ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՇՎԻՆ ԴՈՒԲԱՅ ԵՆ ՄԵԿՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզպետարանը ստուգումներ է անցկացրել Եղվարդի քաղաքապետարանում: Հայտնաբերված թերությունները բավական խոսուն են: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ պարզվել է` ավագանու որոշումների նախագծերը կազմվել են բացթողումներով:

Բացակայել են որոշումների ընդունման անհրաժեշտության հիմնավորումները, նաեւ ավագանու իրավասու հանձնաժողովում քննարկման արդյունքում ձեւավորված կարծիքը: Սրանք, սակայն, ամենամեղմ բացթողումներն են եղել: Բացահայտվել են նաեւ ավելի լուրջ փաստեր:
«Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն` վարչական պաշտոններ կարող են զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները: Բայց պարզվում է, որ Արագյուղ բնակավայրի վարչական ղեկավար Զորիկ Տիգրանյանը չունի բարձրագույն կրթություն, իսկ այդ պաշտոնին նշանակվել է 2017 թվականի դեկտեմբերի 1-ին: Իսկ, ահա, Զովունիի երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Բոչուլյանի 65 տարին լրացել է, մինչդեռ օրենքով սահմանված է, որ գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ: Մեզ հայտնի դարձավ, որ Եղվարդի մշակույթի տան տնօրեն Սաթենիկ Հակոբյանի բարձրագույն կրթության դիպլոմը չի համապատասխանում պետական նմուշին:
Համայնքի ղեկավարի 2017 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ` գույքագրման ցուցակում ավելացել են դահլիճի թվով 448 հատ փափուկ բազկաթոռ` 17 մլն 122 հազար դրամի, որոնք չէին գույքագրվել 2016 թվականին` չնայած այն բանի, որ նշված գույքը ձեռք է բերվել հենց այդ տարում: Սա դեռ ամենը չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համայնքի ղեկավարի որոշմամբ` «Տեառընդառաջ» համաքաղաքային տոնակատարության մասնակիցներին` որպես հոբելյանական հազարերորդ զույգ, տրամադրվել է տուրիստական ճամփորդության փաթեթ դեպի ԱՄԷ Դուբայ քաղաք, փաթեթի արժեքը կազմել է 577 հազար դրամ: Բայց մարզպետարանը արձանագրել է, որ բացակայել են զույգի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, եւ պարզ չէ, թե իրականում ովքե՞ր են համայնքի հաշվին Դուբայ գնացել: Բացի այս, 2016 թվականի համայնքի բյուջեի համապատասխան հոդվածներով հատկացվել են գումարներ` 2 մլն 170 հազար դրամ, 17 մլն 425 հազար դրամ, համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին, ինչպես նաեւ ուսման վարձերի մի մասի դիմաց, սակայն գերակշռող հատկացումների մասով բացակայել են գումարները ստացողների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները: Նույն պատկերն է եղել նաեւ 2017 թվականին: Այսինքն` հայտնի չէ՝ արդյոք այդ գումարը ծախսվել է նորապսակ զույգերին Դուբայ ուղարկելու կամ ուսման վարձ փոխհատուցելու նպատակով, թե ոչ: Հուսանք` Եղվարդի քաղաքապետը բացատրություն կտա եւ կապացուցի, որ այդ գումարները ծախսվել են հենց այդ նպատակներով: Ամենաուշագրավն այն է, որ պարզվում է` համայնքի ղեկավարի 2016 թվականի հ.176 որոշմամբ` գումար է հատկացվել Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի ավարտական դասարանի դասղեկներին` թվով 5 հոգի, յուրաքանչյուրին 100 հազարական դրամ: Թե ինչ նպատակով կամ ինչ արժանիքի համար, հայտնի չէ: Բացի այս, համայնքի դրամարկղից 500 հազար դրամ վճարվել է Եղվարդի թիվ 14 ավագ դպրոցի տնօրեն Ռազմիկ Սիմոնյանին այն դեպքում, երբ համաձայն համայնքի ղեկավարի համապատասխան որոշման կից հավելվածի` նշված գումարները պետք է տրամադրվեր հինգ դասղեկների: Բայց, չգիտես ինչու, կես մլն դրամ ստացել է դպրոցի տնօրենը: Դարձյալ հայտնի չէ, թե ինչ նպատակով:
Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարզպետարանի կողմից անցկացված ստուգումների արդյունքում բացակայել է Ռազմիկ Սիմոնյանի անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Այսինքն` գումարը տրվել է տնօրենին, բայց դա հաստատող փաստաթղթերը բացակայում են: Ինչպես հայտնի է, 1999 թվականից Նորայր Սարգսյանը ղեկավարում է Եղվարդ համայնքը: Ինչպես ասում են, մեկ անգամ մտել է համայնքապետի առանձնասենյակ եւ այլեւս չի կամենում դուրս գալ: Նորայր Սարգսյանը բավական հարթ կենսագրություն ունի. ամբողջ ութ տարի` 1978-1986 թվականներին, սովորել է Երեւանի Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում, իսկ դպրոցն ավարտելու տարում ընդունվել է Եղվարդի ՆԱՏ-ի գիտաարտադրական միավորման հարավային մասնաճյուղ` որպես տեխնիկ: Այստեղ աշխատել է ուղիղ տասներկու տարի` լինելով փականագործ, ճարտարագետ, կրտսեր գիտաշխատող: 1989 թվականին, երբ հիմնովին հեղինակազրկվել էր Կոմունիստական կուսակցությունը, տեղավորվել է ՀԿԿ շրջկոմում` որպես հրահանգիչ, իսկ կոմկուսից էլ «անցում է կատարել» դեպի մասնավոր սեփականություն ու դարձել «Ռադա» կոոպերատիվի նախագահ: Այս կոոպերատիվից չհրաժարվելով` 1992-ին նշանակվել է գյուղխորհրդի նախագահի տեղակալ:
Տեղակալությունը նրան այնքան է դուր եկել, որ 1997-1998 թվականներին եղել է Եղվարդի քաղաքապետի տեղակալ: 1998թ. ներպալատական հեղաշրջումից հետո զբաղվել է գյուղամթերքների արտադրությամբ ու վաճառքով, բայց երեւի առեւտրականի գործը կայուն եկամուտներ չի ապահովել: Ու արդեն Քոչարյանի պաշտոնավարման տարիներին` 1999թ.-ին, ընտրվել է քաղաքապետ: Չմոռանանք` 1978-80 թվականներին բանակում է ծառայել: Սա շեշտենք, քանի որ այսօրվա շատ քիչ պետական պաշտոնյաներ են ծառայել բանակում: Իր կուսակցականության մասին էլ սկզբնական շրջանում չի նշել, որովհետեւ իսկապես եղել է անկուսակցական, բայց հետագայում դարձել է Հանրապետականի անդամ: Սակայն նկատենք, որ մարզպետարանի պաշտոնական կայքէջում նրբորեն հանվել ՀՀԿ-ական լինելու մասին տեղեկությունը: Նկատենք, որ այսօր Նորայր Սարգսյանը Եղվարդի ոչ միայն ամենահայտնի մարդն է, այլեւ ամենաունեւորներից մեկը: Լինելով քաղաքապետ` նա շարունակում է զբաղվել բիզնեսով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՄՅՈՒՆԽԵՆՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ. «ՍԸՐ ԲԱՍԲԻԻ ՏՂԱՆԵՐԸ»

1958 թվական. անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» արդեն երրորդ տարին անընդմեջ պայքարում էր Անգլիայում առաջինը լինելու համար: Թիմը ընդամենը 3 միավորով էր հետ մնում առաջին հորիզոնականը զբաղեցնող «Վուլվերհեմփտոնից», բայց դեռ հանդիպում ուներ անցկացնելու նրանց հետ «Օլդ Տրաֆֆորդում»: «Մանչեսթեր Յունայթեդը» նաեւ դուրս էր եկել Եվրոպայի Չեմպիոնների առաջնության կիսաեզրափակիչ:

1958 թվական, փետրվարի 6. այս օրը մանչեսթրյան թիմը շատ բարձր տրամադրությամբ վերադառնում էր տուն, սակայն մի վայրկյանում փշրվեցին Բասբիի տղաների երազանքներն ու պատկերացնումները. նրանցից շատերը չկարողացան վերադառնալ տուն…
1958թ. փետրվարի 6-ին Մյունխենի օդանավակայանում վթարի ենթարկվեց «Մանչեսթեր Յունայթեդի» ինքնաթիռը: Airspeed AS.57 Ambassador ինքնաթիռը, որը պատկանում էր Բրիտանական ավիաուղիներին, կատարում էր Բելգրադ – Մյունխեն – Մանչեսթեր թռիչքը:
Ինքնաթիռը վայրէջք էր կատարել Մյունխենում, որտեղ պետք է վառելիք լիցքավորեր եւ շարունակեր թռիչքը դեպի Մանչեսթեր: Օդաչուն ինքաթիռը վերեւ բարձրացնելու երկու անհաջող փորձերից հետո հայտնեց անձնակազմին, որ ինքնաթիռի հետ կապված խնդիրներ կան, սակայն թիմի ղեկավարի պատճառով օդաչուն կատարեց երրորդ փորձը: Ինքաթիռի խնդրի եւ թաց ձյան պատճառով այն չհավաքեց բավարար արագություն, որն էլ դարձավ սարսափելի վթարի պատճառը:
Վթարի հետեւանքով զոհվեցին 23 մարդ, իսկ 19 հոգի ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ:
Արդեն 61 տարի է անցել Մյունխենյան ողբերգությունից, բայց ոչ ոք չի կարողանում մոռանալ «Բասբիի մանուկներին», նրանց չեմպիոնական երազանքները, ոչ ոք չի կարողանում մոռանալ լեգենդար «Մանչեսթեր Յունայթեդի» մեծ ողբերգությունը: Զոհվածներից 8-ը թիմի ֆուտբոլիստներ էին, իսկ 3-ը` աշխատակիցներ:
Հարի Գրեգ` մանչեսթրյան թիմի դարպասապահ եւ այդ դաժան օրվա իսկական հերոս: Նա այրվող ինքնաթիռից կարողացավ դուրս բերել մեկ երեխայի, ինչպես նաեւ Մեթ Բասբիին ու Բոբի Չարլթոնին:
Այդ սարսափելի օրվանից տարիներ անց «Յունայթեդը» սկսեց վերելք ապրել Գրեգի, Չարլթոնի, Բասբիի եւ նրա օգնական Ջեյմի Մերֆիի շնորհիվ:
«Մանչեսթեր Յունայթեդը»` Սըր Բասբիի գլխավորությամբ, 1968-ին նվաճեց Եվրոպայի Չեմպիոնների գավաթը: Լեգենդար թիմից կային երկուսը` Բոբի Չարլթոնը եւ Ֆոուլքսը:
61 տարի անց ողջ աշխարհը սգում է «Մյունխենյան ողբերգությունը»…

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս