ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՊԱԿԱՍԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մշտական բնակչության թիվը շարունակում է աստիճանաբար նվազել: Բացի այդ, պաշտոնապես նվազել է ծնվածների թիվը: Նախորդ տարի, վերջին տարիների հետ համեմատած, այդ թիվն ավելի է նվազել:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 965.1 հազար մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 972.7 հազար էր: Այսինքն` 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 7 հազար 600-ով պակասել է:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մեկ տարվա ընթացքում ՀՀ բոլոր մարզերից (բացի Արմավիրից) բնակիչների թվաքանակը պակասել է: Փոխարենը Երեւանի բնակչության թվաքանակն է ավելացել` 2500-ով: Հավանաբար, այս ամենի պատճառն այն է, որ նախկին իշխանությունների կողմից խոստացած մարզերի համաչափ զարգացման ծրագիրը ձախողվել է, ինչի հետեւանքով տարեցտարի մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, որտեղ եւ բնակություն են հաստատում: Փաստորեն այս երեւույթը շարունակվում է նաեւ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք: Օրինակ` միայն Լոռու մարզում այս տարվա հունվար 1-ի դրությամբ բնակիչները պակասել են 2800-ով: Համաձայնեք, որ մեկ տարվա ընթացքում մեկ մարզից 2800 բնակչի նվազելը խիստ մտահոգիչ է: Ըստ որոշ մասնագետների` պատճառը Ալավերդու պղնձաձուլական գորածարանի եւ Թեղուտի հանքավայրի փակումն է, ինչի հետեւանքով մոտ 2000 բնակիչ գործազուրկ մնաց: Պարզվում է` այս ամենին կառավարությունը միայն լուռ հետեւում է, իսկ մարզերը համաչափ զարգացնելու մասին ավելորդ է խոսել: Երեւանի բեռնաթափման ծրագիրը գործադիրի կողմից իրականություն չի դառնում, փոխարենը Երեւանը մեծ զարգացում է ապրում տնտեսության, ծառայությունների, սպասարկման եւ այլ առումներով, իսկ մարզերը` ոչ:
Մյուս մտահոգությունը ծնվածների թվի նվազումն է: Եթե 2016 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում ծնվածների թիվը կազմել է 40 հազար 592, 2017-ի նույն ժամանակահատվածում` 37 հազար 700, իսկ 2018-ին` 36 հազար 502: Այսինքն` 2018 թվականի հունվար-դեկտեմբերին, 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ, մեր հանրապետությունում ծնվածների թիվը 1198-ով պակասել է: Իսկ, ահա, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` այն պակասել է 4090-ով: Մյուս կողմից` նկատենք, որ ծնունդների թիվը թավշյա հեղափոխությանը հաջորդած ամիսներին աճել է, հատկապես` տարեվերջին: Ու ենթադրվում է՝ այս տարի վերջապես նվազման փոխարեն աճ կարձանագրենք:
Փոխարենը նվազել է մահացածների թիվը. անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ, մահացածների թիվը պակասել է 1512-ով: Մյուս կարեւոր, բայց բացասական նորությունը. ամուսնությունների թիվն է պակասել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2016 թվականին ՀՀ-ում գրանցվել է 16 հազար 294 ամուսնություն, 2017-ին դրանց թիվը նվազել է` հասնելով 15 հազար 214-ի: Իսկ, ահա, անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է 14 հազար 822 ամուսնություն, որը 2017 թվականի նույն ժամանակահատվածից 392-ով պակաս է: Բայց, մյուս կողմից, պակասել են ամուսնալուծությունները: Պաշտոնապես 2018թ. հունվար-դեկտեմբերին ամուսնալուծությունների թիվը կազմել է 3819` 121-ով 2017 թվականի նույն ժամանակահատվածից պակաս:
Հայաստանում դեռեւս առանձին ուսումնասիրություններ չեն անցկացվել պարզելու, թե որ պատճառներն են առավելապես ընկած ամուսնալուծությունների հիմքում: Բազմաթիվ են այն հայ ընտանիքները, որոնց հասարակական կարծիքը ամուսնալուծությունից այլեւս հետ չի պահում: Առաջին հերթին աշխատանք չունենալը եւ բնակարանային խնդիրներն են խանգարում հայ երիտասարդներին ընտանիք կազմել: Նկատենք, որ ամուսնալուծության դեպքերի քանակով ՀՀ մարզերի թվում առաջատարը Լոռին է, որին հաջորդում են Կոտայքը, Արմավիրը, Արարատը եւ այլն: Իսկ, ահա, Երեւանում ամուսնալուծությունների դեպքերի քանակը կազմել է 1785:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՍՈՒՊԵՐԿԼԱՍԻԿՈՅԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Արաբները, 8-րդ դարում գրավելով Պրինենյան թերակղզին, այնտեղ բնակվեցին մինչեւ 15-րդ դարը, երբ Իսպանիան կարողացավ վերջնականապես դուրս գալ նրանց լծի տակից: Սակայն ավելի վաղ` 10-րդ դարում, արաբների տիրապետությունից կարողացել էր դուրս պրծնել Կատալոնիան եւ դարերի ընթացքում ձեւավորել սեփական սովորություններն ու սովորույթները: Կատալոնիան առանձին երկիր էր եւ շատ բաներով նույնիսկ գերազանցում էր Իսպանիային, սակայն ճակատագրի բերումով Կատալոնիան դարեր շարունակ համարվում է Իսպանիայի մի մասնիկը: Կատալոնացիները ատում են Իսպանիան, տանել չեն կարողանում Մադրիդը եւ մինչ օրս էլ ցանկանում են անկախանալ, բայց Իսպանիայի թագավորությունը դա պատկերացնել անգամ չի ցանկանում:

Կատալոնների եւ իսպանացիների` դարերի խորքից եկող թշնամությունը տարածվել է բոլոր ոլորտներում, իսկ ամենաթեժ պայքարներից մեկը ընթանում է ֆուտբոլում` «Ռեալ Մադրիդ»-«Բարսելոնա» դիմակայության տեսքով:
Այս ֆուտբոլային գերդիմակայությունը, որը չի սահմանափակվում միայն խաղադաշտում, համարվում է իսպանական ֆուտբոլի Սուպերկլասիկոն. խաղ, որին սպասում են բոլորը, որը համարվում է ֆուտբոլի պատմության ամենաթեժ եւ «արյունոտ» դիմակայությունը:
«ԲԱՐՍԵԼՈՆԱ-ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ»
Իսպանիայի Գավաթի
կիսաեզրափակիչ. վիճակագրություն
Այս երկու գրանդները միմյանց հանդիպել են 238 անգամ, որոնցից 95-ում հաղթել են մադրիդցիները, 93-ում` «կապտանռնագույնները», եւս 50 դեպքերում էլ գրանցվել է ոչ-ոքի արդյունքը:
Միմյանց դեմ ամենախոշոր հաշվով հաղթանակ` 8-2 օգուտ «Ռեալի»(1935), «Բարսելոնայի» ամենախոշոր առավելությամբ հաղթանակ` 7-2(1943):
Ամենագոլառատ ոչ-ոքի` 5-5 (1950):
Վերջին 5 խաղերը միմյանց դեմ` 2 հաղթանակ «Ռեալ», 2 հաղթանակ «Բարսա», 1 ոչ-ոքի:
Կլասիկոների պատմության լավագույն ռմբարկուն հանդիսանում է Լեո Մեսսին խփած 26 գնդակով, երկրորդ հորիզոնականը կիսում են Ռոնալդուն եւ Ալֆրեդո Դի Ստեֆանոն 18-ական գոլերով:
Մինչ կիսաեզրափակիչ անցած ուղին` «Բարսելոնա»-1/16 եզրափակիչ, «Լեոնեսա»` ընդհանուր հաշվով առավելություն-5-1:
1/8 եզրափակիչ.«Լեւանտե»` 4-2:
1/4 եզրափակիչ.«Սեւիլիա»` 6-3:
«Ռեալ Մադրիդ»-1/16 եզրափակիչ. «Մելիլիա»` ընդհանուր հաշվով առավելություն-10-1:
1/8 եզրափակիչ.«Լեգանես»` 3-1:
1/4 եզրափակիչ.«Ժիրոնա»` 7-3:
«Առեղծվածային» «11-1»-ի իրական պատմությունը.
Շատերը Կլասիկոների պատմության ամենախոշոր հաշիվը համարում են 1943 թվականին կայացած խաղը, որտեղ «Ռեալը» հաղթել էր 11-1 հաշվով:
Այդ ժամանակ Իսպանիայի գլխին կանգնած էր գեներալ Ֆրանսիսկո Ֆրանկոն, որն ատում էր Կատալոնիան, կատալոնական լեզուն (նման է ֆրանսերենին), կատալոնական մշակույթը եւ, իհարկե, կատալոնական ֆուտբոլը:
Խաղից առաջ Ֆրանկոյի անձնակազմը, մտնելով հանդերձարան, զենքերով սպառնացել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին եւ ստիպել տանուլ տալ խաղը: Արդյունքում խաղն ավարտվել է 11-1 հաշվով` հօգուտ մադրիդցիների:
Հավանական մեկնարկային կազմեր. կորուստներ
«Բարսելոնա»-Տեր Շտեգեն, Ալբա, Պիկե, Լանգլե, Ռոբերտո, Բուակետս, Ռակիտիչ, Արտուր, Կուտինյո, Սուարեզ, Մեսսի(Բոատենգ): Գլխավոր մարզիչ` Էռնեստո Վալվերդե: Սիլեսենը, Ումտիտին եւ Դեմբելեն չեն մասնակցի խաղին, իսկ, ահա, թիմի առաջատար Լեո Մեսսիի մասնակցությունը դեռեւս պարզ չէ:
«Ռեալ Մադրիդ»-Նավաս, Մարսելո, Ռամոս, Վարան, Կարվախալ, Կազեմիրո, Սեբալյոս, Մոդրիչ, Բեյլ, Վինիսիուս, Բենզեմա: Գլխավոր Մարզիչ` Սանտիագո Սոլարի:
Խաղը վնասվածքի պատճառով բաց կթողնի Տոնի Կրոսը:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ՊԱՐԶ ՉԷ
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նախօրեին Նոր Նորքում տեղի ունեցած դեպքի փաստով. ժամը 18։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ «կատատրավմա» ախտորոշմամբ մի քաղաքացի է տեղափոխվել։ Ըստ բժիշկների` քաղաքացին ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու։ Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին 16-ամյա Հ. Կ.-ն է, որն իրենց շենքի 4-րդ հարկի պատշգամբից վայր է ընկել։ Տեղի ունեցածը դժբախտ պատահա՞ր է, անզգուշությո՞ւն, թե՞ ինքնասպանության փորձ՝ պարզ կլինի քննության ընթացքում։




Լրահոս