Կարտոֆիլի կարկանդակով քեֆ` անհայտ օր մարտի 8-ի կապակցությամբ. որքան է արժեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունը մարտի 8-ի առթիվ փոքրիկ խնջույք է կազմակերպել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այս գերատեսչությունը 40 անձի համար մարտի 8-ի առթիվ ֆուրշետ է կազմակերպել: Սեղանին եղել են կարկանդակներ` կարտոֆիլով, մսով եւ պանրով, միրգ` խնձոր, բանան, նարինջ, խմորեղեն` առնվազն 2 տեսակի, կոնֆետներ` 2 տեսակի, շամպայն, անձեռոցիկներ տուփով, բնական ծաղիկներով ձեւավորում: Նկատենք, որ ՊՈԱԿ-ը այս ծախսերը հոգացել է պետական բյուջեի հաշվին` ծախսելով 98 հազար դրամ:

Բայց ուշագրավն այն է, որ մարտի 8-յան ֆուրշետի համար նախատեսված պայմանագիրը կնքվել է մարտի 15-ին «Դիանտուր» ընկերության հետ: Մյուս կողմից` պայմանագրի տեխնիկական բնութագրում նշված է, որ միջոցառման կազմակերպումը նախատեսված է իրականացնել մարտի 7-ից մինչեւ մարտի 12-ը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել ՊՈԱԿ-ի հետ` ճշտելու` երբ են տոնել մարտի 8-ը, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին: Ի դեպ, նկատենք, որ առաջիկայում այս ՊՈԱԿ-ը միանալու է «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ին:




Լրահոս