«ԻՆՉ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԷԼ ԼԻՆԻ, ՊԵՏՔ Է ԼՍԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դրամատուրգ, արձակագիր Կարինե Խոդիկյանն է: Մենք զրուցել ենք ներքին քաղաքական կյանքի եւ մշակույթի նկատմամբ ներկայիս իշխանության վերաբերմունքի մասին:

-Այսուհետեւ դպրոցներում սովորող երեխաները թանգարաններում պահվող մշակութային արժեքներին կկարողանան ծանոթանալ հենց դպրոցներում, քանի որ նախատեսվում է պարբերաբար թանգարաններից որեւէ արժեքավոր ստեղծագործություն տեղափոխել դպրոց եւ ներկայացնել երեխաներին։ Որքանո՞վ է սա անվտանգ եւ արդյունավետ:
-Դեմ եմ այս նախաձեռնությանը՝ նախ կտավների անվտանգության խնդրից ելնելով: Ես չեմ ասում, թե կտավը կգողանան կամ կփոխեն, բայց տարրական պայմաններ կան՝ կապված, օրինակ, ջերմաստիճանի հետ, որոնք պետք է պահպանվեն, իսկ տվյալ դեպքում դա անհնար է: Երկրորդ՝ չեմ պատկերացնում, թե, օրինակ, սահմանամերձ գյուղում ապրող երեխան, որն ունի գորշ դասասենյակ, որտեղ աչքի է ընկնում վառարանը, ինչպե՞ս պետք է արձագանքի, ասենք, սարյանական պայծառ գույներին: Կգերադասեի, որ երեխաների օրը տոն դարձնեին եւ հենց նրանց բերեին մայրաքաղաք, ծանոթացնեին մեր արվեստի գործերին, տանեին մանկական ներկայացման կամ որեւէ համերգասրահ: Հավատացե՛ք՝ այդ օրը շատերի համար շրջադարձային կլիներ: Իսկ եթե գեղագիտական հարց լուծելու խնդիր է դրված, կառաջարկեի մեր կողքին ստեղծագործող նկարիչներին հրավիրել դպրոցներ, թող նրանք հենց դասասենյակներում աշխատեին, եւ աշակերտների աչքի առջեւ արվեստի հերթական գործը ծնվեր:
-Ներկայումս տարվող մշակութային քաղաքականության կոնտեքստում կարելի է նկատել արվեստի գործը կամ արվեստագետին որպես բրենդ ընկալելու միտումը: Բայց բրենդն առեւտրային հասկացություն է, ուրեմն՝ ինչպե՞ս տանել այդ նուրբ սահմանագիծը:
-Տեսեք, Սարյանը նաեւ բրենդ է: Այն վաճառում են աճուրդներում, անգամ կեղծում են: Իսկ եթե կեղծում են, ուրեմն բրենդ է: Երբ քո երկրի ղեկավարը գնում է այլ երկիր, կոնյակից բացի ներկայանալի մի բան է տանում՝ կտավի կամ արվեստի այլ գործի տեսքով, դա հենց բրենդն է: Այն կառավարությունը, որը մշակույթը կդիտարկի որպես բարձր արժեք, որին պետք է տալ հնարավորություններ, այդ կառավարությունը հաստատ կհաջողի մնացած բոլոր բնագավառներում: Որովհետեւ մշակույթի նկատմամբ վերաբերմունքը վերաբերմունք է քո երկրի անցյալի ու ապագայի նկատմամբ:
-Մշակույթի նախարարության լինել-չլինելը այս պարագայում հարց լուծու՞մ է:
-Ես կուզենայի, որ հատկապես հեղափոխությունից հետո, երբ իշխանությունը լեգիտիմության այսչափ պաշար ունի, Մշակույթի նախարարությանը տրվեր այն անկախությունը, որը երբեւէ չի տրվել անգիտակցաբար, ապա՝ գիտակցելով եւ անտեսելով: Նախարարության գոյությունն ընդամենը զուգորդվել է ինչ-ինչ միջոցառումներով: Եթե այս հեղափոխության արդյունքում արժեւորվեր Մշակույթի նախարարության դերը եւ այդ գերատեսչությանն անկախություն տրվեր, ես ինձ շատ լավ կզգայի: Միեւնույն ժամանակ ուզում եմ շեշտել, որ մինչեւ հաղթական ավարտ հեղափոխության կողմն եմ, ինչն ինձ իրավունք է տալիս ասել այն, ինչ մտածում եմ:
-Նոր ձեւավորված Ազգային Ժողովում արդեն «փոխհրաձգություններ» են տեղի ունենում: Ինչպիսի՞ն են ընդհանուր տպավորությունները:
-Առայժմ օրինաստեղծ գործունեությանը բանը չի հասել, բայց երբ կողքից նայում ես, հասկանում ես՝ ով ով է, ում ջուրը ում ջրաղացի տակից է հոսում:
-Կառուցողական ընդդիմություն ունե՞նք:
-Ինձ ավելի շատ հետաքրքրում է՝ մերը գաղափարակա՞ն, թե՞ ինչ-որ տեղից ուղղորդված ընդդիմություն է: Ամեն դեպքում, ինչ ընդդիմություն էլ լինի, քանի շերտ էլ այն ունենա, պետք է ականջալուր լինել նրան, լսել, քանի որ քննադատությունը միշտ զգաստ է պահում իշխանությանը եւ թույլ չի տալիս, որ վերջինս իր սահմաններն ընդլայնի:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ՀԱՐԲԱԾ ՏՂԱՄԱՐԴԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ՆԱՐԻՆԵ ԴՈՎԼԱԹՅԱՆԻՆ

«Ժողովուրդ» օրաթերթն ընթերցողների դատին է ներկայացնում շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմելու ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշելու են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ:

Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Նարինե Դովլաթյանն է: Նա հիշեց տարիներ առաջ ռեստորանում գրանցված մի դեպք. «Ժամանակին աշխատում էի ռեստորանում, որտեղ կատարում էի արտասահմանյան երգիչների գործեր՝ cover տարբերակով, թեպետ այդ ռեստորանում բոլորը կատարում էին ռաբիս գործեր: Հիշում եմ, որ բեմի վրա ինքնամոռաց կատարում էի Ադելի երգերից մեկը, աչքերս փակ էին, հանկարծ զգացի, որ բեմի վրա ինձնից շատ մոտ էլի մարդ կա: Աչքերս բացեցի, տեսնեմ հարբած մի տղամարդ մոտեցել է ինձ, որպեսզի գումար տա: Ահավոր զայրացա, միկրոֆոնի շտատիվը հրեցի նրա վրա, հետո այն ընկավ իրենց սեղանի վրա, իրարանցում ստեղծվեց, ու ես հեռացա բեմից, այլեւս չվերադարձա ռեստորան: Գուցե շատ երգիչ-երգչուհիների համար դա սովորական էր, բայց ինձ համար շատ կարեւոր է՝ որտեղ եմ երգում, ում առջեւ՝ կլինի դա մեծ, թե փոքր բեմ: Բեմն իմ տարածքն է, եւ ամեն մեկը չի կարող ներխուժել այնտեղ: Այսպիսով ավարտվեց ռեստորանում իմ աշխատելու շրջանը»,- ծիծաղելով պատմեց Նարինեն:
Նա խոստովանեց, որ այդ դեպքից ցնցված է եղել ռեստորանի ողջ անձնակազմը, քանի որ Նարինեից նման արձագանք չեն սպասել. «Այդ դեպքից հետո` հաջորդ օրը առավոտյան, ինձ զանգահարեց ռեստորանի տնօրենը, խնդրեց, որ գնամ աշխատանքի, մերժեցի, հետո ասաց, որ գոնե գնամ աշխատավարձը ստանամ, էլի մերժեցի, ասացի, որ ինձ այդ փողը պետք չէ: Ասում են՝ ես միակն եմ եղել, որ նման իրավիճակում տվյալ ռեստորանում այդպես եմ վարվել: Հետո շատերը ինձ հարցնում էին, թե ճիշտ է արդյոք, որ նման դեպք է եղել, ասում էի. «Հա, դո՞ւք որտեղից գիտեք»: Երեւի իրար պատմել էին»,-հիշեց երգչուհին:
Նա նաեւ նշեց, որ հաճախ է հետաքրքիր պատմությունների մեջ ընկնում: Օրինակ՝ վերջերս էլ տաքսու վարորդներից մեկի հետ կապված մի դեպք է եղել. «Նստեցի տաքսի, վարորդը տաքսիստներին բնորոշ ձեւով սկսեց պատմել իր կյանքից, հետո ասաց, որ «ռայոնից եկած գեղացիներին» տանել չի կարողանում: Դրանից հետո էլ ինձ հարցրեց, թե ինչով եմ զբաղվում: Երբ ասացի, որ երգչուհի եմ, ճանաչեց, անգամ սկսեց երգել իմ «Beautiful Sunday»-ն: Ես էլ ասացի. «Գիտե՞ք՝ ես էլ եմ գյուղից»: Զարմացավ, շփորթվեց, հետո ներողություն խնդրեց: Դա թող բոլորին դաս լինի, որ գյուղացու ու քաղաքացու միջեւ տարբերություն չդնեն: Մարդս մարդ լինի»,-եզրափակեց Նարինեն:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս