Երեկ «Սասնա ծռեր» կուսակցությունը Արցախի Հանրապետությունում էր: Վերջինս հանդիպումների շարք է սկսել քաղաքացիների հետ: Բնակիչների հետ երեկվա հանդիպումից հետո կուսակցությունը հայտարարություն տարածեց, թե Արցախի մարզում, այդ թվում` Քաշաթաղի շրջանում, շարունակվում է Երեւանի նախորդ հանցավոր ռեժիմի եւ մինչ օրս գործող նրա Ստեփանակերտի մասնաճյուղի հաստատած ճամբարային վիճակը:
«Նախորդ օրը` ս.թ. մարտի 23-ին, Մարտունի քաղաքում կատարվածից գրեթե չտարբերվող ձեռագրով Քաշաթաղի շրջանի վարչակազմը եւ նրա հովանավորությամբ գործող անձինք համատարած տնային այցելությունների եւ անհատական հանդիպումների միջոցով ամեն ինչ արել էին Իշխանաձոր համայնքում բնակվող քաղաքացիների եւ «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ներկայացուցիչների ս.թ. մարտի 24-ի հանդիպումը ձախողելու համար: Ինչպես նախորդ օրը Մարտունիում, այստեղ եւս քաղաքացիների քաղաքական ու քաղաքացիական իրավունքների ոտնահարման հարցում աչքի են ընկել Արցախի մարզի թիվ մեկ օլիգարխ, Արցախի նախագահի թեկնածության հավակնորդ Արայիկ Հարությունյանի հետ փոխկապված անձինք»,- ասված է հայտարարությունում:
Ազատամարտիկները եւ Արայիկ Հարությունյանը, իհարկե, բավականին կոշտ պատասխանով հանդես եկան` «Սասնա ծռերի» հայտարարությունը որակելով սադրանք: Հաշվի առնելով այն, որ «Սասնա ծռերը» հայտարարեցին, թե մինչ 2020-ի նախագահական ընտրությունները Արցախում պատրաստվում են հեղափոխություն անել, «Ժողովուրդ» օրաթերթը այս մասին զրուցեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ, որն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Արցախի ներքաղաքական կյանքը մտել է բավականին ակտիվ փուլ, եւ դա պայմանավորված է այն բանով, որ սա նախընտրական ժամանակահատված է:
«Տարբեր քաղաքական ուժեր, անհատներ իրենց տեսլականն են ներկայացնում, հավաքներ են կազմակերպում: Բոլորի համար պետք է մի բան պարզ եւ հստակ լինի, որ ամեն ինչ պետք է տեղի ունենա բացառապես օրենքի սահամններում: Որեւէ մեկը չի կարող լինել օրենքից բարձր, իր կամքը թելադրել այս կամ այն մարդուն, քաղաքացուն կամ, առավել եւս, հասարակությանը, նույնը որեւէ մեկը չի կարող լինել օրենքի նկատմամբ խտրական վերաբերմունքի ներքո: Հետեւաբար, այն, ինչ օրենքով սահմանված է, այն, ինչ թույլ է տրվում մեր օրենսդրությամբ, չի կարող հակաօրինական կամ հակասահմանադրական լինել»,- մեզ հետ զրույցում ասաց Բաբայանը:
Հարցրինք` ազատամարտիկների մասով տարածած հայտարարությունից տեղյակ է արդյոք: «Ես, ճիշտն ասած, տեղյակ չեմ: Որեւէ մեկն իրավունք չունի պարտադրել իր կամքը կամ փորձել մարդկանց առջեւ ելույթ ունենալ, եթե այդ մարդիկ չեն ուզում, եւ որեւէ մեկը չի կարող խոչընդոտել որեւէ հավաք եւ սյուբեկտիվ մոտեցում ցուցաբերել: Եթե նրանք ուզում են ինչ-որ քաղաքական գործընթացներ անել, խնդրեմ, եթե դա օրենքի սահմաններում է: Եթե հակասի օրենքներին, բոլորը պատասխանատվություն են կրելու` ով ուզում է լինի. մենք չունենք յուրայիններ, մենք չունենք աստվածներ, որոնք իրենց օրենքից վեր կարող են դասել: Ով ուզում է լինի, հակասահմանադրական գործողություն արեց, համապատասխան պատասխանատվություն է կրելու»,- ասաց Բաբայանը:
Լուսինե Մինասյան