ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Բոլոր ժամանակների իմ հերոսը Վազգենն է. Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում նշվեց Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում նշվեց Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը:

Միջոցառմանը ներկա էին Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, նրա մարտական և գրչակից ընկերները, ինստիտուտի պրոֆեսորա-դասախոսական կազմը, ուսանողներ:

Հանդիպման սկզբում հյուրերը ծաղիկներ խոնարհեցին Արցախյան պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող հուշաքարին , այնուհետև այցելեցին ինստիտուտի թանգարան, որտեղ կա Վազգեն Սարգսյանի մասին պատմող անկյուն:

Ներկաներին ողջունեց բուհի ռեկտոր Վահրամ Առաքելյանը՝ իր ելույթում նշելով, որ Վազգեն Սարգսյանը այն բացառիկ ռազմական, քաղաքական ու հասարակական գործիչներից է, ում կհիշեն և՛ սերնդակիցները, և՛ հետագա սերունդները, կհիշեն որպես անձնվեր ընկերոջ և հրամանատարի: Հարազատ բուհը, ներկայիս սերունդը իր հերոսին հիշում է ամեն օր, առաջնորդվում նրա զորեղ պատգամներով ու խոնարհվում նրա անմար հիշատակի առաջ:

‹‹Վազգեն Սարգսյանի համար ամեն ինչ երկրորդական էր և միակ առաջնայինը բանակն էր, երկիրն ու հայրենիքը:Բանակը նրա երկրորդ տունն էր››,- ասված է ՀՖԿՍՊԻ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արսեն Ջուլֆալակյանի ուղերձում` հավելելով`‹‹պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի մասին հիշելիս գրեթե բոլորը մի պահ տեղափոխվում են մարտի դաշտ, Ազգային ժողով, ընկերական ջերմ միջավայր, որտեղ կողք-կողքի կռվել են, հաղթել են, ընկճվել են, օրենք են ստեղծել, երկիր են կառավարե››:
Վազգենը պարտություններ չէր սիրում և մասնավորապես՝ սպորտում: Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, առանձացրեց իր խոսքում՝ շեշտելով, որ Վազգենը այս ինստիտուտը շատ էր սիրում, սպորտի հետ իր կապը մեծ էր. եթե թենիս էր խաղում, պետք է խաղար պրոֆեսիոնալ: Սկզբում վերցնում էր գիրքը, ուսումնասիրում խաղի կանոնները. սկսում այնքան մարզվել, որ խաղում չպարտվի:

‹‹Ինչպես ինքն էր ասում՝ ժողովուրդը չհասցրեց իրեն լավ ճանաչի. կուզենայի, որ նոր սերունդը Վազգենին ճիշտ ճանաչի, անկախ նրանից, թե ով ինչ կասի: Վազգենն էր, որ կանգնեց և ժողովրդի հետ ճիշտը խոսեց»,-ասաց Արամ Սարգսյանը:
Վազգենը անուրանալի խիզախություն ուներ՝ լինելով շատ պարզ, անկեղծ, շիտակ, բարձր կրթության ու ինքնակրթության տեր անձնավորություն : Իր ելույթում ընդգծեց գրող, հրապարակախոս, ինստիտուտի Մարզական լրագրության և շախմատի ամբիոնի վարիչ Ռոլանդ Շառոյանը:

Արժեքավոր են Վազգեն Սարգսյան գրողի ցանկացած գրառում, հրապարակախոսական մտքերը պատմական ու գրական արժեք են ներկայացնում: ‹‹Երիտասարդ տարիքում գրական ասպարեզ մտավ հասուն գրչով, պայքարի ոգեղեն մտքերով: Հրապարակախոս ու գրող Վազգենին ընթերցողը դեռ լավ ծանոթ չէ»,-իր խոսքում ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Վազգենի ապրած կյանքն ու գործերը ուսուցանում են՝ մեզանից յուրաքանչյուրը իր աղյուսը պետք է դնի հայրենաշինության գործում:
Բացառիկ ջերմ ու մտերմիկ էին Սպարապետի ու գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանի հարաբերությունները:
Իր խոսքն ուղղելով ուսանողներին՝ Սուրեն Աբրահամյանը շեշտեց՝ Վազգենը Սարգսյանը ձեզանից մեկն է եղել, անսահման սիրել է իր երկիրը և միշտ հավատացել իր հաղթանակին :

Արզախյան պատերազմի «Սասուն» ջոկատի հրամանատար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը իր ելույթում շնորհակալություն հայտնեց ինստիտուտի բոլոր այն մարզիկ զինվորներին, որ ամենաառաջիններից զինվորագրվեցին հայրենքի պաշտպանությանը: ‹‹Բոլոր ժամանակների իմ հերոսը Վազգենն է, որին ժողովուրդը «Սպարապետ» պատվանունով կնքեց: Իր արած գործերով Վազգենը լեգենդ է, և մենք պարտավոր ենք պահել ու փայփայել պետականաշինության նրա կարևոր արժեքները››, – իր խոսքում առանձնացրեց Սասուն Միքայելյանը:

Միջոցառման ավարտին ՀՖԿՍՊ-ի ազգագրական պարի խմբակը հայկական հաղթական քոչարիով շնորհավորեց Սպարապետի 60- ամյակը:




Լրահոս