Ինչու են դատախազները դժգոհում գլխավոր դատախազից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կայացրած որոշումների դեմ դատախազների դժգոհության ալիքը շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարտի 18-ին դատարան է դիմել դատախազ Կարեն Ստեփանյանը եւ պահանջում է, որ դատարանը ստիպի ՀՀ գլխավոր դատախազությանը ՀՀ գլխավոր դատախազի 2018թ. նոյեմբերերի 28-ի եւ 2019թ. մարտի 14-ի հրամաններն անվավեր ճանաչել:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից փորձեց իմանալ, թե ինչ հրամանների մասին է խոսքը: Ի պատասխան` դատախազության հանրային կապերի բաժնից մեզ հայտնեցին. «ՀՀ գլխավոր դատախազի մարտի 14-ի հրամանով` Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Ստեփանյանը փոխադրվել եւ նշանակվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության ավագ դատախազ: Հրամանի համար հիմք է ընդունվել Կարեն Ստեփանյանի արտահերթ ատեստավորման արդյունքները:

Դրանից ելնելով` որակավորման հանձնաժողովի կողմից ներկայացվել էր Կ. Ստեփանյանին ավելի ցածր պաշտոնի փոխադրելու միջնորդություն, որը ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան որոշմամբ բավարարվել է»: Ասել է թե` Կարեն Ստեփանյանին ավելի ցածր պաշտոնի են նշանակվել եւ վերջինս, բանավոր կերպով չկարողանալով արդյունքի հասնել, դիմել է դատարան:

Նկատենք, որ Կարեն Ստեփանյանը միակ դատախազը չէ, որ ՀՀ գլխավոր դատախազության դեմ դատարանում կռիվ է տալիս: 2018 թվականին գրել էինք, որ Արթուր Դավթյանի դեմ դատական հայց է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանը: Նա օգոստոսի 30-ին դիմել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ գլխավոր դատախազի 2018թ. որոշումը իրեն պաշտոնից փոխադրելու եւ այլ պաշտոնի նշանակելու մասին:

Այս գործը քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդրիկ Ավետիսյանը: Սակայն մինչ նա կքններ, անհասկանալի կերպով Մուրադյանը հրաժարվեց իր հայցից: Արդյոք Կարեն Ստեփանյանը ե՞ւս կհրաժարվի իր հայցից, թե՞ մինչեւ վերջ կգնա, կիմանանք` սպասելով զարգացումներին:

Քնար Մանուկյան




Լրահոս