«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վաղը՝ մարտի 23-ին, Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլում կմրցի Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականի հետ: Նկատենք, որ վերջերս Հայաստանի հավաքական է վերադարձել կենտրոնական հարձակվող Յուրա Մովսիսյանը: Թեեւ նա ընգրկված է հավաքականի հայտացուցակում, սակայն այս խաղին չի մասնակցի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մովսիսյանի` խաղին չմասնակցելը կապված է խաղային պրակտիկայի բացակայության եւ լավ մարզավիճակում չգտնվելու հետ: Մինչ այդ Մովսիսյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում ասել է, թե հավաքականում հիանալի մթնոլորտ է: Ու քանի որ մրցակից թիմի մարզիչը թերագնահատել էր մեր հավաքականին, Մովսիսյանն ի պատասխան ասել է. «Հույս ունեմ, որ նրա պատասխանը կտանք հենց խաղադաշտում: Չեմ ցանկանում հարցազրույցի ժամանակ ինչ-որ բան ասել, դաշտում կհանդիպենք»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: