Դատական համակարգում գրենական պիտույքների դեֆիցիտ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատական համակարգում գրենական պիտույքների դեֆիցիտ է: Դատավորները թուղթ, գրիչ, անգամ համակարգչի տպիչ չունեն, որ կարողանան նորմալ իրականացնեն իրենց մասնագիտական գործունեությունը։ Ավելին` մեզ հայտնի դարձավ, որ օրերս ՀՀ վերաքննիչ դատարանում դատավորները իրենց միջոցներով գումար են հավաքել, որ հասարակ գրիչներ գնեն։

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում դատավորներից մեկը, որ խնդրեց անունը չհրապարակել, նշեց, թե Բարձրագույն դատական խորհուրդը, որ ստեղծվել է դատական համակարգի նորմալ աշխատանքային ընթացքը կարգավորելու համար, առավոտվանից մինչեւ երեկո զբաղված է դատավորներին կարգապահական պատասխանատվության կանչելով կամ նրանց նկատողություն անելով: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի հետ․«Ես առաջարկում եմ հենց հիմա` այս պահին, գաք դատական դեպարտամենտի համակարգի պահեստը եւ ինքներդ արձանագրեք եւ Ձեր եզրակացությունը հայտնեք։

Չունեմ որեւէ ահազանգ, համակարգում ունենք ամեն ինչ` թուղթ, գրիչ, եւ չկա որեւէ դատարան, որ նման խնդիր ունենա. տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում»: Մեր այն հարցին` եթե, ինչպես Դուք եք վստահեցնում, կա, ապա ինչպե՞ս կբացատրեք դատավորների բողոքը, քանի որ ոչ թե մի հոգի է այդ մասին ահազանգել, այլ տասնյակ դատավորներ, Փոլանդյանն ասաց․«Հարցրե՛ք այդ մարդկանց, չեմ ուզում ավելին ասել, հարցրե՛ք այդ մարդկանց, պարզապես եթե շարունակեմ, ասեմ, մի փոքր ավելի կոպիտ կասեմ. այդ մարդիկ փորձում են համակարգը ներսից քանդել»:




Լրահոս