Նման հայտարարությունները հարիր չեն պետական պաշտոնյային. Արամ Սիմոնյանը` նախարարի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ:

-Պարո՛ն Սիմոնյան, վարչապետ Փաշինյանը կառավարության արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց, որ ուսանողների առաջ դռներ փակած ռեկտորը չի կարող պաշտոնավարել։ Դուք դրանից անմիջապես հետո հայտարարեցիք, որ Դուք դռներ չեք փակել ուսանողների առաջ։ Այդ դեպքում ո՞վ էր վարչապետի հայտարարության հասցեատերը։

-Ես չեմ կարող ասել՝ ով է հասցեատերը։ Կարող է` ես եմ, կարող է` մյուս ռեկտորներն են։ Ես չեմ կարող ասել։ Դրա համար պետք է դիմել վարչապետին, իր լրատվական ծառայությանը։

-Այսինքն` այնուամենայնիվ, չե՞ք բացառում, որ Դուք եք հասցեատերը։

-Իհարկե չեմ բացառում։

-Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ասել է, որ Ձեր պաշտոնավարման մեջ լուրջ խնդիրներ է տեսնում։ Ըստ Ձեզ` ի՞նչ խնդիրներ նկատի ունի նախարարը։

-Ես չեմ կարող ասել, որովհետեւ պարոն Հարությունյանը համալսարանի ներքին կյանքին շատ քիչ է ծանոթ, եւ համալսարանում ինչ է կատարվում, նա դրա մասին շատ հեռու պատկերացումներ ունի։ Նա սովորական, շարքային դասախոս է եղել եւ համալսարանի ներքին կյանքին նա ակտիվ չի էլ մասնակցել։ Թե ինչ նկատի ունի, ես դժվարանում եմ ասել։ Իսկ եթե խոսում է դեգրադացիայի մասին, հարց է ծագում՝ ինչու է այդպիսի դեգրադացված հիմնարկում աշխատել, թող գնար, ուրիշ տեղ աշխատեր։

Ընդհանրապես, ես կարծում եմ, որ դա համալսարանի եւ համալսարանականների հասցեին լուրջ վիրավորանք է, եւ ցավում եմ, որ նման պատասխանատու պաշտոն զբաղեցրած մարդը իրեն թույլ է տալիս այնպիսի արտահայտություններ, որոնք դաստիարակված եւ մտավորական մարդը իրեն չպիտի թույլ տար։ Ինչ վերաբերում է ծրագրին, մեր ռազմավարական բարեփոխումներին, դրանք տարբեր բաներ են։

Ինքը չգիտի, որ ծրագիրը շատ հաջող իրականացվում է, նա չգիտի, որ համալսարանի վարկանիշը շատ բարձր է ոչ միայն Հայաստանում, այլեւ Հայաստանի սահմաններից դուրս։ Այսինքն՝ ոչ թե չգիտի, այլ շատ լավ էլ գիտի, ուղղակի ուզում է այդպես ներկայացնել։ Ինձ համար բավականին անհասկանալի է իր թշնամանքի աղբյուրը։ Այդ թշնամանքն ու ատելությունը, որը ինքը ունի իմ նկատմամբ, ինչ աղբյուր է դա, եւ ինչ խնդիր է ուզում լուծել։ Եթե ընդամենը ինձ պաշտոնանկ անելու խնդիր կա, հազիվ թե նման թշնամանք լիներ, բայց, մյուս կողմից, ես կարծում եմ, որ մարդը եթե ինչ-որ բանի մասին խոսում է, նա պետք է լավ ինֆորմացված լինի դրանից։

-Այն տարիներին, երբ պարոն Հարությունյանը աշխատել է որպես դասախոս, Ձեր միջեւ խնդիրներ են եղե՞լ։

-Մենք շփումներ չենք ունեցել, որ նրա մոտ ատելություն առաջանա։ Նրա խորհրդականը՝ Սամվել Կարաբեկյանը, ունի ատելություն, եւ ես գիտեմ, թե ինչու։ Գուցե նա է ներշնչել այդ ատելությունը, չեմ կարող ասել։ Համենայնդեպս, ես կարծում եմ՝ նման տոնով խոսել եւ նման հայտարարություններ անելը հարիր չէ պետական պաշտոնյային եւ, ընդհանրապես, համալսարանականին։

-Ի՞նչ խնդիրներ եք ունեցել Սամվել Կարաբեկյանի հետ։

-Դե ժամանակին ես Կարաբեկյանին ազատել եմ համալսարանից իր աշխատանքը ոչ պատշաճ կատարելու համար, թեեւ նա հիմա շարունակում է մեզ մոտ որպես դասախոս աշխատել։ Խոսքը վարչական աշխատանքի մասին էր։ Ես սա համարում եմ զուտ աշխատանքային։

-Դուք բազմիցս ասել եք, որ կարծում եք, որ նման բաներ են տեղի ունենում, որովհետեւ Դուք Հանրապետական կուսակցության անդամ եք։ Հիմա էլ եք պնդո՞ւմ, որ նման բան կա։

-Եթե երկրի բարձագույն իշխանությունը ասում է, որ դա քաղաքական որոշում է, դա նշանակում է, որ քաղաքական ինչ-որ պատվեր կա, եւ դա քաղաքական շարժառիթներ ունի։ Հակառակ դեպքում, ինչպե՞ս բնութագրել այդ երեւույթը։

-Այս մասին առիթ ունեցե՞լ եք խոսել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

-Ես նրա հետ ամառվանից հետո չեմ հանդիպել։

-Հեղափոխությունից հետո շատերն են լքում կուսակցության շարքերը։ Հնարավո՞ր է՝ Դուք էլ նման որոշում կայացնեք։

-Ես Հանրապետական կուսակցություն ընդունվել եմ գաղափարական հենքի վրա, իմ գաղափարները համահունչ են Նժդեհի գաղափարախոսությանը, ես ազգային պահպանողական գաղափարախոսության կողմնակից եմ, ընդունվել եմ 1997 թվականի սկզբին եւ ընդունվել եմ` զուտ գաղափարական պահանջներից ելնելով։ Բացարձակ մտադրություն չունեմ լքել ՀՀԿ-ի շարքերը։

Լուսինե Մինասյան




Լրահոս