Հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից նախաձեռնված համապետական մաքրության օրվա ակտիվ միջոցառումները: Շաբաթօրյակի աշխատանքներին իրենց մասնակցությունը կցուցաբերեն գործադիր իշխանության համապետական և տարածքային կառույցները, մարզպետարանները, համայնքնապետարանները, հանրային և կրթական հաստատությունները, մասնավոր ընկերությունները, մասնագիտացված հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու քաղաքացիները։
Աշխատանքների կազմակերպման նպատակով կներգրավվեն ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր։ Սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ են նախատեսվում միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին ու հարակից տարածքներում, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող հատվածներում, պատմամշակութային հուշարձանների հարակից, հատուկ պահպանվող տարածքներում, կանաչ գոտիներում, պուրակներում, զբոսայգիներում, սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքներում։
Համապետական շաբաթօրյակի արդյունավետության և աշխատանքների համակարգվածության ապահովման նպատակով ՀՀ բոլոր մարզերն, իրենց առանձնահատկությունից ելնելով, մշակել են շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան` շաբաթօրյակի քարտեզներն ըստ համայնքների, մաքրման և բարեկարգման աշխատանքների սխեմաները, աղբակույտերի փակման կամ կոնսերվացման կազմակերպչական գործողությունները, որոնց հնարավոր կլինի ծանոթանալ մարզպետարանների պաշտոնական կայքերում:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում