Հարգելի Վիկտոր Մնացականյան,
Ձեզ են դիմում Նալբանդյան 106 շենքի բնակիչները Նալբանդյան 106/1 հասցեում կառուցված շենքի կողմից պատճառվող անհարմարությունների, ամենօրյա վեճերի կապակցությամբ։
Ժամանակին այստեղ գործող մանկապարտեզի և այգու տարածքում բազմաթիվ ապօրինություններով կառուցված բազմաֆունկցիոնալ հսկա շենքը զգալիորեն սահմանափակել է մուտքը դեպի Նալբանդյան 106 շենքի բակային տարածք, որից մի հատված վերցվել է նորակառույցի տնօրինմանը, և ցանկացած արտակարգ իրավիճակի դեպքում լրջագույն խնդիրներ կարող է առաջացնել։ Չնայած մեքենաների կայանման «արգելող նշաններին»՝ օրուգիշեր այստեղ կայանված են նորակառույցի բնակիչների և մանկապարտեզ հաճախող երեխաներին տեղափոխողների մեքենաները:
Հավելենք, որ նորակառույց շենքում առկա է մեծ ավտոկայանատեղի՝ նորակառույցի բնակիչների, բազմաֆունկցիոնալ շենքի այցելուների համար, սակայն կառուցապատողը փակել է մուտքը՝ հնարավորություն չտալով կայանել ներսում: Այդ պատճառով բակը դարձել է անանցանելի և վտանգավոր նաև հետիոտնի համար:
Երկրորդ հարցը, որը հուզում է մեզ, երեխաների համար նախատեսված բակային տարածքի փակ լինելն է։ Շինանարության ընթացքում տեղի բնակիչների բազում բողոքներին ի պատասխան՝ կառուցապատողը և այն ժամանակ պաշտոնավարող գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշում էին, որ տարածքում հատված ծառերի փոխարեն տնկվելու են նորերը, և բակը՝ արդիականացված, վերադարձվելու է երեխաներին։ Սակայն բակը խլվեց երեխաներից և չվերադաձվեց․ այսօր ունենք մետաղյա բարձր պարսպով պատված անձեռնմխելի մի տարածք, որն անհասանելի է տասնամյակներ այստեղ ապրած բնակիչների և նրանց երեխաների համար, ովքեր 11 տարի կրել են շինարարության պատճառած անհարմարությունները։ Մնացին միայն երեխաների թախծոտ հայացքները դեպի պարիսպից այն կողմ գտնվող խոտածածկը․․․
Եվ դա տեղի է ունենոմ այն ժամանակ, երբ ժողովրդի առջև բացվեցին Ազգային ժողովի և Բ26-ի դռները…Երևի սեփականատերը տեղյակ չէ, որ երկրում իրավիճակ է փոխվել, և նոր Հայաստանում այլևս անհնարին է առաջ շարժվել նախկին վատ բարքերով, անօրինականություններով, վախեցնելով իրենց կապերով, ոտնահարելով քաղաքացիների
տարրական իրավունքները:
Խնդրում ենք քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի միջամտությունը վերոնշյալ խնդիրներին լուծում տալու հարցում, այդ թվում՝
ա. արգելել մեքենանեի կայանումն ու կուտակումը երթևեկելի մասում և դեպի 106 շենքի բակ տանող հատվածում: Այս հարցը կարելի է լուծել՝ 1-2 մետրով ապամոնտաժելով նորակառույց շենքի շեմը (մայթեզրը), խորացնելով դեպի նորակառույցի մուտք, որտեղ կայանված մեքենաները այլևս չեն խոչնդոտի ազատ ելումուտը դեպի 106 շենքի բակային տարածք:
բ. բակային խոտածածկ տարածքը վերադարձնել ԵՐԵԽԱՆԵՐԻՆ՝ ապամոնտաժելով ցանկապտները կամ բացելով մուտքի դռները դեպի կանաչ տարածք՝ թույլատրելով բնակիչներին օգտվել հանգստի գոտուց։
Համոզված ենք՝ աչքաթող չեք անի մեր խնդրանքը։
Կանխավ շնորհակալություն։
Հարգանքով՝
Նալբանդյան 106 շենքի բնակիչներ