ՄԻՆԱՍԻ ՈՐՄՆԱՆԿԱՐԸ` ՈՉՆՉԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը, որը գտնվում է Գյումրու կիսավեր, փլատակների վերածված «Օմեգա» գործարանում, վտանգված է. այն ամրակայման եւ վերականգնման կարիք ունի: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի խորհրդի նախագահ, նկարչի որդի Արման Ավետիսյանը: Նշենք, որ «Գիշեր» որմնանկարն ընդգրկված է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում, 2010 թվականին այն ընդգրկվել է վերականգնման ենթակա հուշարձանների ցանկում, սակայն փաստացի այն այսօր գտնվում է ոչնչացման եզրին:

«Տարբեր ծրագրերի շրջանակներում Մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ վերականգնվել է Մինասի 8 եւ տեղափոխվել է 7 որմնանկար, իսկ «Գիշեր» որմնանկարին պարզապես հերթ չի հասել, այն որեւէ միջամտության չի ենթարկվել: Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել այն փրկելու համար, որովհետեւ մեկ տարի հետո արդեն փրկելու ոչինչ չի լինի: Շենքը, որտեղ գտնվում է որմնանկարը, կիսավեր է, որմնանկարն էլ չի կարողանում դիմակայել եղանակային տատանումներին»,- շեշտեց պարոն Ավետիսյանը:
Նա նախ դիմեց Մշակույթի նախարարություն, որպեսզի միջոցներ տրամադրվեն որմնանկարը գոնե մասնակի ամրակայելու համար. «Հարցը դրված չէ այսպես` պահպանել, թե ոչ, հարցը հետեւյալն է. ի՞նչ եղանակով է հնարավոր արագ լուծել այս խնդիրը: Օրինակ` Մինասի «Ցերեկ» որմնանկարի դեպքում պահպանելու բան այլեւս չկա, ուշ է, իմաստ չունի, բայց «Գիշերը» դեռ կարելի է վերականգնել»,-ասաց նկարչի ժառանգը:
Հարցին, թե վերջին շրջանում հանդիպում ունեցել է արդյոք Մշակույթի նախարարության որեւէ ներկայացուցչի հետ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ամռանը հանդիպել եմ այն ժամանակ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, 15-20 րոպե խոսել ենք, բայց դա կառուցողական զրույց չի եղել»:
Պարոն Ավետիսյանը բացի Մշակույթի նախարարությունից ֆինանսավորման համար դիմում է նաեւ բարերարներին, մասնավոր հատվածին: Նա որպես այլընտրանքային տարբերակ դիտարկում է նաեւ դրամահավաքը գոնե որմնանկարի ամրակայումն իրականացնելու համար, մինչեւ որ կհայթայթեն վերականգնման համար անհրաժեշտ ողջ գումարը:
«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցեց նաեւ ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանի հետ: Նա հիշեցրեց, որ հուշարձանների վերականգնման համար նախարարությունը տարեկան 250 միլիոն դրամ ունի 25 հազար հուշարձանի համար: Ուստի հուշարձանի պահպանությունը բավական թանկ գործառույթ է, եւ ֆինանսները տրամադրվում են անհետաձգելի դեպքերի համար: Մեր դիտարկմանը, թե «Գիշեր»-ի վերականգնումը եւս անհետաձգելի է, պարոն Գալստյանը պատասխանեց. «Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերականգնման համար մինչ այժմ պետությունը բավական մեծ գումարներ է ծախսել, կարծում եմ` հիմա պետք է հիմնադրամը իր աջակցությունը ցույց տա, պետք է դրամահավաք կազմակերպվի: Ես ակնկալում էի նաեւ, որ Գյումրու օդանավակայանում շինարարական աշխատանքների շրջանակում հնարավոր կլիներ վերականգնել «Գիշերը», իհարկե, հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում»:
Իսկ, առհասարակ, փոխնախարարը նկատեց, որ հուշարձանների վերականգնման համար դրսից մասնագետներ հրավիրելու դեպքում ծախսերը բավական մեծ են, ուստի նպատակահարմար կլինի, որպեսզի մենք այդ գումարները տրամադրենք մեր մասնագետներին կրթելու համար. «Այդ թեմայով զրուցել եմ Կրթության եւ գիտության նախարարի հետ, հավանաբար այդ հարցով կզբաղվենք»,- նշեց պարոն Գալստյանը:
Նշենք, որ նախնական հաշվարկներով՝ որմնանկարը վերականգնելու համար պահանջվում է 25 հազար դոլար։ «Գիշեր» որմնանկարը ստանդարտ չափերի է եւ երբեւէ չի վերականգնվել։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ԻՆՖԱՆՏԻՆՈՆ` ՄԻԱԿ ԹԵԿՆԱԾՈՒ
ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ առաջիկա ընտրությունների միակ թեկնածուն գործող նախագահ Ջանի Ինֆանտինոն է: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՖԻՖԱ-ի անդամ 211 ազգային ֆեդերացիաներից Ինֆանտինոյին է պաշտպանում 196-ը: Ինչպես նշվում է, Ինֆանտինոյի մրցակիցը միայն Ռամոն Վեգան էր, որը նույնիսկ չառաջադրվեց: Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները տեղի կունենան հունիսի 5-ին:

 

 

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԳՏՆԵԼ
Էմիլիանո Սալայի որոնողական աշխատանքները շարունակվում են, սակայն նրա եւ օդաչուի փրկվելու շանսերը զրոյական են: Որոնողական աշխատանքների ղեկավար Դեւիդ Միրնսը խոստովանել է, որ այլեւս ոչ ոք չի հավատում Էմիլիանո Սալայի եւ օդաչու Դեւիդ Այբիտսոնի ողջ մնալու վարկածին: Goal-տված հարցազրույցում նա նշել է. «Սալայի եւ օդաչուի ընտանիքի անդամները հասկանում են, որ երկուսն էլ մահացել են: Նրանք պարզապես ցանկանում են գտնել իրենց հարազատների մարմինները: Դա անչափ կարեւոր է: Ինչ վերաբերում է ինքնաթիռին, ապա դրա բեկորները անհրաժեշտ են, որպեսզի պարզենք ողբերգության պատճառները»:

 

 

«ՍՊԻՏԱԿ ԱՐՋԸ» ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը այս շաբաթ կավարտի բուժման կուրսը ԱՄՆ-ում եւ կվերադառնա հայրենիք. այդ մասին ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը: Դեռեւս հայտնի չէ՝ երբ «Սպիտակ արջը» կվերադառնա մարզումներին: Հավաքականում չեն ցանկանում վտանգի տակ դնել նրա առողջությունը, քանի որ տարին նախաօլիմպիական է եւ շատ պատասխանատու:

 

 

ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ԵՆ ԻՍԿՈՅՈՎ
Իսպանական մի շարք հեղինակավոր պարբերականներ նշում են` ամռանը «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկոն կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: Ինչպես ասում է MundoDeportivo-ն, Բարտումեուն խոսակցություն կունենա Պերեսի հետ Իսկոյի հարցով, ինչից հետո էլ պարզ կդառնա ֆուտբոլիստի ճակատագիրը: Հիշեցնենք, որ Իսկոն, մեղմ ասած, լավ հարաբերություններ չունի «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիի հետ եւ ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբային գրանցումը:

 

 

«ՌԵԱԼՆ» ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ
Փետրվարի 5-ին «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշում էր ծննդյան 34-րդ տարեդարձը: Ֆուտբոլիստը լավագույններից է համարվում պատմության մեջ, իր բոլոր ակումբներին օգնել է ժամանակին մեծ հաջողությունների հասնել եւ թիմից հեռացել է որպես մեծ հերոս: «Ոսկե գնդակի» հնգակի դափներկրի ծնունդը շնորհավորել է «Սպորտինգը», «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն մադրիդյան ակումբի պաշտոնական էջը այդպես էլ չի շնորհավորել իր թիմի պատմության լավագույն ռմբարկուին (451գոլ):

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

«ՃՆՇՈՂ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆ Է»»
«Ինձ դուր չի գալիս մեր հասարակության կողմից ներքաղաքական կյանքին ծայրաստիճան ուշադիր հետեւելու միտումը: Նկատում եմ, որ ոմանք փորձում են ուղղորդել իրենց ձեռնտու գաղափարներն ամրապնդելու համար, իշխանության հակառակ ճամբարում գտնվողների կողմից իրականացվող ինֆորմացիոն ամենատարբեր մանիպուլյացիաների ականատեսն ենք այսօր, ուստի իշխանությունը պետք է ակտիվանա եւ ներկայանա կոնկրետ արած աշխատանքներով»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռադիո եւ հեռուստահաղորդավար Ժակը:
Նրա խոսքով` այժմ բարդ շրջան է, քանի որ էմոցիոնալ փուլից անցում ենք կատարել ակնկալվող շոշափելի փոփոխությունների փուլ. «Վերջին շրջանում փոքր-ինչ հետ եմ քաշվել ներքաղաքական կյանքն ուսումնասիրելուց: Կարծում եմ` այն հյուծում է սովորական քաղաքացուն, շեղում է զբաղվել առավել արդյունավետ գործունեությամբ: Այսօր երկրի ճնշող մեծամասնությունը «քաղաքական մեկնաբան է», հատկապես օնլայն տիրույթում: Օֆլայն տիրույթում մարդկանց արձագանքները համեմատաբար մեղմ են, նրանք զբաղված են իրենց առօրյա խնդիրները լուծելով»,-նկատեց հաղորդավարը:
Մենք հետաքրքրվեցինք` իր նախկին գործընկերուհի Լուսինե Բադալյանի հետ նրա` պատգամավոր դառնալուց հետո հանդիպե՞լ են: «Այո, հանդիպել ենք տոներին «Ռադիո Վան»-ում, մեզ առաջնահերթ կապում է ընկերությունը, բայց հետաքրքիր է նաեւ իմ` որպես ժողովրդի եւ Լուսինեի` որպես Ազգային Ժողովի ներկայացուցչի հարաբերությունը: Ամեն դեպքում, վստահ եմ, որ Լուսինեն էլ չի հեռացել ժողովրդից եւ ծանոթ է մարդկանց շրջանում իշխող տրամադրություններին»,-պատասխանեց Ժակը:
Նա հավելեց, որ այժմ փոփոխությունների շրջան է, իսկ յուրաքանչյուր այդպիսի փուլ արդեն իսկ օգտակար է այն առումով, որ դրական տեղաշարժերի հնարավորություն է ընձեռում:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս