Առաջին հանդիպումից հետո ի՞նչ է նվիրել Ավո Խալաթյանը Նունե Եսայանին և ի՞նչ է ակնարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանանց միամսյակի շրջանակներում «Ժողովուրդ» օրաթերթը զուտ կանացի թեմաներով զրուցել է Հայաստանի վաստակավոր արտիստ, երգչուհի Նունե Եսայանի հետ: Նա անդրադարձել է սիրային, ընտանեկան թեմաների:

-Կանանց միամսյակը՝ պարտավորությո՞ւն, թե՞ հաճույք: Արդյոք կանանց պե՞տք է միամսյակ:

-Կարծում եմ՝ մի օրն էլ հերիք էր, միամսյակ պետք չէր: Ավելի հետաքրքիր է, երբ տոները քիչ են, քան երբ ձգվում են մեկ ամիս:

-Ամենատպավորիչ նվերը, որ երբեւէ ստացել եք սիրելիից:

-Իմ եւ ամուսնուս առաջին հանդիպումից կարճ ժամանակ անց նա ինձ փոքրիկ հուշանվեր էր տվել՝ կոնֆետներով լի մանկասայլակ: Դա ակնարկն էր այն բանի, որ մեր հարաբերությունները լուրջ են եւ տանում են դեպի ամուսնություն: Մինչեւ հիմա պահել եմ այդ նվերը:

-Շարունակե՛ք միտքը. «Կինը երջանիկ է, երբ…»:

-Ես այսօր երջանիկ եմ իմ ընտանիքով, աշխատանքով, որովհետեւ ես չեմ հորինել ինչ-որ բաներ, որ հետո փորձեմ հասնել դրանց ու երջանկանալ:

-Կնոջ սիրտը գրավելու համար անհրաժեշտ է…

-Այսօրվա չափանիշները, կարծես թե, փոխվել են… Կոնկրետ ինձ համար կարեւոր է, որ տղամարդն անկեղծ լինի եւ հումորի զգացում ունենա:

-Եթե կինը 20 տարեկանում ուզում է մեծ սեր, ապա…

-30-ում ուզում է ընտանիք, 30-40-ում՝ երեխաներ, իսկ 50-ում ուզում է իր ունեցածի պտուղները քաղել:

-Համաձա՞յն եք, որ հայ կանայք այսօր, համեմատած, ասենք, տասը տարի առաջվա հետ, փոխվել են թե՛ արտաքնապես, թե՛ հոգեպես. դարձել են ավելի խնամված, կայացած եւ ինքնուրույն:

-Այո, ավելի ինքնավստահ են դարձել, կարծես թե հասկացել են իրենց արժեքը: Մաղթում եմ, որ նրանք գիտակցեն՝ կինը կարող է ամեն ինչ, եւ չմոռանան, որ, բոլոր դեպքերում, նա պետք է իր կողքին ունենա իրեն արժանի տղամարդ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս