ԱԺ հերթական քառօրյան մեկնարկեց. ինչու կարևոր նախագծերը չկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ, որի օրակարգում այս անգամ ոչ միայն այսօր մեկնարկող քառօրյա նիստերի օրակարգը հաստատվեց, այլ նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովների եւ բարեկամական խմբերի կազմերը:

Ըստ այդմ, Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը կղեկավարի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Հայաստանի եւ Բելոռուսի խորհրդարանների միջեւ` ԱԺ ԲՀԿ-ական փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը, Կիպրոսի ԱԺ-ի հետ հանձնաժողովի ղեկավարումը վստահվել է «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, Կրթության, սպորտի, մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ կդառնա «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

Կազմերը հաստատելու հետ կապված առանձնապես ինտրիգներ չեն եղել, քանի որ քաղաքական որոշում, որպես այդպիսին, վաղուց կայացված էր, եւ երեկվա նիստում ընդամենը հաստատել են դրանք: Մինչ այդ խմբակցություններին տրված են եղել քվոտաներ` խմբակցություններին համապատասխան, եւ վերջիններս, քննարկումներ ունենալով, ներկայացրել են իրենց նախըտրությունները, եւ առարկություններ չեն եղել: Եվ կազմերն ուսումնասիրելով էլ նկատեցինք, որ փորձ է արվել կազմերում համամասնորեն բաշխել ընդդիմության ներկայացուցիչներին:

Կազմերը հաստատելուց զատ ԱԺ խորհրդի նիստում հաստատվել է այսօր մեկնարկելիք ԱԺ քառօրյայի օրակարգը: Եւ այստեղ է պատգամավորներին անակնկալ սպասվել: Բանն այն է, որ այսօր մեկնարկող քառօրյայի օրակարգում այդպես էլ չընդգրկվեց երկար սպասված «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, սակայն, կառավարության նիստում արդեն իսկ հաստատվել է: Սակայն, ըստ էության, խորհրդարան դեռեւս չի հասել եւ հետեւաբար չի էլ անցել հանձնաժողովներով, որպեսզի ընդգրկվի լիագումար նիստերի օրակարգում: Հետաքրքիր է, որ խորհրդարան դեռեւս չի բերվել նաեւ կառավարության հինգշաբթի օրվա նիստում հավանության արժանացած մեկ այլ նախագիծ` «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում ապրիլի վերջին շաբաթ օրը Քաղաքացու օր հայտարարելու մասին` ի նշան նախորդ տարվա ապրիլյան իրադարձությունների:

Այս ապրիլի համար այդ օրն ապրիլի 27-ն է, եւ այդ ամիս քառօրյա նիստերը պետք է տեղի ունենան ապրիլի 16-ից 19-ը ընկած ժամանակահատվածում: Այսինքն` բացի այսօր մեկնարկող քառօրյայից, մեկ էլ հենց այդ օրերին կարող է քննարկել նախագիծը, որպեսզի ապրիլի 27-ը կարողանան հայտարարել Քաղաքացու օր, կամ էլ կառավարությունը ստիպված կլինի արտահերթ նիստ գումարել, որպեսզի խորհրդարանը կարողանա քննարկել այդ հարցը: Ըստ օրենքի նախագծի` այն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: Իհարկե, չի բացառվում, որ նախագիծն ընդունվի ավելի ուշ, եւ Քաղաքացու օրը նշվի արդեն հաջորդ տարվանից: Ամեն դեպքում, այս հարցում դեռ հստակություն չկա: Բայց նկատենք, որ, անկախ օրինագծից, ակնհայտ է` հասարակության մի ստվար հատված ապրիլի 23-ը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, այնուամենայնիվ, պատրաստվում է նշել:

Իսկ, ահա, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը քննարկվել է շատ ավելի վաղ՝ մարտի 7-ի կառավարության նիստի օրը: Հետաքրքիր է, որ կառավարությունն օրենսդրական նախաձեռնությունը համարել է անհետաձգելի, բայց, փաստորեն, ինքն է հետաձգում ԱԺ ներկայացնելը:

Ուսումնասիրելով ԱԺ կայքում տեղադրված նախագծերի բաժինը` տեղեկացանք, որ այն 105 նախագծերի հետ մեկտեղ ընդգրկված է օրակարգում չընդգրկված նախագծեր բաժնում եւ թվագրված է 99 համարով, այսինքն` միայն վերջերս է այն մուտք արվել, սակայն որեւէ քննարկման չի ենթարկվել որեւէ հանձնաժողովում: Սակայն հետաքրքիր է, որ երբ նախագծերն անհետաձգելի էին համարվում, խորհրդարանի կողմից հաճախ դրանք քննարկվում էին նույնիսկ 24-ժամյա ռեժիմով` անգամ արտահերթ նիստ գումարելով կամ ընգրկելով ամենամոտ լիագումար նիստի օրակարգ:

Սակայն այս դեպքում այդպես չեղավ, եւ տրամաբանական բացատրություն, ըստ էության, երկու կողմերն էլ չունեն: Սակայն «ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ այս օրենքի հետ կապված վերապահումներ ունեն անգամ իշխող խմբակցության եւ նույնիսկ կառավարության ներկայացուցիչները, եւ երկար ժամանակ այս օրենքը չէր պատրաստվում, իսկ հիմա էլ չի քննարկվում:

Նախագծերն ԱԺ չներկայացնելու վերաբերյալ մեկնաբանությունների համար փորձեցինք դիմել վարչապետի աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանին, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս