Հայաստանի հավաքականը տապալեց «ԵՎՐՈ 2020»-ի նախընտրական փուլի առաջին երկու հանդիպումները: Մեր հավաքականը, նախ, Սարաեւոյում 1:2 հաշվով զիջեց Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականին, ապա տանը 0:2 հաշվով պարտվեց Ֆինլանդիայի ընտրանուն: Այս առթիվ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ պատգամավոր եւ ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանի հետ:
-Հայաստանի հավաքականը պարտվեց Ֆինլանդիայի ընտրանուն, որը մեր հավաքականի համար երկրորդն էր երկրորդ խաղում: Ի՞նչ եք կարծում, ո՞րն էր հիմնական պատճառը, եւ որտե՞ղ հիմնականում թերացան մեր ֆուտբոլիստները:
-Կարծում եմ` հավաքականը գտնվում է փոփոխությունների շրջանում, մարզիչը նոր է, եւ հույս ունեմ, որ մեր ֆուտբոլիստները կկարողանան բեկել ընթացքը:
-Ի՞նչ եք կարծում, Հայաստանի հավաքականը կկարողանա՞ հայտնվել «ԵՎՐՈ 2020»-ի եզրափակիչ փուլում:
-Պետք է անել հնարավորը: Նոր թիմ է` նոր տրամաբանությամբ, նոր հոգեբանությամբ: Այս երկու խաղերում վատ տպավորություն չթողեցին Բրիասկոն, Արասը եւ Բաբայանը: Լավ է, որ արդեն դարպասապահի դիրքում կա կայունություն. Հայրապետյանը երկու խաղերում էլ շատ լավ դրսեւորեց իրեն: Կարծում եմ` անցումային շրջան է, եւ մեր հավաքականը կկարողանա դրական արդյուքներ գրանցել: Իրականում ուժեղ հավաքական ունենալու դեպքում պետք է ունենալ լավ առաջնություն: Հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել փոքր տարիքային խմբերին:
Մեր հավաքականի լավ արդյունքները մեծապես կախված կլինեն նաեւ Խինես Մելենդեսիից, ում Հայաստանում հայտնվելը իրոք անհավանական էր թվում, սակայն ՀՖՖ-ն կարողացավ հասնել դրան: Մելենդեսի սաներն են հանդիսանում Ինիեստան, Բուսկետսը, Սիլվան, Վիլիան եւ այլ իսպանացի գերաստղեր: Իհարկե, նրանից շատ բան է կախված: -Հիմա կոնկրետ ի՞նչ փոփոխությունների կարիք ունի Հայաստանի ազգային հավաքականը:
-Իհարկե կադրային: Հայաստանի հավաքականին հարկավոր են նոր ֆուտբոլիստներ, սակայն հիմքը պետք է դրվի ոչ թե արտերկրից հայ ֆուտբոլիստներ հրավիրելով, այլ փոփոխություններ իրականացնելով փոքր տարիքային խմբերում, ինչով էլ հիմա զբաղված է ֆուտբոլի ֆեդերացիան: Կառուցվելու են հարյուրավոր դաշտեր բոլոր մարզերում, որը, իհարկե, կնպաստի մեր ֆուտբոլի զարգացմանը: Հիմա մեր հավաքականը ունի կադրային փոփոխությունների կարիք:
-Որքա՞ն ժամանակ կպահանջվի այդ փոփոխությունները կատարելու եւ խնդիրները լուծելու համար:
-Կարծում եմ` 4-ից 5 տարի: Պետք է զինվենք համբերությամբ:
-Դիեգո Ռոսսի Մարաշլյանի մասին. շատ են խոսակցությունները, որ ֆուտբոլի ֆեդերացիան ամեն ինչ անում է նրան հավաքական հրավիրելու համար, սակայն ամեն անգամ մի բան խանգարում է: Ի վերջո, նա հանդես կգա՞ Հայաստանի հավաքականում:
-Մարաշլյանի հետ բանակցությունները երկար են տեւել, բայց, կարծում եմ, նա կընդունի ՈՒրուգվայի հավաքականի հրավերը: Ազգային հավաքականում վիճակն այնպիսին է, որ ֆուտբոլիստը պետք է լայն ցանկություններ ունենա հավաքականում հանդես գալու, իսկ եթե նա այդ ցանկութունները չունի, ապա իմաստ չկա համոզելով նրան հրավիրել, ով էլ ուզում է լինի: Իհարկե, հիանալի կլիներ, որ Ռոսսին հանդես գար մեր ազգային թիմում, սակայն, կարծում եմ, նա կխաղա Ուրուգվայի հավաքականի կազմում:
-Ինչպիսի՞ պայմաններում են մարզվում մեր երիտասարդական հավաքականները, եւ այդ պայմանները որքանո՞վ են համապատասխանում միջազգային ստանդարտներին:
-Ունենք Ֆուտբոլի ակադեմիան, որը բավականին բարձր մակարդակի է, ունենք տարբեր ենթակառուցվածքներ Երեւանում, բայց չունենք մարզերում: Ֆուտբոլը Երեւանից պետք է արտահանվի նաեւ մարզեր: Դրա համար մեծ աշխատանքներ են տարվելու, կառուցվելու են 400-ից ավելի մարզադաշտեր, որը կնպաստի մարզերում ֆուտբոլի զարգացմանը, ինչպես առաջ էր, այսինքն՝ պետք է վերականգնվեն հին ավանդույթները: Երեւանում ենթակառուցվածքների առումով ամեն ինչ լավ է, մարզերում՝ ոչ: Ամեն ինչ լավ ընթանալու դեպքում, իհարկե, մարզերից ֆուտբոլիստներ կհրավիրվեն Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներ:
-Հայաստանի հավաքականի խաղերի տոմսերի գները զգալիորեն նվազել են: Դա չի՞ կարող ճգնաժամի առաջ կանգնեցնել հայկական ֆուտբոլը:
-Իհարկե ոչ: Ֆինլանդիայի դեմ խաղում տեսանք լեփ-լեցուն մարզադաշտ: Այդպիսի դեպք լինում էր միայն այն ժամանակ, երբ մեր հավաքականը խաղում էր Պորտուգալիայի կամ Իտալիայի դեմ: Այդ խաղում ազատ էր միայն Ֆինլանդիայի հավաքականի երկրպագուների համար նախատեսված սեկտորը: Ես երբեք չէի տեսել, որ անշլագ լինի հյուսիսային եւ հարավային տիբունաները: Այս խաղում այդպես էր, դրա պատճառով էլ ոչ մի ճգնաժամի մասին խոսք գնալ չի կարող:
Զրուցեց Էդմոն Մարտիրոսյանը