կան դրական նախադրյալներ, օրինակ` Արսեն Թորոսյանը վատ չի աշխատում: Ես կողմ չեմ դանակն առնելուն եւ իշխանությունների հետեւից ընկնելուն: Կարեւորը, որ այս իշխանության անդամները գող չեն, ավազակ չեն, համենայն դեպս, դեռ չենք հասցրել նման բան նկատել:
-Ազգային Ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ ՀՀ օրհներգը փոխելու առաջարկը բուռն կերպով քննարկվեց հայ հանրության շրջանում: Տեսակետ հնչեց այն մասին, որ, ինչպես նախորդ իշխանությունը, այս իշխանությունը եւս արհեստական կերպով օրակարգ է բերում նմանատիպ թեմաներ, որպեսզի շեղի հանրության ուշադրությունը հիմնական խնդիրներից: Ըստ Ձեզ` այդպե՞ս է: Իսկ, առհասարակ, կո՞ղմ եք օրհներգի փոփոխությանը:
-Այնպես չէ, որ կառավարությունը կաթվածահար նստած օրհներգն է փոխում: Իսկ, ընդհանրապես, օրհներգի փոփոխմանը դեմ չեմ, պարզապես կան առաջնային եւ երկրորդական խնդիրներ: Օրինակ` ինձ համար առաջնային է երկրի անվտանգության ապահովման խնդիրը, բանակում կրիմինալի դեմն առնելու անհրաժեշտությունը. կցանկանայի այդ «բոսյակությունը» վերանար:
-Այս օրերին հակաիշխանական քարոզչությունը բավական ակտիվացել է: Ի՞նչ եք կարծում, կոնկրետ ինչո՞վ է դա պայմանավորված:
-Ներկայիս իշխանության դեմոկրատ լինելու արդյունքն է, այն բանի, որ առանձնապես բանի տեղ չեն դնում` ինչ են իրենց մասին ասում, ինչ են գրում: Եվ հետո՝ ներկայիս իշխանությունը փիար տեխնոլոգիաների կիրառման հարցում թույլ է եւ սեփական գործունեության փիարը կառուցում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին բռնել-բաց թողնելու թեմայի շուրջ միայն: Ժամանակն է լրջանալու:
-Ֆեյքերի ակտիվ պայքարը եւս նկատելի է…
-Դրանք մեծ մասամբ նախորդ իշխանության «աբիժնիկներն են»: Ինչպես նախկինում, այսօր էլ մենք կառուցողական ընդդիմություն չունենք:
-ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստան»-ը չե՞ն կարող կառուցողական ընդդիմություն լինել:
-Չգիտեմ` իրենք ընդդիմություն են, թե ոչ. ընդդիմությունը ես եմ (ծիծաղում է):
-Ի՞նչ եք կարծում, այսօր Հայաստանում ստեղծվե՞լ է բարենպաստ միջավայր խոշոր ներդրողների համար:
-Թե չէ նախորդների օրոք ի՞նչ ներդրումներ էին լինում, Մոսկվայից էր փողը գալիս, իրենց խուժաններն էին ուղարկում, այդպես չէ՞ր: Իսկ, առհասարակ, Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ կարող են շատ խոշոր ներդրումներ արվել. չմոռանանք, որ մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք: Բացի այդ` հանրապետականները հեռանալուց առաջ իրենց գործն արել են ու, օրինակ, փակել են մեր օդերը Մոսկվայից: Այնպես որ, ամեն ինչ գցել կառավարության վրա, դա էլ ճիշտ չէ. պետք է հաշվի նստել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառների հետ: Սպասենք, տեսնենք` ինչ կլինի:

Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ

 

 

 

«ԿԱՆԱՆՑ ԾԱՂՐԵԼՈՒ ՄԻՏՈՒՄ ՉԵՄ ՈՒՆԵՑԵԼ»

Վերջերս երգչուհի Աննա Խաչատրյանը հանդիսատեսի դատին հանձնեց իր նոր երգի՝ «Գրող ու սեւ ցավ»-ի հիման վրա նկարահանած տեսահոլովակը: Այնտեղ գլխավոր հերոսուհուն մարմնավորել է դերասանուհի Մաշա Մատվեեւան՝ «Women՚s club»-ի դեմքերից մեկը: Թողարկումից հետո եղան ե՛ւ դրական արձագանքներ առ այն, որ ստացվել է հումորով եւ զվարճալի տեսահոլովակ, ե՛ւ միաժամանակ եղան քննադատություններ:

Ներկայացնում ենք դրանցից մեկը, որը ֆեյսբուքյան իր էջում գրել է գրող, լրագրող Արթուր Հայրապետյանը. «Աննա Խաչատրյանի նմանը «Գրող ու սեւ ցավ» անունով երգ ա երգում։ Էն Մաշային էլ վերցրել են տեսահոլովակի գլխավոր «չաղ» դեմք ու տժում են։ Էդ ա ձեր ճաշակը, մտքի թռիչքը։ Բա կինը թույլ կտա՞, որ իրեն էդքան եթերով ծաղրեն։ Տեղից էլ ամեն շաբաթ «Շանթ»-ի եթերով զբաղված են Մաշայի ու մյուսների բարեմասնությունները ծաղրելով։ Լավ, կարելի՞ է էս աստիճան բութ լինել»:
«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեց Աննա Խաչատրյանից: Նա նախ զարմացավ, թե ինչու է իր հոլովակը նման կերպ ընկալվել որոշ մարդկանց կողմից. «Իրականում տեսահոլովակը նկարահանել եմ բոլորովին այլ՝ հակառակ տրամադրվածությամբ, կանանց ծաղրելու ոչ մի միտում չեմ ունեցել, դրա նշույլն անգամ չկա այնտեղ: Ցավում եմ, որ ոմանց խելքն այդքան է կտրում…Ես հակառակ իմաստն եմ դրել, այն է՝ հարգելի՛ տղամարդիկ, մի՛ փոխվեք կանանց հետ ձեր դերերով: Եվ այդ ամենը մատուցել ենք հումորի միջոցով, ի՞նչ ծաղրի մասին է խոսքը»,-նշեց Աննան:
Իսկ հարցին, թե ինչպես է ստացվել, որ տեսահոլովակի հերոսուհի է ընտրվել հենց Մաշան, երգչուհին պատասխանեց. «Որովհետեւ նա իմ լավ ընկերն է: Այդքան բան: Եվ, կարծում եմ, Մաշան շատ լավ է խաղացել իր դերը»:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

4 ՈՍԿԻ ԵՎ 2 ԲՐՈՆԶ
Ֆրանսիական Նիս քաղաքում այսօր ավարտվեց ըմբշամարտի միջազգային մրցաշարը։ Հայաստանը այս առաջնությունում ներկայացնում էին Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) եւ Արթուր Շահինյանը (97 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալ նվաճեցին Ռուդիկ Մկրտչյանը, Կարեն Ասլանյանը, Հրանտ Կալաչյանը եւ Արսեն Ջուլֆալակյանը: Հատկանշական է շեշտել, որ վերջինս եզրափակիչում հաղթեց Ֆրանսիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի Էվրիկ Նիկողոսյանին (3:1): Բրոնզե մեդալների արժանացան Գեւորգ Ղարիբյանը եւ Արթուր Շահինյանը։

 

 

ՆՎԱԶԵԼ Է
Ըստ transfermarkt.com-ի՝ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է: Մեր ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 30 մլն եվրո: Նախկինի համեմատ այն նվազել է 5 մլն եվրոյով:

 

 

ՉԵ՞Ն ՄԱՍՆԱԿՑԻ
Ինչպես հայտնում է իսպանական Marca պարբերականը, կատալոնական «Բարսելոնան» լուրջ կորուստներով կմոտենա Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի՝ «Ռեալի» դեմ առաջին խաղին: Կապտանռնագույնների կազմում վնասվածքներ ունեն թիմի առաջատար Լեո Մեսսին եւ ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն: Դեմբելեն դեռեւս չի ապաքինվել իր վնասվածքից, իսկ Մեսսին «Վալենսիայի» դեմ խաղում (2-2) ազդրային վնասվածք ստացավ: Երկուսն էլ, ամենայն հավանականությամբ, բաց կթողնեն իսպանական Սուպեր Կլասիկոն:




Լրահոս