Անցում՝ անցումային արդարադատությանը. իշխանությունները լայն հանրային քննարկումներ կանցկացնեն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում անցումային արդարադատության իրականացման գաղափարը կամաց-կամաց միս ու արյուն է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ շաբաթվա ընթացքում այդ նպատակով կստեղծվի հատուկ հանձնաժողով, որի կազմում լինելու են ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, նաեւ ներկայացված է լինելու քաղաքացիական հասարակությունը:

Ըստ մեր աղբյուրների` իշխանությունները նախատեսել են նաեւ հարցի վերաբերյալ լայն հանրային քննարկում անցկացնել, որպեսզի գաղափարը պարզ լինի մարդկանց: Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն անցումային արդարադատության մասին խոսեց վարչապետ ընտրվելուց հետո: Անցումային արդարադատության իրագործման գաղափարի անհրաժեշտությունն այդ օրերին շեշտել էր նաեւ ՀԱԿ-ը՝ հատուկ հայտարարություն տարածելով այդ մասին:

Կառավարությունում դրանից հետո ձեւավորվել էր աշխատանքային խումբ, որը զբաղվում էր այդ հարցերով, եւ համակարգումը հիմնականում իրականացնում էր վարչապետի խորհրդական, անցումային արդարադատության փորձագետ Նիկոլայ Բաղդասարյանը: Եվ հիմա լինելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր` Բաղդասարյանն արդեն համակարգելու է լայն խմբի ստեղծման աշխատանքները:

Նշենք, որ անցումային արդարադատությունը Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության ընթացքում նոր երեւույթ չէ։ Արդարադատության նախկին նախարար, ներկայում բարձրագույն դատական խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանի դիտարկմամբ՝ անցումային արդարադատության մարմին ստեղծվել է 1990-ականների սկզբին:

Գլխավոր դատախազությունում հիմնվել է «Ռեպրեսիայից տուժած անձանց արդարացնելու եւ փոխհատուցում տալու հայտերի քննարկման» հանձնաժողովը: Այս կառույցը Պետական անվտանգության կոմիտեից, Ներքին գործերի նախարարությունից եւ այլ մարմիններից պահանջում էր արխիվային գործերն ու ուսումնասիրության արդյունքներով կազմում եզրակացություն, որն էլ հիմք էր հանդիսանում ԽՍՀՄ տարիներին ապօրինի դատված անձանց արդարացնելու համար։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս