Գյումրու քաղաքապետարանի վերջերս իրականացրած ծախսերն իսկապես աչքի են զարնում: Քաղաքապետարանը մեծ, միջին եւ փոքր չափի 252 հատ տորթ եւ 218 շիշ շամպայն է գնել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 2300 կգ տորթի համար քաղաքապետարանը ծախսել է 1 մլն 805 հազար 500 դրամ գումար: Գյումրու քաղաքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ տորթերն ու շամպայնները ձեռք են բերվել մարտի 8-ի առիթով եւ բաժանվել են Գյումրիում գործող դպրոցներին, մշակութային օջախներին, բուհերին, բուժհաստատություններին` այդ կերպ շնորհավորելով կին աշխատակիցներին:
Նկատենք, որ Գյումրու քաղաքապետարանի մոտ տորթերի ու շամպայնների բաշխումը ավանդույթ է դարձել: Տորթերի ձեռքբերման համար նախապես հայտարարված մրցույթին մասնակցել է 3 կազմակերպություն` «Շուշան Տեխնիկս», «Մարիա Քեյք Ֆեքթորի» եւ Ա/Ձ «Աբգար Խաչատրյան Նիկոլայի»: Մրցույթում հաղթող է ճանաչվել «Մարիա Քեյք Ֆեքթորի» ընկերությունը:
Նկատենք, որ թեեւ տորթերը նախատեսված են եղել մարտի 8-ի համար, սակայն պայմանագիրը կնքվել է մարտի 18-ին, իսկ շամպայնի ձեռքբերման համար հայտարարաված մրցույթին մասնակցել է միայն մեկ կազմակերպություն` ԱՁ «Աբգար Խաչատրյան Նիկոլայի», եւ ճանաչվել հաղթող: