ՌԵԺԻՍՈՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է, ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՓԱՍՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը փետրվարի 3-ից վերսկսել է հացադուլը: Նա պահանջում է անհապաղ վերականգնել «Տատիկիս վարսերը» ֆիլմի՝ պատմության մեջ առաջին հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի պետական ֆինանսավորումը` նշելով, որ 13.11.2015թ. թիվ 329 գրությամբ Ազգային կինոկենտրոնը պարտավորություններ է ստանձնել:

«Պահանջում եմ վերադարձնել «Տատիկիս վարսերը» կինոնախագծից մշակույթի նախարարի հրահանգով 2017 թվականին վերցրած գումարները, սկսել ֆիլմարտադրողների կողմից առաջարկվող կինոյի պետական կառավարման արդյունավետ, թափանցիկ ու առաջընթաց ապահովող մոդելի քննարկումները։ Հացադուլի դադարեցման համար հիմք կարող է հանդիսանալ միայն եւ բացառապես նշված պահանջների բավարարումը»,-ասված է ռեժիսորի տարածած հայտարարության մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պարոն Գալստյանը հավաստիացրեց, որ 2015-ին «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» ընկերությունը Հայաստանի ազգային կինոկենտրոն է ներկայացրել «Տատիկիս վարսերը» ֆիլմը համաֆինանսավորելու հայտը, որտեղ նշվել է, որ արտադրության բյուջեն 310 միլիոն դրամ է, իսկ կինոկենտրոնից ակնկալվող գումարը՝ 88 միլիոն դրամ: «2016 թվականին կինոկենտրոնը մեզ տվել է հավաստագիր՝ կնքված եւ ստորագրված նախկին տնօրեն Գեւորգ Գեւորգյանի կողմից, այն մասին, որ կինոկենտրոնի գեղարվեստական խորհուրդը հաստատել է հայտը եւ աջակցելու է ֆիլմին ամբողջ բյուջեի 30 տոկոսի չափով, որն, ի դեպ, ավելի մեծ գումար է կազմում, քան 88 միլիոնը: Ավելին՝ կինոկենտրոնը առաջարկել է երեք տարվա՝ 2016-2018թթ.-ի համար կնքել պայմանագիր, որտեղ հստակ նշվել է 88 միլիոն աջակցության մասին: Սակայն հետո պարոն Գեւորգյանը, ելնելով բյուջեի առանձնահատկություններից, խնդրել է ամեն տարի նոր պայմանագիր կնքել: Այդպիսով, 2016 թվականի համար կնքվել է 8 միլիոնի, 2017 թվականին՝ 15 միլիոն դրամի պայմանագիր, որից 5 միլիոնը մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը ժամանակավորապես հետ է խնդրել պետական այլ կարիքներ հոգալու համար եւ չի վերադարձրել»,-մանրամասնեց նա: Հետաքրքիրն այն է, որ Գալստյանից այդ 5 մլն դրամը վերցրել է նախկին նախարար Արմեն Ամիրյանը, սակայն ռեժիսորը փողը պահանջում է նոր իշխանություններից: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երբ նախարարությունից, այնուհետեւ կառավարությունից այս թեմայով զրուցել են Գալստյանի հետ, վերջինս ասել է՝ 5 մլն դրամ գումարը տվել է բանավոր պայմանավորվածության հիման վրա, առանց ստացականի: Ու զարմանալի է՝ ինչու այդ գումարը նա Ամիրյանից չի պահանջում, այլ նախարարությանն է դիմել այդ հարցով:
ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե «Տատիկիս վարսերը» ֆիլմի նկատմամբ ո՛չ Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ո՛չ ՀՀ Մշակույթի նախարարությունը որեւէ պարտավորություն չունեն. «Հովհաննես Գալստյանը ասում է՝ իրեն 8 միլիոն տվել են 2016-ին, 15 միլիոն՝ 2017-ին, մնացած գումարն էլ պետք է տային 2018-ին: Ես էլ հարցնում եմ՝ որտե՞ղ է գրված, որ 2018-ին պետք է իրեն գումար տային: Այդ մասին հավաստող որեւէ փաստաթուղթ չկա: «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն»-ի եւ կինոկենտրոնի միջեւ կնքված պայմանագրի համաձայն` ինքը պետք է ստանար 23 միլիոն դրամ եւ ֆիլմն ավարտեր 2017-ին: Նա ստացել է գումարը, բայց 2017-ին չի ավարտել ֆիլմը, ուստի կինոկենտրոնը մեկ տարով երկարացրել է ժամկետը, բայց հավելյալ ֆինանսավորման պարտավորություն չի ստանձնել: Ինքներդ տրամաբանե՛ք՝ եթե նախարարությունը կամ կինոկենտրոնը 2018 թվականի համար ունենար պարտավորություն, այդ դեպքում ինչու՞ է Հովհաննես Գալստյանը մասնակցել հայտերի մրցույթին, այսինքն՝ հայտ էր ներկայացրել արտադրական ֆիլմի համար: Դա բացահայտ խոսում է այն մասին, որ կինոկենտրոնի պարտավորություններն իր ֆիլմի նկատմամբ ավարտվել էին, իսկ իր պարտավորությունները՝ ոչ: Ի դեպ, իր ներկայացրած հայտի արտադրական փաթեթում որեւէ պայմանագիր չի եղել: Կինոկենտրոնի սխալն այն է եղել, որ ընդունել է այդ հայտը: Կինոկենտրոնը չպետք է ընդուներ հայտը եւ չպետք է տար հանձնաժողովին: Այդ դեպքում այս աղմուկը չէր բարձրանա»,-իր հերթին նշեց տիկին Ղարիբյանը:
Ինչ վերաբերում է պարոն Գալստյանի այն պնդմանը, թե կինոկենտրոնը պարտավորվել է աջակցել ֆիլմի ողջ բյուջեի 30 տոկոսի չափով, տիկին Ղարիբյանն այսպես մեկնաբանեց. «2015-ին կինոկենտրոնը նմանօրինակ բովանդակությամբ մի նամակ է տվել իրեն. դա կոչվում է հավանության նամակ, որը, սակայն իրավական ուժ չունի: Այդ նամակը վերցրած՝ մարդիկ գնում են արտասահման գործընկերներ գտնելու համար: Դա տարածված բան է: Բայց որեւէ գեղխորհուրդ չի հաստատել, որ այդ ֆիլմին տալու են այդքան գումար: 30 տոկոսի մասին նամակում հենց այնպես են գրել, որպեսզի այն տանեն արտասահման եւ գործընկերներ գտնեն»: «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ է հայտնվել այդ նամակը, որի հայերեն տարբերակում նշված է, թե կինոկենտրոնը մինչեւ 30 տոկոսի չափով է ֆինանսավորելու, մինչդեռ անգլերեն թարգմանության մեջ «մինչեւ» բառի մասին խոսք չկա, ասել է թե` այն թարգմանվել է հայեցողաբար:
Նշենք, որ Հովհաննես Գալստյանը 2018 թվականին դատի է տվել Ազգային կինոկենտրոնին «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը դադարեցնելու համար: 2018-ի դեկտեմբեր 12-ին՝ նախորդ հացադուլի տասներորդ օրը, ՀՀ մշակույթի արդեն նախկին նախարար Լիլիթ Մակունցի կողմից տրվել էին ֆիլմի պետական ֆինանսավորումը վերսկսելու երաշխիքներ։ Հացադուլը դադարեցվել էր։ Այսօր, սակայն, Հովհանես Գալստյանը հայտնում է, որ արտադրությունը վերսկսելու ուղղությամբ ոչինչ չի արվել։
Հավելենք նաեւ, որ 2010-2014թթ. «Պարալլելս Փրոդաքշըն» ընկերության հիմնադիր, ֆիլմարտադրող Հովհաննես Գալստյանը Հայաստանի ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ից ստացել է 93.4 մլն դրամ մեկ այլ կինոնախագծի՝ «Լուսավոր շրջան» («Սրբագրողը») վերնագրով ֆիլմի արտադրության համար: Ֆիլմի նկարահանումներն առայսօր ավարտված չեն, եւ կինոկենտրոնից պնդում են, որ ներկայացված նյութը համարժեք չէ ստացված գումարին։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը այդ կինոնախագծի փաստաթղթային փաթեթը հանձնել է ՀՀ դատախազություն՝ ֆիլմարտադրողի կողմից պետական ֆինանսավորման ոչ նպատակային ծախսերը պարզելու համար։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ԴԱՐՁԱՎ 90 ՏԱՐԵԿԱՆ
Փետրվարի 11-ին Օլիմպիական խաղերի եռակի ոսկե մեդալակիր Ալբերտ Ազարյանը նշում է իր 90-ամյակը: «Օղակների արքան» փառահեղ կարիերայի ընթացքում նվաճել է 45 ոսկի, 42 արծաթ, 10 բրոնզ: Ալբերտ Ազարյանը Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն է: Նա իր ուրույն հետքն է թողել համաշխարհային սպորտի պատմության մեջ:

 

 

ՍԱՐԻՆ ԿՀԵՌԱՑՎԻ
«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մոտ ժամանակներս կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից. այս մասին են խոսում անգլիական եւ իտալական մի շարք հեղինակավոր պարբերականներ: Նշվում է, որ Ռոման Աբրամովիչը բառիս բուն իմաստով կատաղած է Սարիի վրա «Սիթի»-ի հետ խաղում խայտառակվելուց հետո (0-6) եւ պատրաստվում է առաջիկայում պաշտոնանկ անել նրան: Սպասվում է, որ Սարիին ժամանակավորապես կփոխարինի օգնական եւ «Չելսի»-ի նախկին ֆուտբոլիստ Ջանֆրանկո Ձոլան, որը լոնդոնյան թիմի գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

 

 

ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇ
Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն երեկ կայացած «Սասուոլոյի» դեմ խաղում, որտեղ թուրինյան թիմը հաղթեց 3-0 հաշվով, դարձավ գոլի հեղինակ, որը այս մրցաշրջանում 20-րդն էր պորտուգալացու համար: Այս ցուցանիշով Ռոնալդուն մտավ պատմության մեջ: Կրիշտիանուն 13-րդ մրցաշրջանն անընդմեջ դառնում է նվազագույնը 20 գոլի հեղինակ:




Լրահոս