ՊԵԿ-ՈՒՄ ՎԱՏԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ազգային անվտանգության ծառայության կողմից «Բագրատաշենի» հսկիչ-անցագրային կետում արված բացահայտումից հետո Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի ղեկավար Արտյոմ Հարությունյանը աշխատանքից ազատման դիմում է գրել, եւ նրա փոխարեն պաշտոնում մեկ այլ աղմկալի նշանակում է կատարվել:

ԱԱԾ-ն հայտարարեց
2019թ. հունվարի 21-ին Ազգային անվտնագության ծառայությունը հաղորդագրություն տարածեց. «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը մաքսային իրավահարաբերությունների ոլորտի նկատմամբ իր վերահսկողական գործառույթների շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է տնտեսվարողների կողմից առանց համապատասխան հայտարարագրման ապրանքների ներկրման նպատակով կազմակերպված եւ տեւական ժամանակ կիրառվող մեխանիզմ: Նախնական տվյալների համաձայն` ՀՀ մի շարք քաղաքացիներ առեւտրային նպատակներով Վրաստանից, Թուրքիայից, ինչպես նաեւ այլ երկրներից ձեռք բերված խոշոր խմբաքանակներով բեռները (միրգ-բանջարեղեն, հագուստեղեն, կենցաղային ապրանքներ, ավտոյուղեր եւ այլն) տեղափոխել են հայ-վրացական սահմանի մոտ, կուտակել վրացական Սադախլո գյուղի տարբեր տներում կամ սահմանի չեզոք գոտում, այնուհետեւ մաս-մաս հայտարարագրելով որպես ֆիզիկական անձանց թույլատրելի չափաքանակով ուղեկցող բեռ` բազմաթիվ անգամներով «Բագրատաշենի» հսկիչ անցագրային կետով ներկրել են Հայաստան` չվճարելով մաքսազերծման համար նախատեսված հարկերն ու տուրքերը: Հատկանշական է, որ ապրանքները մաքսակետի տարածքում տեղակայված ՀՀ ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության լաբորատորիայի կողմից պատշաճ ընթացակարգով եւ ամբողջական ծավալով կարանտին փորձաքննության չեն ենթարկվել: Վերոհիշյալ գործընթացի կանխման նպատակով իրականացված տեւական եւ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019 թվականի հունվարի 15-ին կանխվել է վերը նկարագրված եղանակով ապրանքների ներկրման հերթական դեպքը, որի արդյունքում հայտնաբերվել է Ալավերդի քաղաքի բնակչի կողմից մեկ օրվա ընթացքում տարբեր անձանց ավտոմեքենաներով տեղափոխված ավելի քան 1 տոննա քաշով միրգ-բանջարեղենը: Նախնական տվյալների համաձայն` բեռների ապօրինի տեղափոխումը նշված տնտեսվարողին հաջողվել է իրականացնել ՀՀ ՊԵԿ Արեւելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսակետ բաժնի գլխավոր մաքսային տեսուչին կաշառք տալու միջոցով: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Մեղադրանք է առաջադրվել մաքսային ծառայության աշխատակցին եւ բեռների տեղափոխումը կազմակերպած անձին, նրանք կալանավորվել են: Միջոցներ են ձեռնարկվում նախկինում տեղափոխված ապրանքների ամբողջական ծավալը պարզելու, ինչպես նաեւ հանցավոր մեխանիզմում հնարավոր ներգրավված այլ անձանց բացահայտելու ուղղությամբ»:
Ու մինչ ԱԱԾ-ն այս գործով քննություն է տանում, մեզ հայտնի դարձավ, որ աղմկահարույց այս բացահայտումից հետո Բագրատաշենի մաքսայինի բաժնի ղեկավար Արտյոմ Հարությունյանը ազատման դիմում է գրել եւ դուրս եկել ղեկավարի պաշտոնից: Միգուցե նա այս քայլին դիմում է` հաշվի առնելով, որ իր ենթակաները կաշառքի գործի մեջ են ներգրավված եղել եւ նրա թիկունքում են գործել: Կամ միգուցե նրան ստիպել են ազատման դիմում գրել: Քննությունը ցույց կտա, թե ով է կանգնած եղել տեսուչների կոռուպցիոն գործարքների հետեւում: Սակայն այս պաշտոնին մեկ այլ անձի նշանակումը լուրջ խոսակցությունների առիթ է տվել:

Գրի՛ հեռացի
Տպավորությունն այնպիսին է, որ Արտյոմ Հարությունյանի ազատումից հետո այս պաշտոնին պետք է նշանակվեր այնպիսի անձ, որի գործունեության հետ կապված որեւէ աղմկահարույց դեպք չպետք է կապված լիներ, սակայն ՊԵԿ-ում ավանդույթ է դարձել աղմկահարույց պատմություններով հայտնի պաշտոնատար անձանց պաշտոնի նշանակելը:
Այսպիսով, մեզ հասած տեղեկությունների համաձայն` Արտյոմ Հարությունյանի ազատումից հետո այդ պաշտոնին է նշանակվել Արման Ցոլակյանը: Վերջինս պատահական մարդ չէ: Դեռեւս 2014 թվականի հուլիսի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արման Երիցյանը հրաման էր ստորագրել, ըստ որի` փրկարար ծառայության գնդապետ Արման Ցոլակյանն ազատվել էր ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ վարչության պետի պաշտոնից եւ նախարարի մեկ այլ հրամանով` նշանակվել էր փրկարար ծառայության տնօրենի տեղակալ: Սակայն 2017 թվականի փետրվարի 6-ին, երբ Դավիթ Տոնոյանը նշանակվեց ԱԻՆ նախարար, Արման Ցոլակյանի գործունեության մասով աղմկալի բացահայտում արեց: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Արման Ցոլակյանն իր աշխատակիցների հետ բավականին վատ է վարվել եւ ոչ հաճելի բառապաշար օգտագործել: Անելանելի վիճակում հայտնված աշխատակիցները, այլ ելք չունենալով, ձայնագրել են Արման Ցոլակյանին: Եվ ինչպես կանխատեսելի էր, ձայնագրությունը հայտնվում է Դավիթ Տոնոյանի աշխատասենյակի սեղանին: Արդյունքում, Դավիթ Տոնոյանը Արման Ցոլակյանին հրահանգել է ինքնակամ աշխատանքից ազատվելու դիմում գրել: Նա այդպես էլ վարվել է:

Արման Ցոլակյանի պարզաբանումը
Եւ, ահա, այսօր ԱԻՆ նախկին պաշտոնյան նոր պաշտոնի է նշանակվել: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արման Ցոլակյանի հետ:
-Պարո՛ն Ցոլակյան, Արտյոմ Հարությունյանի ազատման դիմումից հետո Դուք եք նշանակվել Բագրատաշենի մաքսայինի բաժնի ղեկավար:
-Այո, ես հիմա ժամանակավոր պաշտոնակատար եմ նշանակվել:
-Դուք նախկինում ԱԻՆ-ում եք աշխատել, եւ Ձեզ ազատել է Դավիթ Տոնոյանը, քանի որ Դուք Ձեր աշխատակիցների հետ ոչ հաճելի բառապաշարով եք խոսել: Աշխատակիցները ղեկավարներին են տեղյակ պահել, եղել է ձայնագրություն, որից հետո Ձեզ ազատել են: Ձեզ ո՞ր արժանիքի համար նոր պաշտոն տվեցին:
-Արժանիքների մասին Դուք ղեկավարությանը կարող եք հարցնել, իսկ Արտակարգ իրավիճակների նախարարությունից իմ դիմումի համաձայն եմ ազատվել:
-Այսինքն` աշխատողների հետ ոչ այնքան հաճելի բառապաշարով խոսե՞լը չի եղել պատճառը, որ դուրս եք եկել ԱԻՆ-ից:
-Ոչ, նման բան չի եղել, ես չեմ լսել նման ձայնագրություն:
-Այդ դեպքում ո՞րն էր խնդիրը, որ Դավիթ Տոնոյանի հետ չկարողացաք աշխատել:
-Չէ, չէ, ուղղակի այդպես ճիշտ համարեցի եւ դիմում գրեցի իմ կամքով:
-Իսկ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հետո կկարողանա՞ք աշխատել որպես ՊԵԿ մաքսային պետ, նորմա՞լ եք համարում անցումը:
-Նախ ես երկար տարիներ ոստիկանությունում եմ աշխատել, ԱԻՆ ոստիկանությունից եմ տեղափոխվել, այնպես չէ, որ ես ԱԻՆ-ի կադր եմ եղել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ
Հայաստանը բազմիցս է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում իր մոտեցումները, Արցախի կարգավիճակն ու անվտանգությունն առաջնահերթություն են Հայաստանի համար. այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Անդրադառնալով հարցին, թե վարչապետի վերջին հայտարարությունից հետո արդյոք Հայաստանը փոխել է սկզբունքները, որոնք մինչ այդ բանակցվել էին` Աննա Նաղդալյանն ասել է, որ առաջին իսկ օրվանից են ամրագրել վերոնշյալ սկզբունքները, նաեւ նշվել է, որ Արցախը որոշիչ ձայն եւ ներգրավվածություն պետք է ունենա իրական եւ տեւական կարգավորման գործընթացում: «Սա այն սկզբունքային որոշումն է, որ ներկայացվել է ե՛ւ համանախագահներին, ե՛ւ ադրբեջանական կողմին»,- նշել է նա: Նշենք, որ փետրվարի 7-ից 8-ը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կունենա Տալլին: Ըստ խոսնակի` այցի շրջանակում նախարարը հանդիպում կունենա երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախատեսված է նախարարի հանդիպումը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ։ Իսկ փետրվարի 16-ից 18-ը նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին: «Այս համաժողովին իր մասնակցությունը հաստատել է նաեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը»,- նշել է Ա. Նաղդալյանը։

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏՈՒՄ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ, որի արդյունքում որոշում է կայացվել նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով տրամադրել: «Հաշվի առնելով քաղաքացիների բողոքներն ու առաջարկները` ՊԵԿ նախագահը որոշում կկայացնի նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով տրամադրել այն սուբյեկտներին, որոնց համար օրենքի ուժով նման ՀԴՄ-ներ ունենալը պարտադիր է դարձել ս/թ հունվարի 1-ից: Տարաժամկետ վճարման, այսինքն՝ գումարը երկու տարվա ընթացքում վճարելու հնարավորությունը, որը մինչ այս էլ կար, կպահպանվի: Հատուկ նշեմ, որ վերը նշված կատեգորիայի, ուշադրություն դարձրեք, վերը նշված կատեգորիայի այն սուբյեկտները, ովքեր արդեն 160 հազար դրամով ձեռք են բերել նոր սերնդի ՀԴՄ-ներ, կհրավիրվեն ՊԵԿ, եւ նրանց հետ վերահաշվարկ կիրականացվի»,- նշել է վարչապետը։

 

 

ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկում (ՎԶԵԲ) Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատեո Պատրոնեի գլխավորած պատվիրակությանը հայտնել է, որ փետրվարի 6-ին կառավարությունն ԱԺ կներկայացնի իր ծրագիրը: Այսօր կառավարության ծրագիրը կներկայացվի Ազգային ժողով եւ կհրապարակվի, ինչի արդյունքում արդեն ավելի առարկայական քննարկումներ կարող են գնալ կառավարության տեսլականին ՎԶԵԲ ռազմավարությունը մոտարկելու առումով:

 

 

ՀԱՆՁՆԵԼ ԵՆ
Վրաստանի իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվողներ Ա. Կարադավիդովին եւ Ա. Բլբուլյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը։ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Ա. Կարադավիդովի եւ Ա.Բլբուլյանի տեղափոխումը: Երեկ նրանք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն: Հիշեցնենք, որ 2017թ. սեպտեմբերի 14-ին Երեւանի Հանրապետության փողոցում` «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ, «Մակարով» ատրճանակից եւ «ԱԿ» ինքնաձիգից կրակոցներ էին արձակվել երկու քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետեւանքով մեկ մարդ սպանվել էր, մեկը՝ վիրավորվել։ Նշված հանցագործությունը կատարելու համար սեպտեմբերի 15-ին որոշում էր կայացվել որպես մեղադրյալ ներգրավել Ա. Բլբուլյանին, Ա. Կարադավիդովին եւ Ռ. Խաչատրյանին, նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: 2017թ. սեպտեմբերի 22-ին ոստիկանության կողմից Ռ. Խաչատրյանը հայտնաբերվել է Կոտայքի մարզում ու բերման ենթարկվել: Իսկ մյուս երկու հետախուզվողները՝ Ա. Բլբուլյանը եւ Ա. Կարադավիդովը, 2017թ. հոկտեմբերի 29-ին հայտնաբերվել էին Վրաստանի տարածքում, ինչից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը վրացական կողմին միջնորդություն էր ներկայացրել քրեական հետապնդման ենթարկելու նպատակով նրանց ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ:




Լրահոս