ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում իրականացված ստուգումների արդյունքում Հաշվեքննիչ պալատը չարաշահումների մասին վկայող ուշագրավ փաստեր է հայտնաբերել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պալատը ուսումնասիրել է նախարարության` 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածի գործունեությունը, բնականաբար արձանագրվել են բազմաթիվ խախտումներ:
Ի դեպ, տեղեկացնենք, որ 2017 թվականին ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Դավիթ Տոնոյանը, որը հիմա պաշտպանության նախարարն է: Պարզվում է` խախտումների մեծ մասը արվել է հենց նրա պաշտոնավարման ժամանակաշրջանում: Թավշյա հեղափոխությունից հետո Տոնոյանին փոխարինել է Հրաչյա Ռոստոմյանը, որ պաշտոնին նշանակվել էր ԲՀԿ քվոտայով: Արձանագրված խախտումները նաեւ նրա պաշտոնավարման ժամանակահատվածին են վերաբերում:
Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարության պահեստից 2017 թվականին անհիմն դուրս է գրվել 491 հազար 800 դրամի 1455 լիտր ռեգուլյար տեսակի բենզին: Մեկ այլ ակտով` 1470 լիտր բենզին դուրս է գրվել ՀՀ փրկարար ծառայության պահեստից: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ նախարարությունը, որպես անհետաձգելի պահանջ, մեկ անձից գնման ընթացակարգով 2017 թվականի դեկտեմբերի 22-ին «Լավ ընկեր» ընկերության հետ կնքել է պայմանագիր ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների մատուցման համար` 73 մլն 729 հազար դրամ արժեքով:
Սակայն ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից այն արձանագրվել է որպես ոչ նպատակային ծախս: Օրինակ՝ գնվել են «Իսուզու» մակնիշի ավտոմեքենաներին չհամապատասխանող 10 մլն 230 հազար դրամի 66 հատ անվադողեր: Բացի այս, գնվել են նաեւ «Իսուզու» մակնիշի ավտոմեքենաների 1 մլն 746 հազար դրամի արգելակման կոճղակների 18 լրակազմ եւ 1 մլն 440 հազար դրամի 8 շարժիչի մեկնարկիչներ: Եւ սա այն դեպքում, երբ պահեստում առկա է եղել այդ ավտոմեքենաների արգելակման կոճղակների 316 լրակազմ եւ 23 շարժիչի մեկնարկիչներ: Նաեւ որպես անհետաձգելի պահանջ գնված 2 մլն 520 հազար դրամի 36 հատ անվադողերը, 199 հազար 500 դրամի 5 հատ մարտկոցները եւ 2 մլն 205 հազար դրամի 9 հատ ձայնային ազդանշանները առ հաշվեքննության պահը չեն տեղադրվել եւ գտնվում են փրկարար ծառայության պահեստում: Ասել է թե`ինչպես ցանկացել են, այնպես էլ տնօրինել են պետական միջոցները: Ընդ որում, այդ ծախսերի համար դեռ Կարեն Կարապետյանի կառավարությունը հատուկ որոշմամբ գումար էր տրամադրել:
Իսկ, ահա, պայմանագրի շրջանակում «Իսուզու» մակնիշի ավտոմեքենաների համար գնված 2 մլն 706 հազար 400 դրամի 10 հատ անվադողերը եւ 32 կուտակիչ մարտկոցները տեղադրվել են համակարգի այլ մակնիշի ավտոմեքենաների վրա: Ստացվում է, որ նախարարությունը ներկայացրել է պահանջով չհիմնավորված անարժանահավատ նախահաշիվ, իսկ ՀՀ կառավարության որոշմամբ` պահուստային ֆոնդից հատկացված միջոցներից 21 մլն 46 հազար դրամը ծախսվել է ոչ նպատակային:
Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ «Լավ ընկեր»-ից անվադողերը եւ կուտակիչ մարտկոցները գնվել են նույն տարի «Դարֆ» եւ «Արպանիվ» ընկերությունների հետ կնքված նույն տեխնիկական բնութագրերը ունեցող ապրանքներից 1 մլն 556 հազար 300 դրամ թանկ:
Պարզվում է, որ 2017-2018 թվականներին կատարվել է ոչ նպատակային ծախս. ծառայության կարիքների համար նախատեսված 11 մլն 745 հազար դրամի 33 հազար լիտր բենզինը ծախսվել է համակարգի այլ ավտոմեքենաների շահագործման համար: Ավելին, 2017 թվականին անհիմն դուրս է գրվել 492 հազար 500 դրամի 1470 լիտր ռեգուլյար տեսակի բենզին: Բացի այդ, նույն տարում որպես նվիրատվություն դուրս է գրվել 9 մլն 277 հազար 100 դրամի 29 հազար լիտր դիզելային վառելիք:
Ամենաուշագրավը` Թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման վարչության կողմից ստացված 1 մլն 936 հազար դրամի պրեմիում տեսակի բենզինը ավտոմեքենաներին չի բաշխվել, սակայն մնացորդ չի առաջացել: Թե որտեղ է կամ ում թեթեւ ձեռքով է «անհետացել» պրեմիում տեսակի բենզինը, հայտնի չէ: Նշենք, որ պրեմիում տեսակի բենզինը ավելի բարձր որակի է, հետեւաբար ունի բարձր գին:
Նաեւ ծառայությունը ձեռք է բերել գնումների պլանով չնախատեսված 21 մլն 387 հազար դրամի ապրանքներ եւ ծառայություններ առանց «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգերը պահպանելու: Ընդ որում, այդ միջոցների հաշվին «Գագաթ» ընկերությունից գնված 2 մլն 847 հազար դրամի համակարգչային սարքավորումների եւ «Արբրեն»-ից գնված 239 հազար 900 դրամի ոգելից խմիչքների հանձնման-ընդունման արձանագրությունները բացակայում են: Հետեւաբար հայտնի չէ, թե ում համար են նախատեսված եղել այդ խմիչքները: Բացի այս, ծառայությունը դարձյալ կատարել է ոչ նպատակային ծախս` նախարարության համակարգի այլ ստորաբաժանումների աշխատողների գործուղման ծախսերին ուղղելով 14 մլն 503 հազար դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ծառայությունը տարբեր կազմակերպություններից գնել է 142 շիշ ոգելից խմիչքներ` կոնյակ եւ օղի: Սակայն պարզվել է, որ գնված ոգելից խմիչքների հանձնման-ընդունման արձանագրությունները ու դրանց նպատակային օգտագործումը հիմնավորող փաստաթղթերը բացակայում են: Արդյունքում կատարվել է 2 մլն 423 հազար դրամի չհիմնավորված ծախս:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ. ՊԱՏԱՍԽԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՍՊԱՍԵԼՈՎ
Փետրվարի 12-ին եւ 13-ին կայացան Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումներից մի քանիսը: Գրանցվեցին մի շարք անակնկալներ, հետաքրքիր եւ վիճահարույց դեպքեր: Փորձենք հասկանալ, թե պարտված թիմերից ով որքան շանս ունի մյուս փուլում հայտնվելու:
«Ռոմա»-«Պորտու». 2-1
Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած խաղում ուժեղ էին տանտերերը: Երբ Զանիոլոն դարձավ դուբլի հեղինակ, թվում էր, որ «Գայլերը» խաղը այդպես էլ կավարտեն, սակայն մեկ կոպիտ սխալ պաշտպանությունում, եւ Ադրիանը կրճատում է հաշվի տարբերությունը: Ինչպես ասում են, սա ուրիշ պատմություն է. արտագնա գոլ, որը այս զույգում «Ռոմայի» առավելությունը վերացրեց: 2-1` հաշիվ, որը գրեթե հավասար շանսեր է տալիս երկուսին էլ: «Դրագաու» մարզադաշտում «Վիշապները» ծանր պայքար են խոստանում «Հռոմայի» համար:
«Մանչեստեր Յունայթեդ»-«ՊՍԺ». 0-2
Այս զույգում շատ անսպասելի արդյունք գրանցվեց. փարիզցիները կարողացան 2 անպատասխան գնդակ ողարկել Սուլշերի թիմի դարպասը:
«Լեռները մագլցելու համար են. «Յունայթեդը» 2 գնդակի տարբերություն կարողացել է չեզոքացնել 2 րոպեում: Մենք այժմ ունենք մի ամբողջ 90 րոպե, մենք չենք հանձնվում երբեք»,- ասաց Սուլշերը եւ այս խաղում ինտրիգը հասցրեց գագաթնակետին:
Իհարկե, մյուս փուլ դուրս գալու բացահայտ ֆավորիտը հենց փարիզյան թիմն է, սակայն չպետք է մոռանալ` «Յունայթեդը» պատմության մեջ լավագույն «վերադարձ» կատարող թիմերից մեկն է, եթե ոչ լավագույնը:
Սպասենք «Պարկ դե Պրենսում» իսկական ճակատամարտի:
«Այաքս»-«Ռեալ Մադրիդ»` 1-2. այս հանդիպումը մտավ պատմության մեջ: Չեմպիոնների Լիգայում առաջին անգամ կիրառվեց VAR համակարգը, առաջին խաղակեսում Սկոմինան չեղարկեց «Այաքսի» պաշտպան Տայլաֆիկոյի գոլը: Այս դրվագի մասին խոսակցությունները չեն դադարում, շատերի կարծիքով մրցավարը Ամստերդամի թիմից խլեց մաքուր գոլ: ՈՒԵՖԱ-ն արդեն տվել է պարզաբանումը` նշելով, որ այդ դրվագում կար խաղից դուրս վիճակ: Ամեն դեպքում, արդարության համար կարելի է ասել, որ մրցավարը մեծ ցանկության դեպքում կարող էր հաշվել գոլը: Մադրիդյան գրանդը այս խաղից հետո կարելի է ասել, որ մեկ ոտքով եզրափակչում է: «Այաքսի» շանսերը շատ չնչին են, սակայն ոչ զրոյական: Պետք չէ մոռանալ, որ «Ռեալը» այս մրցաշրջանում «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում այդքան էլ հաջող չի խաղում:
«Տոտենհամ Հոտսպուր»-«Բորուսիա Դորտմունդ»` 3-0. «Մեղուների» թեւերը կտրվեցին «Ուեմբլիի» վրա ճախրելիս: Լուսյեն Ֆավրի թիմն առանց առաջատարների քանդվեց լոնդոնյան ակումբի դեմ խաղում: 3 անպատասխան գնդակ, որը դորտմունդցիներին ստիպում է կենտրոնանալ Բունդեսլիգայի վրա: Լոնդոնյան թիմը դժվար թե զիջի ստացած առավելությունը: Այնուամենայնիվ, «Սիգնալ Ինդունա Պարկում» հետաքրքիր խաղ է սպասվում:
Պատասխան հանդիպումները կկայանան մարտի 5-ին եւ 6-ին:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ