Ով է Փաշինյանի` ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը չի կարող պաշտոնավարել հայտարարության հասցեատերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունից հետո անդադար քննարկվում է բուհերը ՀՀԿ կուսակցական որջ դարձրած եւ նախկին ռեժիմին սպասարկած ռեկտորներին գահից գցելու հարցը: Այս առումով հիմնականում շեշտվում է ԵՊՀ ռեկտոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արամ Սիմոնյանի անունը: Նշենք, որ ռեկտորն իրեն համարում է քաղաքական հայացքների համար հալածվող:

Երեկ կառավարության արտահերթ նիստում վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով ռեկտորների հարցին, ասաց. «Ամբողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի՝ սկսած բուհական համակարգից մինչեւ դպրոցական համակարգ: Այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, այդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն: Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է, եւ մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումը հայտնել: Թող դռները, բազկաթոռները ճանկռեն, մեկ է, նոր Հայաստանում անելիք չունեն: Թող գնան, իրենց համար այլ աշխատանք գտնեն, այլ անելիք, այլ առաքելություն»:

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը կամ ղեկավարը չի կարող շարունակել աշխատել: «Հեղափոխությունը սկսվել է այդ պահանջով եւ ավարտվելու է այդ պահանջով: Սա քաղաքական որոշում է եւ պետք է իրագործվի: Որեւէ մեկը հույս չունենա, որ կմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել»,-ասաց նա:

Շատերի կարծիքով` այս հայտարարությունն ուղղված էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին: Ինքը՝ Սիմոնյանը, անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, նշեց, որ ԵՊՀ-ն դռներ չի փակում ուսանողների առաջ, եւ որ վարչապետը փակագծեր չի բացել, այդ հայտարարություններն իրեն չեն վերաբերում:

Նշենք, որ ռեկտորի այս հայտարարությունը դուր չի եկել ուսանողների մի մասին, եւ երեկվանից նրանք սոցիալական ցանցերում տարածում էին տեսանյութեր թավշյա հեղափոխության օրերից` ցույց տալու, թե հեղափոխության օրերին ինչպես են իրենց դեմ դռներ փակվել:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանից հետաքրքրվեց՝ ով է Փաշինյանի հայտարարության հասցեատերը: Իսրայելյանն ասաց, թե, իր կարծիքով, հայտարարությունն ընդհանուր է արվել, եւ վարչապետը կոնկրետ մեկին նկատի չի ունեցել: Հետաքրքրվեցինք՝ հնարավոր է, որ այս հայտարարությունից հետո հոգաբարձուների խորհուրդը էլի նիստ հրավիրի` ռեկտորին պաշտոնանկ անելու օրակարգով: «Նիստ լինելու է, բայց այլ օրակարգով: Նման օրակարգ մենք չունենք»,-ասաց Իսրայելյանը

Ի դեպ, հիշեցնենք, որ ժամանակին կուսակցականացված էր նաեւ Տնտեսագիտական համալսարանը` իր հայտնի ՀՀԿ-ական սաքուլիկներով: ԱԺ արտահերթ ընտրություններից հետո` արդեն դեկտեմբերին, այս բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանն աշխատանքից ազատվելու դիմում էր գրել: ՀՀԿ-ականացված էր նաեւ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ուսխորհուրդը:

Լուսինե Մինասյան




Լրահոս