Այսօր ՀՔԾ-ն «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանին վկայի կարգավիճակով հրավիրել է հարցաքննության: Հիշեցնենք, որ օրերս ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ նախաքննության տվյալները հրապարակելու դեպքի առթիվ: Խնդրո առարկան Մարտի 1-ի գործով որոշ նախկին ու ներկա պաշտոնյաների` Ֆելիքս Թոխյանի, Սերժ Սարգսյանի, Գուրգեն Մելքոնյանի ցուցմունքների հրապարակումն է, ինչը ՀՔԾ-ն դիտարկել է որպես նախաքննական գաղտնիքի հրապարակում:
«Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ դիմեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին` հասկանալու համար, թե արդյոք լրագրողին` որպես վկա, կարող են հրավիրել, եւ արդյոք լրագրողը` որպես վկա, պարտավոր է բացահայտել իր տեղեկատվության աղբյուրը, օրինակ` ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործով: Ի պատասխան` ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտնեց. «Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանել է այն անձանց շրջանակը, որոնց վարույթ իրականացնող մարմինը չի կարող կանչել որպես վկա:
Այդ ցանկում լրագրողները ներառված չեն, սակայն լրագրողներն իրավունք ունեն չբացահայտել տեղեկատվության աղբյուրը` բացառությամբ, երբ դատարանը պարտադրել է լրագրողին բացահայտել աղբյուրը, եւ այն էլ` երբ միաժամանակ առկա են հետեւյալ պայմանները.
1.վկայի ցուցմունքն անհրաժեշտ է քրեական գործով ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով,
2. հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտություն,
3. ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը,
4. սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները:
ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի առիթով չի կարող լրագրողին պարտադրվել բացահայտել տեղեկատվության աղբյուրը, քանի որ նշված հանցագործությունը հանդիսանում է ոչ մեծ ծանրության հանցագործություն»: