ՀԱՎԱՏՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ԲԱՅՑ ՈՉ ԹԻՄԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության ծրագրի տնտեսական հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ:

-Պարո՛ն Մանասերյան, կառավարության ծրագրի առանցքում տնտեսական հեղափոխության գաղափարն է: Ծրագրում իսկապես կա՞ տնտեսական նոր հայեցակարգ, այն տնտեսական հեղափոխության իրականացման մեխանիզմներ առաջարկո՞ւմ է։
-Կան հիմնադրույթներ, որոնք միտված են, կարծես թե, բեկում մտցնելու, բայց երեւի շատ օրիգինալ չեմ լինի, եթե ասեմ, որ այդ չափորոշիչները բացակայում են, եւ եթե կան մեկ-երկու ցուցանիշներ, թվեր, անգամ դրանք համաձայնեցված չեն մեկը մյուսի հետ: Իրատեսական նպատակների առումով էլ ծրագիրը լրամշակման կարիք ունի մասնավորապես «աղքատության հաղթահարում» բառակապակցության մասով, որը երբեք հնարավոր չէ որեւէ երկրում, այդ թվում եւ` զարգացած երկրներում։ Աղքատությունը հնարավոր է նվազեցնել, կրճատել, բայց ոչ հաղթահարել։ Այդպես բավական բառակապակցություններ կան: Այն, ինչ վերաբերում է արժանապատիվ եւ երջանիկ մարդուն. շատ ողջունելի է նման նպատակը, բայց ցանկալի է, որ գոնե մի քանի քայլ նկարագրվի՝ ինչպես ենք հասնելու մարդու արժանապատվության ձեռքբերմանը կամ երջանկությանը մի երկրում, որտեղ կեսից ավելին ե՛ւ աղքատության շեմին են, ե՛ւ թշվառության մեջ են, ե՛ւ աշխատող աղքատներ կան։ Մի քիչ էմոցիոնալ դաշտը իր տեղը պիտի զիջեր սառը տրամաբանությանը։ Չեմ կարծում, որ որեւէ ծրագիր, այդ թվում` ներկայիս ծրագիրը, այնքան անթերի է, որ կարելի է հրաժարվել դիտողություններից եւ բոլորին պիտակներ կպցնելով՝ ասել, որ մենք ամենախելացին ու ամենաշնորհալիներն ենք։ Վարքագիծը, կարծում եմ, վերանայման կարիք ունի։
-Հարկային օրենսգրքով հարկային համահարթեցման սկզբունքն է առաջադրվում։ Սա արդյոք չի՞ սրելու սոցիալական բեւեռացումը։
-Բեւեռացման նման մակարդակ ունեցող երկրում, ինչպիսին Հայաստանն է, մենք պետք է մտածենք՝ ինչպես մեղմենք այդ տարբերությունը, մեծ վիհը, որ կա հարուստների ու ծայրահեղ աղքատների, թշվառների միջեւ։ Այն դեպքում, երբ գոնե նվազագույն զամբյուղը չի ապահովված այն կենսաթոշակառուների, ովքեր ստեղծել են մեր երկիրը, եւ մինչ այն պահը, երբ չմեռնելու գինը, կենսաապահովման, ոչ թե սպառողական զամբյուղը չի ապահովվել, բարոյական իրավունք որեւէ իշխանավոր չպետք է ունենա իրեն վերապահել հեղափոխությունից խոսելու: Հեղափոխականները տարբեր ժամանակներում տարբեր երկրներում ապացուցել են, որ իրենք կարող են այդ բեռը վերցնել եւ իրենց կերպարով, իրենց կենսաձեւով բարոյապես չզիջել հասարակության մյուս անհատներին։ Այս դեպքում, կարծես թե, վանում են իրենցից մի խումբ մարդիկ։ Վանելով եւ կղզիանալով, մեկուսանալով… սա լավ նշան չէ։ Ափսոս է այդ ալիքը, որ բարձրացավ, այդ հույսը, որ միգուցե Նոր Հայաստան ենք ձեւավորում։
-Տնտեսական հեղափոխության իրականացումը պայմանավորում են նաեւ քաղաքացիների տնտեսական վարքագծի փոփոխությամբ, կարեւորվում է տնտեսական ակտիվիստի գործոնը: Ծրագիրը առաջարկո՞ւմ է այդ ակտիվիստին ձեւավորելու ռազմավարություն:
-Եկե՛ք մի պահ հանգիստ թողնենք ծրագիրը, որովհետեւ ծրագիրը կարող է ինչ-որ չափով լավը լինել կամ թերի կողմեր ունենալ, բայց ինձ համար հարցերի հարցը մնում է կադրային քաղաքականությունը եւ այն մարդիկ, ովքեր այսօր ուզում են ներկայացնել հեղափոխությունը: Ես իմ հավատը պահպանում եմ վարչապետի հանդեպ եւ իսկապես անկեղծորեն ոզում եմ, որ ինքը հաջողի: Բայց քանի՞ Նիկոլ Փաշինյան կա կառավարությունում, քանի՞ հոգի են նույն ոգեւորությամբ հավատում իրենց ասածներին եւ փորձում դա իրագործել: Այսպես, ե՛ւ ներդրումների մասով, ե՛ւ բոլոր այդ հիմնադրույթները, որոնք ներառված են, միգուցե մարդը իսկապես հավատում է, եւ միգուցե դրա համար է ամեն գնով փորձում համոզել հանրությանը եւ խորհրդարանին, բայց ես նայում եմ նախարարներին. նախարարների զգալի մասը ոչ միայն չեն տարբերվում նախորդ իշխանություններից, ոչ միայն չեն տարբերվում խորհրդային իշխանություններից, այլ, իմ խորին համոզմամբ, այդ մարդիկ ֆեոդալների կերպարներ են: Թվում է, որ ոչ թե իրենք են մեր տված հարկերով աշխատավարձ ու պարգեւավճարներ ստանում, այլ կարծես պարտական ենք իրենց: Ի դեպ, որոշ իշխանավորներ այդ բառակապակցությունը արել են՝ թող գան ընկնեն մեր ոտերը, հետո տեսնենք` ինչ ենք անում: Սա հորիվածք չէ: Երբ խոսում են ակտիվիստի մասին… Այսպես, ես պասիվ մարդ չեմ իմ երկրում, հավանաբար տեղյակ եք ե՛ւ իմ հրապարակումներին, ե՛ւ իմ գործունեությանը: Սակայն ակտիվության մեջ, երբ չկա հետադարձ կապ, պահանջարկված չէ մասնագիտական ներուժը, մասնագիտական ակտիվությունը, ինչի՞ մասին կարող է խոսք լինել: Եթե, ասենք, գիտության նախարարին նամակ է հղվում, 8 ամիս մենք սպասում ենք այդ նամակի պատասխանին: Կամ գիտությունը կեղեքած մարդկանց թողնում են պատասխանատու պաշտոնների վրա: Մի՞թե մեծ դժվարություն էր մրցույթ հայտարարել եւ ասել՝ բերե՛ք սերնդափոխություն անենք, որովհետեւ գիտությունը ծերացել է. դրա մասին վիճակագրությունն է ասում: Տնտեսական ամբողջ բլոկը չգիտես՝ ինչի է վերածված: Երբ վարչապետը գնում է շուկա եւ լոլիկի գին է հարցնում, նշանակում է` գյուղատնտեսության ոլորտը մեռել է, չկա պատասխանատու: Երբ վարչապետը ամբողջ օրը խոսում է ներդրումների մասին, նշանակում է՝ տնտեսական նախարարություն գոյություն չունի: Իմ գործընկերների հետ միասին առաջարկներ ենք ներկայացրել կառավարություն… բացարձակ քար լռություն: Չտեսնելու ու չլսելու վարքը փոխառել են նախորդ իշխանություններից, սակայն նախորդ իշխանությունների օրոք իմ եւ գործընկերներիս առաջարկները ամրագրվեցին Սահմանադրության մեջ:

Զրուցեց ՄԱՐԻԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

 

 

ԱՌԱՆՑ ԶԵՆՔԻ Ի՞ՆՉ ՌԱԶՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Փետրվարի 13-ին Տավուշի մարզպետարանում մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ մարզպետ Հայկ Չոբանյանը շատ կարեւորեց ֆիզիկական կուլտուրա եւ նախնական զինվորական պատրաստվածություն առարկաների դասավանդման որակի բարձրացումը, ֆիզիկապես առողջ, զինվորական գործին տիրապետելու ունակ սերունդ կրթելը, ինչն առավել քան կարեւոր է Ադրբեջանի հետ շուրջ 300 կմ սահման ունեցող Տավուշի մարզում: Մարզպետը նշեց սահմանամերձ մարզում զինպատրաստության եւ զինապարտության խնդիրների արդյունավետ լուծման անհրաժեշտությունը: Մարզպետը եւ հանրակրթական դպրոցների տնօրենները չնշեցին ռազմագիտության ուսուցման գործում առկա խնդիրների մասին: Նոյեմբերյանի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների մի մասը ուսումնական զենք` ինքնաձիգ, չունի, որպեսզի աշակերտներին հրաձգություն սովորեցնի: Դրա պատճառն այն է, որ դպրոցներում զենքի պահասենյակները ներկայացվող պահանջներին համապատասխան կահավորված չեն: Ու ոստիկանությունը, մտահոգություն ունենալով, որ այդ ինքնաձիգները կարող են գողացվել, նշված դպրոցներին զենք չի հատկացնում: Իսկ ուսումնական ինքնաձիգը պակասող դետալը տեղադրելու դեպքում շատ հեշտ կարող է մարտական դառնալ: Վրաստանի սահմանակից Դեբեդավան գյուղի միջնակարգ դպրոցում ընդհանրապես զենքի պահասենյակ չկա: Հանրակրթական դպրոցների զինղեկների մի մասը ունի զինվորական սպայական կոչում, մի մասը` ոչ:

 

 

ՈՉ ԲԱՐՎՈՔ ՎԻՃԱԿՈՒՄ
Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց գյուղի դպրոցի շենքի հիմքի պատը թեքված է, շենքը ցանկացած ժամանակ կարող է փլվել: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ անթույլատրելի է, որ վթարային շենքում դասեր անցկացվեն, աշակերտների կյանքը վտանգվի: Սակայն նա չհայտնեց, թե որն է հարցի լուծումը, Կիրանցի դպրոցից տարհանվելով` դպրոցականները որտեղ են դասեր անցկացնելու: Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Էրիկա Սիմոնյանը հայտարարեց, որ իրենց դպրոցի շենքը 1988թ. երկրաշարժի հետեւանքով քանդվել է, հետո տեղավորվել են տնակներում, ուր հրդեհ է բռնկվել: Նա ասաց, որ հիմա դպրոցի նորմալ շենք ունեն, սակայն դպրոցը չունի մարզադահլիճ. երեխաները գրանիտե հատակի վրա են ֆիզկուլտուրայի դաս անցկացնում: Սահմանամերձ Բերդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Արեւիկ Ասատրյանն ասաց, որ իրենց դպրոցում սեփական ուժերով նորոգման որոշ գործեր են կատարել, սակայն բազում մասնաշենքեր ունեցող դպրոցի շենքը պետք է հիմնանորոգվի: Նրա վկայությամբ` նախորդ մարզպետի պաշտոնավարման ժամանակ Բերդավանի դպրոցի նորոգումը ներառվել է պետական հրատապ ծրագրերի թվում: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանը հայտարարեց, որ Բերդավանի դպրոցի նորոգման խնդրի մասին իրենց վարչությունում նշված է, սակայն այն այս տարի հրատապ ծրագրերում ներառված չէ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ՄԱՐԶՊԵՏԸ ՏՆՕՐԵՆԻՆ ՀՈՐԴՈՐԵԼ Է ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄ ԳՐԵԼ

Փետրվարի 13-ին Տավուշի մարզպետարանում մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ խորհրդակցության ժամանակ մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարեց, որ մարզի այն դպրոցներում, ուր տնօրենի եւ կոլեկտիվի անդամների միջեւ միջանձնային հարաբերությունների խնդիր կա, այդ տնօրենները պետք է դիմում գրեն եւ ազատվեն պաշտոնից:

Այդ ժողովի ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը Դեբեդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Մարինե Հարությունյանից հետաքրքրվեց՝ խնդիրն առկա է իր ղեկավարած դպրոցում, ուր դպրոցի 6 աշխատակից բողոքում է իր դեմ: Նա էլ պատասխանեց, թե իր ընդդիմադիրները դպրոցում 4-ն են, մյուս երկուսը բողոքի առումով միանում են նրանց: Հարությունյանի խոսքերով` ինքը փորձում է լավ հարաբերություններ ունենալ այդ աշխատողների հետ, սակայն դա չի ստացվում ոչ իր պատճառով:
Սակայն երեկ՝ փետրվարի 15-ին, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարզպետ Չոբանյանը Մ. Հարությունյանին հորդորել է պաշտոնից ազատվելու դիմում գրել: Այս տեղեկությունը չհերքեցին մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունում, սակայն չկարողացան ասել՝ Մ. Հարությունյանը գրել է այդ դիմումը, թե ոչ: Մեկնաբանությունների համար դիմեցինք Մ. Հարությունյանին` զանգահարելով նրա բջջային հեռախոսահամարին, սակայն վերջինս չպատասխանեց: Վերջերս Մ. Հարությունյանը մանկավարժական էթիկայի կանոնները խախտելու (սուտ տեղեկատվություն հաղորդելու) համար այդ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Լուսինե Սիմոնյանին հայտարարել է գրավոր նկատողություն: Դեբեդավանի դպրոցի տնօրենն օգտագործել է «էթիկայի կանոններն» ուսուցչի դեմ` հղում անելով փաստաթղթին, որն իրավական ուժ չունի: Դեբեդավանի դպրոցը 1998 թվականից տնօրինող Մ. Հարությունյանը անցած 20 տարիներին 2 անգամ ազատվել է տնօրենի պաշտոնից, հետո վերականգնվել: 2018թ. հոկտեմբերի 22-ին Դեբեդավանի դպրոցի նախկին գործավար Արմինե Սարգսյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել Դեբեդավանի դպրոցի տնօրենի 2018թ. օգոստոսի 23-ի թիվ 54 հրամանն անվավեր ճանաչելու, իրեն աշխատանքում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի վարձատրության պահանջներով: Սույն քաղաքացիական հայցով նախնական դատական նիստերն ընթանում են:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս