«ԿԻՆԸ ՍԵՔՍՈՒԱԼ Է, ԵՐԲ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ Է ՈՒ ԽՆԱՄՎԱԾ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասանուհի Տաթեւ Հովակիմյանն է: Մենք բացահայտել ենք նրա էությանը բնորոշ գծերը, խոսել ենք դերասանուհու նախասիրությունների, սովորությունների մասին, պարզել, թե այս կամ այն իրավիճակում ինչ մոտեցումների կողմնակից է մեր զրուցակիցը:

-Տաթե՛ւ, ո՞ր ամսին եք ծնվել, կենդանակերպի ո՞ր նշանի ներքո եւ ինչպե՞ս է այս հանգամանքն անդրադարձել Ձեր ճակատագրի, բնավորության վրա:
-Ծնվել եմ հունվարին, Այծեղջյուր եմ, բայց կդժվարանամ ասել՝ ինչ ազդեցություն է դա ունեցել իմ կյանքի վրա: Ամեն դեպքում, հավատում եմ, որ կենդանակերպի բոլոր նշաններն իրենց յուրահատկություններն ունեն:
-Ձեր անունը միշտ Ձեր սրտո՞վ է եղել, թե՞ երբեւէ ցանկացել եք փոխել: Եթե ոչ Տաթեւ, ի՞նչ անուն կցանկանայիք ունենալ:
-Կարծում եմ՝ բոլորն էլ ինչ-որ տարիքում ցանկանում եմ փոխել իրենց անունները: Ինձ մոտ էլ է եղել նման փուլ, բայց հետո հասկացել եմ, որ փոխել պետք չէ, իսկապես շատ եմ սիրում իմ անունը: Ինձ թվում է՝ անունը մարդու հետ է ծնվում: Հայրս է շատ սիրում իմ անունը, նա է դրել, հետեւաբար ես էլ եմ սիրում:
-Եթե ունենաք հանգստյան ընդամենը մեկ օր, կնախընտրեք մնալ տա՞նը, թե՞ կցանկանաք այն անցկացնել դրսում, ընկերների հետ:
-Նայած ժամանակ: Հաճախ մնում եմ տանը, ինչ-որ ֆիլմ եմ նայում կամ գիրք եմ կարդում, հիմնականում` պոեզիա, բայց նաեւ լինում է, երբ ցանկանում եմ ժամանակս ընկերներիս հետ անցկացնել:
-Խնջույքներ սիրու՞մ եք:
-Ոչ, ես աղմկոտ միջավայր չեմ սիրում:
-Ասում են՝ մարդը միշտ մենակ է, համաձա՞յն եք:
-Չէ, ես համաձայն չեմ: Մենք ծնվում ենք, առնվազն մեր մայրը մեզ հետ է, իսկ հետո կարող ենք ընտրել՝ ինչպես ապրել, որպեսզի մահանալիս մենակ չլինենք:
-Երբ ամենատարբեր իրավիճակներ հանգուցալուծվում են ոչ այնպես, ինչպես ակնկալում էիք, նախընտրում եք փնտրել մեղավորնե՞ր, թե՞ եզրակացություններ անել:
-Շատ վաղուց արդեն հակված եմ եզրակացություններ անելուն: Ցանկացած իրավիճակում առաջին հերթին ինքս իմ մեջ եմ փնտրում մեղավորին:
-Շարունակե՛ք միտքը. «Եթե ես լինեի վարչապետ…»
-Ես չէի ուզենա լինել վարչապետ, ուղղակի այդքանը (ծիծաղում է):
-Սովորաբար խոստումներ տալի՞ս եք, թե՞ խուսափում եք դրանից:
-Խոստումներ տալ կամ լսել չեմ սիրում, մարդկանց գործողություններին եմ հավատում:
-Շարունակե՛ք միտքը. «Տղամարդը երբեք չի հեռանա կնոջից, եթե…»
-Եթե մտադրվել է չհեռանալ: Իսկ եթե որոշել է հեռանալ, ոչինչ նրան չի պահի:
-Ասում են՝ փողը ձեռքի կեղտ է, այդպե՞ս է:
-Ո՛չ, ուղղակի ապրելու միջոց է: Ցավոք, այս աշխարհն այնպիսին է, որ առանց փողի ապրել չես կարող:
-Շարունակե՛ք միտքը. «Կինը սեքսուալ է, երբ…»
-Ինտելեկտուալ է ու խնամված: Այս երկու որակների համատեղումը իդեալական տարբերակ է:
-Ո՞վ է Ձեր մարդ-շտապ օգնությունը:
-Ծնողներս, ընդ որում՝ բոլոր իրավիճակներում:
-Համաձա՞յն եք, որ նա, ում մասին մտածում եք զարթնելիս եւ քնելուց առաջ, կա՛մ Ձեր երջանկության, կա՛մ տառապանքի աղբյուրն է:
-Չգիտեմ, ես կոնկրետ մեկի մասին չեմ մտածում, սովորաբար օրվա պլանների մասին եմ մտածում:
-Երբ ինքներդ Ձեզ հետ կռվի եք բռնվում, ո՞ր Տաթեւն է հաղթում:
-Արդարը:
-Ձեր արտաքինի մեջ կա՞ մի բան, որը Ձեզ մատնում է, օրինակ՝ կարմրելու հատկություն կամ արցունքներ:
-Շուտ լալիս եմ միայն ֆիլմերում, իսկ իրական կյանքում համարյա լաց չեմ լինում, միշտ բողոքում եմ դրա համար (ծիծաղում է): Ինչ վերաբերում է կարմրելուն, թեեւ բեմի մարդ եմ, բայց բեմից դուրս, երբ մի քանի հոգի ինձ են նայում, դժվարանում եմ առանց կարմրելու խոսել: Չեմ սիրում շատ մարդկանց մոտ խոսել:
-Վստահությունը կորցնում եք այն մարդկանց նկատմամբ, որոնք…
-Խոստումներ են տալիս եւ չեն կատարում դրանք:
-Այս երեքից առանց որի՞ չեք պատկերացնում Ձեր կյանքը՝ առանց պաղպաղակի՞, ֆասթֆուդի՞, թե՞ ծամոնի:
-Ցավոք, ֆասթֆուդի: Երեւի չէիք պատկերացնի, բայց գիշերվա մեկին, երկուսին էլ կարող եմ ֆասթֆուդ ուտել եւ չգիրանալ: Դրա համար պարտական եմ իմ գեներին (ծիծաղում է):
-Հավատու՞մ եք պատահականություններին, թե՞ այն համոզման եք, որ ամեն բան կատարվում է անհրաժեշտաբար:
-Պատահականություններ շատ են լինում մեր կյանքում, դրանց չհավատալ նշանակում է չհավատալ նաեւ հեքիաթներին, իսկ այդպես ապրել չի կարելի:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ՍՈՒՐԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆՆ ՈՒ ՄԱՔՍԱՅԻՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ

«Ժողովուրդ» օրաթերթն ընթերցողների դատին է ներկայացնում նոր շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմելու ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշելու են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն է:

Նա պատմեց, որ իր այցելած եվրոպական ավելի քան տասը երկրում հասարակական տրանսպորտից չի օգտվել, փոխարենը` այդ գումարով գնել է մեքենա, որով շրջել է տվյալ երկրներում, այնուհետեւ եկել Հայաստան ու վաճառել այն: Արդյունքում շատերը մտածում են, թե Սուրենը մեքենաների ներկրման բիզնեսով է զբաղվում, այնինչ դժվար է հավատալ, բայց նա դա անում է հաճույքի եւ մատչելիության համար, որպեսզի հանգիստ տեղաշարժվի իր սիրելի քաղաքներում:
«Ասեմ, որ այս գործն ամենեւին էլ եկամտաբեր չէ, պարզապես թույլ է տալիս իմ նախընտրելի քաղաքներում ավելի երկար մնալ: Մաքսայինում շատերին թվում է, թե ես բիզնեսմեն եմ»,-ասաց Սուրենը:
Ի դեպ, ճամփորդությունների ընթացքում քիչ չեն եղել զվարճալի, հիշարժան դեպքեր: Օրինակ՝ մի անգամ Սուրենի գերմանաբնակ ընկերը որոշել է նրա հետ իր ծանոթներից մեկի համար մեծ, ստացիոնար համակարգիչ եւ «Խորհրդավոր ընթրիք»-ի թեմայով քանդակ ուղարկել. «Թուրքիայի սահմանին հերթական ստուգման ժամանակ հարցրին, թե ինչ եմ տեղափոխում, ես էլ ստիպված եղա ստել` ասելով, թե դա իմ համակարգիչն է, նոթբուքի հնարավորություն չունեմ, աշխատանքներս այդ համակարգչի մեջ են, եւ ստիպված եմ դրանով շրջել ամբողջ աշխարհում: Երբ չէին հավատում, առաջարկեցի անուն-ազգանունս գրել «Գուգլ»-ում եւ համոզվել, որ ռեժիսոր եմ (ծիծաղում է): Իսկ երբ բանը հասավ քանդակին, այս անգամ ես ասացի, թե իբր մոլի հավատացյալ եմ եւ այդ սուրբ քանդակը ինձ հետ տանում եմ տարբեր երկրներ: Ամենազվարճալին այն է, որ մաքսայինի աշխատակիցները հավատացին ինձ, մտածեցին, որ խենթ եմ, անգամ արտահայտվեցին, ասացին. «Մենք ձեզ նման տարօրինակ մարդ չէինք տեսել»»,-հիշեց ռեժիսորը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ՋՐԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼ
Մեծ Բրիտանիայի` ավիավթարների հետաքննությամբ զբաղվող բաժնից (AAIB) հայտնել են, որ «Քարդիֆի» ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի եւ օդաչու Դեւիդ Իբոտսոնի կործանված ինքնաթիռի բեկորների մոտ հայտնաբերված մարմինը կարողացել են ջրից դուրս հանել: Սակայն դեռեւս չի հաղորդվում, թե ում մարմինն է: Հիշեցնենք, որ ինքնաթիռը անհետացել էր հունվարի 21-ին Լա Մանշի ջրերում:

 

 

ՄՈՒՐԻՆՅՈՆ ԿԳԼԽԱՎՈՐԻ՞
Ինչպես պնդում են իտալական պարբերականները, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մուրինյոն կվերադառնա ոչ միայն Ապենինյան թերակղզի, այլ նաեւ հարազատ Միլան: Ըստ իտալական լրատվամիջոցների` «Մեծն Յուրահատուկը» այժմ գտնվում է Միլանում եւ պատրաստվում է հանդիպել «Ինտերի» տնօրեն Բեպե Մարոտայի հետ: Հավելենք նաեւ, որ միլանյան թիմը գոհ չէ ներկայիս գլխավոր մարզիչ Սպալետտիի աշխատանքից եւ օրակարգ է բերել նրան պաշտոնանկ անելու հարցը:

 

 

ՉԵՖԵՐԻՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ
Ալեքսանդր Չեֆերինը վերընտրվել է որպես ՈւԵՖԱ-ի նախագահ: Սլովենացին կշարունակի աշխատել մինչեւ 2023 թվական: Հռոմում կայացած քվեարկության ժամանակ Չեֆերինի թեկնածությունը պաշտպանել է 55 ֆեդերացիա:

 

 

ՈՒՆԵՆՔ 11 ՈՒՂԵԳԻՐ
Հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կկայանա Եվրոպական մարզական երկրորդ խաղերը: Ի ուրախություն մեզ` Հայաստանն արդեն 11 ուղեգիր ունի. այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքէջը: Նշենք, որ ուղեգրեր են շնորհվում այն մարզիկներին, ովքեր հաջողության են հասնում վարկանիշային մրցաշարերում: Այդ ամենը կշարունակվի մինչեւ 2019թ. ապրիլի 14-ը:

 

 

ՖԱՆՏԱՍՏԻԿ ԷՐ
Հույն թենիսիստ Ցիցիպասը վերապրել է այն զգացողությունները, որ զգացել էր Ավստրալիայի Բաց առաջնության շրջանակներում Ռոջեր Ֆեդերերին հաղթելուց հետո: Ցիցիպասը կիսվել է իր զգացողություններով. «Այդ ամենը երազ էր, անհավատալի իրականություն… հրաշալի է, ուղղակի ֆանտաստիկ է: Պատկերացնու՞մ եք, ես հաղթել եմ իմ կուռքին..»: Հիշեցնենք, որ Ցիցիպասը պայքարից դուրս մնաց` պարտվելով Ռաֆայել Նադալին, իսկ Ավստրալիայի Բաց առաջնության չեմպիոն հռչակվեց կապույտ կորտի արքան` Նովակ Ջոկովիչը:




Լրահոս