Գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով չեն հարկվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը Հարկային օրենսգրքի բարեփոխումների նախագծից հանել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Այս պահի դրությամբ Հարկային օրենսգրքի բարեփոխումների ցանկից գազավորված ըմպելիքների վերաբերյալ դրույթները հանվել են: Հետագա քննարկումների պարագայում կճշգրտենք: Կար նաև սկզբունքի խնդիրը: Եթե մենք դա դիտում ենք որպես առողջապահական խնդիր և փորձում ենք հարկել բարձր շաքարավազ պարունակող ըմպելիքները, հարց է առաջանում նաև այլ ապրանքների մասով, որոնք ևս բարձր շաքարավազ են պարունակում: Այս պահի դրությամբ դա հանված է օրինագծից»,-հայտնեց Ավինյանը:

Հարցին, թե հնարավոր է արդյոք վերադառնան նախնական առաջարկված տարբերակին` ըմպելիքներն ըստ շաքարայնության հարկելուն, Ավինյանն ասաց, որ, ընդհանուր առմամբ, քննարկումները կշարունակվեն և բոլոր շահառու խմբերի հետ մանրամասն կուսումնասիրեն ու կհասկանան, թե ինչ լուծումներ կարող են գտնել: Այս փուլում այդ հարցի վերաբերյալ օրակարգ չունեն:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի նախնական տարբերակով առաջարկվում էր ակցիզային հարկով հարկել 100 գրամ ծավալում 5 և ավելի գրամ շաքար պարունակող ըմպելիքները: Հետո սակայն այդ դրույթը հանվեց, փոխարենը նախատեսվում էր հարկել բոլոր գազավորված ըմպելիքները` բացառությամբ հանքային ջրերի: Դա առաջացրել էր գազավորված ըմպելիքներ արտադրող որոշ տնտեսվարողների դժգոհություն, ովքեր իրենց բողոքն էին արտահայտել կառավարության շենքի դիմաց:




Լրահոս