«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով` իրավապահ համակարգը քննություն է իրականացնում «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Վարդենիսի մասնաճյուղի պետ Մխիթար Հարությունյանի գործունեության մասով: Ավելին, երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մխիթար Հարությունյանը հայտնեց, որ իրեն կանչել են հարցաքննության:
Բոլորին հայտնի է, թե ինչ իրադարձություններ են կատարվում այդ ՊՈԱԿ-ում, թե ինչպես են պաշտոնատար անձինք գործարքի գնում հայտնի ու անհայտ անձանց հետ եւ ապօրինի ծառահատումներ կատարում: Սակայն այս դեպքը այլ կինո է:
Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն` իրավապահներին է դիմել մի քաղաքացի եւ Մխիթար Հարությունյանի գործունեության հետ կապված հանցագործության մասին հաղորդում ներկայացրել: Ըստ մեզ հասած լուրերի` քաղաքացին իրավապահներին հայտնել է, որ ինքը «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Վարդենիսի մասնաճյուղի պետ Մխիթար Հարությունյանին կլորիկ գումար է տվել, որ վերջինս իրեն տարածք հատկացնի: Ըստ էության, Մխիթար Հարությունյանը գումարը վերցրել է, սակայն քաղաքացուն տված խոստումը չի կատարել:
Հետո քաղաքացին պարբերաբար նրանից հետաքրքրվել է, թե ինչ ընթացք ստացավ հարցը, ինչու է ուշանում խոստացված հողատարածքի տրամադրումը, սակայն վերջինս մերժել է: Երբ քաղաքացին հասկացել է, որ անգամ գումարը տալուց հետո չի կարող խնդրի լուծման հասնել, դիմել է իրավապահներին:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ քննչական կոմիտեից հասկանալ, թե ինչ կաշառքի գործի մասին է խոսքը, եւ, առհասարակ, ինչ տարածք է խոստացել պաշտոնյան քաղաքացուն: Ի պատասխան մեր հարցման` ՀՀ քննչական կոմիտեից հաստատեցին տեղեկությունը, որ իրավապահներին է դիմել Կարճաղբյուր համայնքի մի քաղաքացի եւ հայտնել է, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Վարդենիսի մասնաճյուղի պետ Մխիթար Հարությունյանին գումար է տվել, որ նա իրեն ՊՈԱԿ-ի տարածքում հողատարածք հատկացնի, որպեսզի ինքը հետագայում այդ տարածքում տուն կառուցի, սակայն վերջինս գումարը վերցրել է, խոստումը այդպես էլ չի կատարել: Կատարվում է քննություն:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ իրավապահներին դիմած քաղաքացին իր դիմումում հայտնել է, որ մեկ անգամ Մխիթար Հարությունյանին տվել է 1950 դոլար, իսկ մեկ այլ անգամ էլ` 400 դոլար:
Ի դեպ, մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները Մխիթար Հարությունյանին հարցաքննության են հրավիրել, իսկ, ահա, երեկ ողջ օրը հարցաքննել են վերջինիս եղբորը` Հունան Հարությունյանին:
Ավելին, լուրեր կան այն մասին, որ Կարճաղբյուրի բնակչին խոստացված տարածքը վաճառվել է պաշտոնատար անձի:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի մասին զրուցեց Մխիթար Հարությունյանի հետ, որը վստահեցրեց, թե նման բան չի եղել:
-Պարո՛ն Հարությունյան, Ձեր գործողությունների հետ կապված իրավապահներին հաղորդում են տվել հանցագործության մասին, որ գումար եք վերցրել, ՊՈԱԿ-ի տարածքում հող եք խոստացել ու չեք արել:
-Ո՞նց կարող է նման բան լինել, տենց բան ո՞նց կարող է լինել, այդպիսի բան ոչ մի անգամ չի եղել:
-Այսինքն` Ձեզ գումար չե՞ն տվել, Դուք տարածք չե՞ք խոստացել քաղաքացուն:
-Այսինքն` եթե հիմա ամեն մարդու ասածին լսենք, ուր կգնա կհասնի, ասենք, խի՞ պիտի հիմա 10 տարվա պատմությունը նոր ասեին, եթե հանդիպեմ Ձեզ, ամեն ինչ պատմեմ, Դուք ողջ մանրամասները կիմանաք:
-Ձեր եղբորը երեկ ողջ օրը հարցաքննել են. ինչո՞ւ, նա ի՞նչ կապ ունի այս պատմության հետ:
-Ես չգիտեմ` իրեն ինչու են հարցաքննել, երեկվանից ճնշումս բարձր է եղել, հիմա էլ պառկած եմ, տեղեկություն չունեմ, որ քննել են, բայց ինչու են քննել, տեղյակ չեմ:
-Այսինքն` Ձեր գործի հետ կարո՞ղ է կապ չունենա, նրան ա՞յլ բանի համար են տարել:
-Չգիտեմ, որ Ձեզ կոնկրետ պատասխան տամ:
-Իսկ Ձեզ հարցաքննության կանչե՞լ են:
-Այո, կանչել են:
-Գնացե՞լ եք:
-Ախր Դուք հիմա զանգել եք, ասեցի, երբ հանդիպեմ, Ձեզ կպատմեմ, կհասկանաք:
-Համեցե՛ք «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, բայց մինչ այդ կարո՞ղ եք ասել` եթե նման բան չի եղել, ինչո՞ւ է Ձեր դեմ հաղորդում ներկայացրել, ի՞նչ խնդիր ունի Ձեզ հետ:
-Գիտե՞ք, դա ոնց կարելի է մեկնաբանել. քաղաքացին ինչ-որ բանից դրդված է եղել, ակտեր եմ գրել իրա վրա…: Մեր տարածքում իր ապօրինի շինություններն են: Խնդիրը շատ երկար է, իր տղան մեզ մոտ աշխատել է, հետո գործից հանել ենք, բաներ կան, դրա համար եմ ասում` հեռախոսով չեմ կարող ասել, թե որը որից հետո է: Քննչական մարմինը տանում է իր քննությունը: Քանի որ բողոք է եղել, իրենք իրենց քննությունն են անում, ես վատ բան չեմ տեսնում, մնացածը քննության ժամանակ պարզ կլինի: Ինքը բողոքում է, որ անտառ է կտրվել, եսիմ ինչ է, ինքը ինչ-որ գումար է հատկացրել ինձ, որ ես դակումենտացիա սարքեմ, այդտեղ կա 40 ավելի տներ, որը 80-ական թվականներին սարքված է եղել: Այդ ո՞նց կարելի էր 40-ից ավել ապօրինի սարքած ազգային պարկի շինությունների մեջ, ասենք, խոսքի մենակ մի մարդուց գնալ, գումար վերկալել ու հող տալ:Դրա համար եմ ասում` սա գլոբալ խնդիր է:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել նաեւ իրավապահներին հաղորդում ներկայացրած քաղաքացու հետ, սակայն փորձերը անցան ապարդյուն: Պատրաստ ենք հրապարակել նաեւ նրա մեկնաբանությունը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանը, անդրադառնալով փաստին, որ ՔԿՎ պետի նախկին տեղակալ Արսեն Համբարձումյանն աշխատանքից ազատվելուց հետո դիմել է դատարան, ասաց, թե հայցից տեղյակ չէ: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ վարչական դատարան է դիմել ՔԿՎ պետի նախկին տեղակալ Արսեն Համբարձումյանը: Վերջինս պահանջում է ստիպել ՀՀ արդարադատության նախարարությանը իրեն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնում վերականգնել եւ դեռ ավելին` իր օգտին ՀՀ արդարադատության նախարարությունից միջին ամսական աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, բռնագանձել: Մեզ հայտնի դարձավ, որ մեկ ամսվա համար այդ գումարը կազմում է 631 հազար 454 դրամ: Համբարձումյանն աշխատանքից ազատվել էր նախորդ տարվա հունիսի 15-ին: Արդյունքում զրուցեցինք ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանի հետ հասկանալու համար, թե ինչ խնդիր ունի նա նախկին կադրերի հետ, եւ, առհասարակ, ինչու են ազատվում նախկին կադրերից: Ի պատասխան` Արտյոմ Մխոյանը հայտնեց. «Ներքին որեւէ խնդիր մենք չունենք: Ես Ձեզանից իմացա, որ Արսեն Համբարձումյանը դատարան է դիմել աշխատանքի վերականգնվելու պահանջով: Ճիշտն ասած` քրեակատարողական վարչության պետի տեղակալին ազատելու կամ նշանակելու հարցը արդարադատության նախարարության գործառույթն է»: Մեր այն դիտարկմանը` այսինքն` Դուք խնդիր չե՞ք ունեցել նախկին աշխատակիցների հետ, ասաց, որ կոնկրետ ծառայության պետի տեղակալների մասով որեւէ գործառույթ չունեն, դա նախարարության գործառույթն է:
ՀԱՅՏՆԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՄԵՐԺՎԵՑԻՆ
Գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի ինքնասպանության գործը մնում է առեղծված, սակայն նրա անվան շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում: Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ինքնասպան եղած գործարարից բնակարան գնած հայտնի անձինք դիմել էին դատարան: Մասնավորապես, դատարան էին դիմել ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի դուստրը` Նաիրա Սարգսյանը, ինչպես նաեւ Հանրային հեռուստաընկերության սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը, «Գրանդ Քենդի» հայ-կանադական ՍՊԸ-ի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Վարդանյանը` Հրանտ Վարդանյանի որդին: Հավելենք, որ ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւս 2016թ. հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ ինքնասպան եղած գործարարի ընկերության: Եվ, ահա, երեկ տեղեկացանք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանը մերժել է այդ հայցադիմումները: Դատարանը որոշումը պատճառաբանել է նրանով, որ հայցվորների կողմից դատարանին վերաբերելի ապացույցներ չեն ներկայացվել, որով կհիմնավորվեր, որ անշարժ գույքի բաժանման 06.04.2010թ. պայմանագիրը չի կնքվել օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ
Վերաքննիչ քրեական դատարանն ամբողջությամբ մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը. Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Ըստ այս գործով դատախազի` Քոչարյանը ներկա է եղել նիստին: «Որոշումը կայացվել է քաղաքական պատվերի շրջանակներում»,- ասել է Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Նրա խոսքով` որոշումը բողոքարկվելու է Եվրոպական դատարանում:
ՆՎԱԶՈՒՄ
«Նախորդ տարվա հունվարի համեմատությամբ` այս տարվա հունվարին ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհերի էական նվազում ունենք»,- գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է. «Ճիշտ է` պատահարների ու դրանց հետեւանքով վիրավորների թիվն աճել է, բայց նաեւ ավտոմեքենաների թվի աննախադեպ աճ ենք ունեցել 2018թ.»: Վարչապետի փոխանցմամբ` ՃՏՊ-ների եւ դրանց հետեւանքով վիրավորվածների թվին դասվում են նույնիսկ ամենաթեթեւ դեպքերը, այնպես որ, իմաստ ունի առաջնակի ուշադրություն դարձնել զոհերի թվին: Եվ այս առումով դինամիկան հուսադրող է:
ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ
Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւի հետ: Քննարկվել են հայ-ռուսական երկկողմանի ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ պլանները եւ հեռակա ուղենիշները:
ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄ
Սոնա Տռուզյանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: «Այս ընթացքում շարունակել եմ կատարել իմ աշխատանքային պարտականությունները, քանի դեռ դիմումը, սահմանված կարգով, մակագրված չէր: Մտադիր եմ իմ հետագա մասնագիտական գործունեությունը շարունակել մասնավոր ոլորտում»,-ասել է նա:
ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում պարզվել են տատի բնակարանից 25-ամյա երիտասարդի կատարած առանձնապես խոշոր չափերի գողության դեպքի հանգամանքները: 2018թ. դեկտեմբերի կեսերին Էջմիածնի բնակիչը` ծնված 1994թ., ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ իր տատի` Էջմիածնի բնակչուհու բնակարանի ննջասենյակի հագուստի պահարանից վերցրել է նշված բնակարանի բանալին: 2018թ. դեկտեմբերի 26-ին, տեղյակ լինելով, որ տատը բացակայում է տանից, նախապես վերցրած բանալիով բացել է բնակարանի դուռը, ապօրինի մուտք գործել եւ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար: 25-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: