«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո այսօր կկայանա Փաշինյան-Ալիեւ հանդիպումը: Հարկ է ընդգծել, որ Նիկոլ Փաշինյանի` վարչապետ դառնալուց հետո սա առաջին անգամ է, երբ երկու երկրների առաջնորդները հանդիպում են Մինսկի խմբի հովանու ներքո, այսինքն՝ հանդիպում են բանակցային սեղանի շուրջ, պաշտոնապես: Մինչ այս եղել են ընդամենը կարճատեւ զրույցներ Փաշինյանի ու Ալիեւի միջեւ, ընդ որում՝ այդ կարճատեւ զրույցների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվում են բավականին հստակ:
Մինչ այդ մեկ փաստ էլ. ՀՀ վարչապետ Փաշինյանն օրերս խորհրդարանում հայտարարել է, թե Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ իր դիրքորոշումը չի փոխվել, եւ հայկական կողմը Վիեննա է մեկնում հենց այդ օրակարգով:
Շաբաթներ առաջ Ստեփանակերտում Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության խորհուրդների համատեղ նիստին Փաշինյանը պնդել էր՝ Ղարաբաղը պե՛տք է ներգրավվի բանակցություններում, օրեր առաջ էլ իր ասուլիսում ընդգծել էր՝ դա ոչ թե ձեւաչափի փոփոխություն է, այլ նախկինում գործող ֆորմատի վերականգնում: Բաքուն, սակայն, կտրականապես մերժել էր այս առաջարկը: Ակնհայտ այս տարաձայնությունների ֆոնին Փաշինյանը ընդգծել է` առաջիկա հանդիպումից առայժմ միայն մտքերի փոխանակում է ակնկալում:
Մինչ այդ նկատենք, որ այդ հանդիպմանն է անդրադարձել ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «Այսօր կքննարկվեն բոլոր հարցերը համանախագահների, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման շրջանակում։ Այստեղ հարցը ոչ այնքան մաղթանքներն են, որքան ամբողջ իրավիճակի վերլուծությունը, որը կտրվի այդ հանդիպման ընթացքում։ Դրա արդյունքների մասին կհայտնենք հավելյալ»,- ասել է Զախարովան։
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: