«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության այսօրվա նիստի փոխարեն գործադիրը կհավաքվի վաղը։ Օրվա փոփոխությունը հիմնականում կապված է խորհրդարանում կառավարության ծրագրի կատարողականի քննարկման հետ։ Իսկ այդ քննարկումները շարունակվելու են նաեւ այսօր, որովհետեւ հատկապես իշխող մեծամասնության ներկայացուցիչները որոշել են անխնա օգտվել ե՛ւ հարց տալու, ե՛ւ ելույթ ունենալու իրենց իրավունքից: Այս պահին կառավարության օրակարգում 38 հարց է առկա, որի մեջ է նաեւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի հեղինակը պատգամավոր Հրաչյա Հակոբյանն է։
Այդ փոփոխությամբ առաջարկվում է սահմանափակել վիճակախաղերի գովազդը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծով առաջարկվում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանումը՝ նախատեսելով գովազդները 24:00-ից մինչեւ 06:00-ն ընկած ժամանակահատվածում: Հարցը գործադիրին կներկայացնի ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Թե ինչպես պետք է միայն գիշերային ժամերին անեն գովազդը, դեռ պարզ չէ: