«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանի հետ:
-Պարո՛ն Չոբանյան, ինչպե՞ս ստացաք մարզպետ նշանակվելու առաջարկը: Սպասելի՞ էր:
-Առաջարկը ստացել եմ ղեկավարությունից: Ինձ համար սպասելի էր այն առումով, որ, գիտեք, ես «Իմ քայլի» պատգամավորի թեկնածու եմ եղել: Այդ նախընտրական արշավի ժամանակ, ըստ էության, իմ եւ ժողովրդի միջեւ ներքին փոխադարձ ցակություն ստեղծվեց, եւ տարբեր տեղերից հարցնում էին` իսկ հնարավո՞ր է, որ մեր մարզպետը դառնաք: Երբ որ արդեն ընտրությունները ավարտվեցին, եւ պարոն Ղալումյանը թողեց իր պաշտոնը, ինձ առաջարկ եղավ Տավուշի մարզպետ գալու, եւ ես մեծ հաճույքով ընդունեցի այդ առաջարկը: Շատ ուրախ եմ, որ այն քննարկումները, հույսը, հավատը, որը ձեւավորվել է իմ այցելությունների ընթացքում, հիմա ես հնարավորություն ունեմ իրականություն դարձնելու:
-Արդեն պատկերացում ունե՞ք, թե իրենից ինչ է ենթադրում մարզպետի աշխատանքը: Որպես ծնունդով տավուշցի` վստահաբար Ձեզ համար խնդիրներ առանձնացրած կլինեք: Հիմա, երբ հնարավորություն է ստեղծվել, կարո՞ղ եք այդ խնդիրները ամբողջությամբ լուծել:
-Իրականում այն խնդիրները, որոնք հիմա ես ինձ համար վերաձեւակերպում եմ, դրանք գրեթե չեն տարբերվում այն ձեւակերպումներից, որոնք որ ես ունեի մինչեւ մարզպետ դառնալը: Այդ խնդիրները բոլորը լուծելի են: Ես համոզված եմ, որ մեր գրանցած արդյունքները էապես գերազանցելու են այն արդյունքներին, որոնք դրված են եղել Տավուշի զարգացման վերջին ռազմավարական ծրագրով, եւ դրանով իսկ մենք կարձանագրենք, որ ավելի արդյունավետ ենք դարձրել այն աշխատանքը, որը նախկինում է եղել:
-Տավուշի կարեւորագույն խնդիրներից մեկն այն է, որ մարզը դատարկվում է: Արդեն կա՞ տեսլական` ինչ եք անելու այս խնդրի լուծմանը հասնելու համար:
-Ժողովրդագրական խնդիրը մի քանի կոմպոնենտ ունի: Առաջինը տնտեսական է: Այն վերաբերում է աշխատատեղերին եւ մարդկանց աշխատանքային կարողությունների առավելագույն ռեալիզացիային, որովհետեւ դա ոչ միայն վերաբերում է նոր աշխատատեղեր ստեղծելուն, այլ նաեւ վերաբերում է գոյություն ունեցող աշխատանքներին, որովհետեւ այնպես չէ, որ բոլոր նրանք, որոնք աշխատում են ինչ-որ տեղում, գոհ են իրենց աշխատանքից: Հաջորդ կոմպոնենտը կրթական է, որովհետեւ ես կարծում եմ, որ մեր խնդիրը ոչ միայն գործազրկությունն է, այլեւ որակյալ աշխատուժի առկայությունը: Ես կարծում եմ, որ իմ փորձառությունը բավարար է, որ ես կոնսոլիդացնեմ լավագույն ուժերը հանրապետությունում, եւ մենք կունենանք զգալի արդյունքներ կարճ ժամանակ հետո: Հաջորդ բաղադրիչը մարդկանց պլաններ են` կապված ապագայի հետ: Պետք է ասեմ, որ մենք ունենք դրական շրջադարձ: Հեղափոխությունից հետո մարդիկ շատ ոգեւորված են:
-Ուսումնասիրելով Ձեր կենսագրությունը` տեսանք, որ աշխատել եք նախկին իշխանությունների օրոք, ընդ որում` ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ, ե՛ւ Սերժ Սարգսյանի: Ի՞նչ դժվարություններ են առաջացել այդ տարիներին: Ի վերջո, ո՞րն է Ձեր «երկարակեցության» գաղտնիքը:
-Իրականում ես բոլոր ժամանակներում պրոֆեսիոնալ աշխատանք եմ իրականացրել եւ հպարտանում եմ իմ կենսագրության բոլոր էտապներով` ե՛ւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում իմ աշխատանքով, ե՛ւ թվային Հայաստանի կառուցման մեջ իմ աշխատանքով, ե՛ւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման ոլորտում աշխատանքով, ե՛ւ 2012-ից սկսած արեւային էներգետիկայի ոլորտում իմ աշխատանքով: Ես կարծում եմ` դրանք միանշանակ օգտակար են այս աշխատանքների իրականացման համար: Իսկ իմ «երկարակեցության» գաղտնիքը պրոֆեսիոնալ աշխատանքն է, բարձր արդյունավետությունն է աշխատանքում եւ սկզբունքայնությունը: Ես ամբողջ ընթացքում, լինելով հանրային ակտիվ անձնավորություն բոլոր իմ կյանքի էտապներում, երբեք կուսակցականությամբ չեմ տառապել եւ նախկին իշխանությունների հետ այդ առումով ճանապարհ չեմ անցել: Դա է եղել պատճառը, որ 2012 թվականին ես մի քիչ նաեւ հոգնած հեռացել եմ պետական համակարգից եւ առ այսօր աշխատել եմ մասնավոր ոլորտում: Հիմա հաճույքով եմ միացել, որովհետեւ այն սկզբունքները, որոնք որ ընկած են նոր Հայաստանի կառավարության հիմքում, դրանք այն սկզբունքներն են, որոնցով ես ապրել եմ բոլոր նախորդող տարիներին` նախորդ իշխանությունների ժամանակ նույնիսկ:
-Ասացիք, որ ինչ-որ շրջանում հոգնած եք եղել պետական համակարգից: Դա պայմանավորված է եղել նախկին իշխանությունների հետ անհամաձայնություններո՞վ:
-Անշուշտ: Անհամաձայնություններ շատ են եղել, անարդարություններ շատ են եղել, եւ այդ հոգնածությունը եղել է դրա արդյունքում:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՅՔԱՐՆ ԸՆԴԴԵՄ ՆՈՐԻ
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրների` Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանի նշանակումը այդքան էլ հեշտ եւ հարթ չի ընթացել: Հիմնականում Շիրակի նախկին մարզպետ, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի կողմից փորձեր են արվել արհեստական խոչընդոտներ ստեղծել ներկայիս մարզպետի համար: Ավելին` նա փորձել է իր ցանկալի թեկնածուին առաջ մղել, իսկ ցանկալի թեկնածուն եղել է Վարդան Գրիգորյանը, որը, նշենք, Գյումրու կահույքի սրահներից մեկի տնօրենն է, ասում են՝ ապաքաղաքական մարդ:
Հիշեցնենք` նորանշանակ մարզպետը «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված է եղել որպես պատգամավորի թեկնածու, հավաքել է մոտ 4600 քվե, եւ տրամաբանական է, որ ընտրություններից հետո մարզպետի պաշտոնում քննարկվել է հենց նրա թեկնածությունը: Մեր տեղեկություններով` երբ որպես մարզպետի հավանական թեկնածու սկսել է շրջանառվել Տիգրան Պետրոսյանի անունը, Կարեն Սարուխանյանը մարզպետարանի իր նշանակած աշխատակիցներին համոզել է նամակ գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին` փորձելով ակնարկներ անել, որ Տիգրան Պետրոսյանը, ըստ էության, արժանի չէ այդ պաշտոնին: Սարուխանյանի հորդորով նամակի տակ ստորագրել են մարզպետարանի հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, ՔՊ-ի ներկայացուցիչներն ու համակիրները` համոզված լինելով, որ Պետրոսյանը չի նշանակվի: Բայց հիմա, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ, նրանք փոշմանել են, քանի որ հայտնվել են խաբված վիճակում:
Ինչեւէ, Սարուխանյանին Պետրոսյանի դեմ հակաքարոզչություն անելիս օգնության է հասել այն, որ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հետ կապված քրեական գործ է բացվել, իսկ հիմնադրամի նախկին ղեկավարներից մեկը եղել է նորանշանակ մարզպետի ընկերը: Տիգրան Պետրոսյանի ընկերն է նաեւ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստ Կարեն Պետրոսյանը: Կարեն Սարուխանյանը, հասկանալով, որ նրանց մտերմությունը, հատկապես Կարեն Պետրոսյանի գործոնը կազդի Տիգրան Պետրոսյանի վարկանիշի վրա, բնականաբար, բացասական առումով փորձել է այդ փաստն էլ օգտագործել:
«Ժողովուրդ» օրաթերթը այս մասին զրուցեց Շիրակի նախկին մարզպետ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ: Վերջինս ասաց, որ հերքում է մեր տեղեկությունները: «Ես ասեմ, որ ես ինքս եմ Տիգրան Պետրոսյանին առաջարկել, որ ինքը ընդգրկված լինի «Իմ քայլի» ցուցակում: Դեմի որեւէ բան չկա: Դրա համար որեւէ պատճառ չունեմ»: Հետաքրքրվեցինք` ինքը ստորագրություններ չի՞ հավաքել ընդդեմ Տիգրան Գալստյանի: «Ես հերքում եմ դա: Ստորագրահավաք չի եղել: Նորից եմ կրկնում` դրա վառ ապացույցն էլ այն է, որ ես եմ իրեն առաջարկել ընդգրկվել մեր ցուցակում»,- մեզ հետ զրույցում ասաց Սարուխանյանը: Մեր աղբյուրների պնդմամբ` Սարուխանյանի կողմից իսկապես առաջարկ եղել է Պետրոսյանին, սակայն դա, բնականաբար, եղել է քաղաքական թիմի որոշման արդյունքում: Նշենք նաեւ, որ նրա առաջարկը մերժվել է: Հետո Տիգրան Պետրոսյանին առաջարկ է եղել քաղաքական թիմի կողմից, որն արդեն ընդունվել է:
Հ.Գ. Տիգրան Պետրոսյանի նշանակումից հետո Կարեն Սարուխանյանը շտապել էր համացանցում շնորհավորել նրան: Մեր աղբյուրների պնդմամբ` նա այդպես է արել կատարվածը մոռացության տալու համար:
Լ. ՄԻՆԱՍՅԱՆ
ԱՐՏԱՀԵՐԹ
Կառավարությունն այսօր կրկին արտահերթ նիստ կգումարի։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգում կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցն է։ Ըստ Սահմանադրության` այսօր կառավարության ծրագիրը ներկայացնելու վերջնաժամկետն է, եւ այն պետք է արդեն ուղարկվի խորհրդարան, որից 24 ժամ հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կհայտարարի առաջին նստաշրջանի շարունակման օրը` քննարկման առարկա դարձնելով այդ փաստաթուղթը։ Չնայած փետրվարի 6-ին կառավարության ծրագրի նախագիծը հրապարակվել էր, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր մինչեւ վերջին օրը սպասել, շանսը օգտագործել եւ խմբագրական աշխատանքներ կատարել։ Հավելենք, որ կառավարության ծրագրի հրապարակումից հետո քննադատություններ եւս առկա են, եւ չի բացառվում՝ խմբագրումները կատարվեն նաեւ դրանից ելնելով։
ՍՆԱՆԿԱՑԱՎ
ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին` Ալրաղացի Լյովիկին պատկանող «Ախթամար» ընկերությունը ՀՀ սնանկության դատարանի հունվարի 30-ի վճռով սնանկ է ճանաչվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել «Արմսվիսբանկ»-ը: Խոսքը 25 մլն դրամ գումարի մասին է: Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ Սնանկության դատարանի փետրվարի 1-ի որոշմամբ` «Ախթամար» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արսեն Չիտչյանը: Նշենք, որ նախկին պատգամավորի ընկերությունը պարբերաբար հայտնվել է Պետական եկամուտների կոմիտեի տեսադաշտում, անգամ տուգանվել է մաքսային մարմին հայտարարագիր չներկայացնելու համար:
ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԸ ՊԱՐՏՎԵՑ
Դատարանը սկսել է անվավեր ճանաչել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի՝ ժամանակին ընդունած որոշումները: Մասնավորապես, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը պարտավորեցրել է ՀՀ Սյունիքի մարզպետին 5 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքել Դարբասի միջնակարգ դպրոցի` 2017թ. դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած մրցույթի արդյունքներով ընտրված տնօրեն Ռուբեն Զաքարյանի հետ: Ավելին` դատարանը որոշել է անվավեր ճանաչել մարզպետ Վահե Հակոբյանի եւ «Դարբասի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում նշանակված Վարդիթեր Սանթրյանի միջեւ պայմանագիրը: Բանն այն է, որ դեռ 2017թ. դպրոցում մրցույթ էր անցկացվել, ու տնօրեն էր նշանակվել Վարդիթեր Սանթրյանը, իսկ, ահա, մյուս թեկնածուն` Ռուբեն Զաքարյանը, դիմել էր դատարան՝ պնդելով, որ իրականում ինքն է հաղթել, իսկ մարզպետն ապօրինություն է արել: Եվ, ահա, մեկ տարի անց նա նախկին մարզպետ Վահե Հակոբյանին հաղթեց, հիմա էլ նշանակվելու է տնօրեն: