ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք պատգամավորներով առաջարկում են «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացում կատարել, որով համայնքի բնակչությունը կարող է նախաձեռնել ու տեղական հանրաքվեի դնել համայնքապետին անվստահություն հայտնելու հարցը: Եվ որպեսզի սա բնակավայրերում ամենօրյա զբաղմունք չդառնա, շեմ է սահմանվել:
Նախագծի հեղինակների կարծիքով` հանրապետության տարբեր մարզերում օրեցօր համայնքապետերի դեմ բողոքի ակցիաները «թեժանում» են. մարդիկ նրանց պաշտոնավարմանը դեմ են, բայց համայնքապետերը հրաժարական չեն տալիս, իսկ հեռացնելու այլ տարբերակ չկա: Ըստ Վարազդատ Կարապետյանի` այս նախագիծը կարող է այդ բոլոր հարցերին լուծում տալ, կհստակեցվեն բոլոր հարցերը, իսկ համայնքներում էլ բնակիչներն իրենց ղեկավարներին «գերի» չեն դառնա:
-Պարո՛ն Կարապետյան, Դուք արդեն հայտարարել եք, որ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացում է կատարվելու, որով համայնքի բնակչությունը կարող է նախաձեռնել ու տեղական հանրաքվեի դնել համայնքապետին անվստահություն հայտնելու հարցը: Բայց արդյոք նախագծի հեղինակներով պատկերացնո՞ւմ եք այն մեխանիզմը, որով կարելի է ցանկալի արդյունքի հասնել, քանի որ վերջին ժամանակահատվածում համայնքներում շատ «թեժ» իրավիճակներ են. գրեթե բոլոր համայնքապետերի դեմ բողոքի ակցիաներ են իրականացվում:
-Այդ մասով մենք հիմա մտածում ենք. այս պահին դեռեւս չեմ պատկերացնում, որովհետեւ շատ բարդ խնդիր է, այս պահին չեմ պատկերացնում, բայց մենք մտածում ենք, քննարկում ենք հասկանալու համար բոլոր մեխանիզմները: Մի կարեւոր սկզբունք կա, որ ընտրովի պաշտոններից մարդիկ պետք է կարողանան հետ կանչել. սա սկզբունք է, որ պետք է տեղ գտնի մեր օրենսդրությունում: Իսկ դա ինչպես պետք է անենք, դրա մասին մենք արդեն կմտածենք, դա կանենք քննարկումների, միմյանց տեսակետները քննարկելու միջոցով:
-Նախագծի վերաբերյալ տեսակետ հնչեց, որ գուցե դա արվի հանրաքվեի միջոցով. եթե դժգոհություն կա, ապա կարելի է հանրաքվեով «հետ կանչել» համայնքի ղեկավարին: Քննարկում ե՞ք այդ տարբերակը:
-Այո, մենք արդեն մի օրինագիծ ենք դրել մեր խորհրդարանի կայքում. մեր գործընկերների հետ համաձայնության գալով` համայնքի ղեկավարներին անվստահություն հայտնելու եւ հետ կանչի մեխանիզմ ենք մշակել: Խոսքը համայնքներում սկսված գործընթացներն են: Տարբեր համայնքներում գործընթացներ կան, որոնք դեմ են գործող համայնքի ղեկավարներին, եւ մարդիկ պահանջում են համայնքների ղեկավարների հրաժարականը: Մենք` երեք պատգամավորներով, որոշեցինք առաջարկել համայնքապետերին անվստահություն հայտնելու մեխանիզմ: Իսկ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մեխանիզմը մենք տեսնում ենք տեղական հանրաքվեի միջոցով, այսինքն` հիմա ե՛ւ «ՏԻՄ» օրենքում, ե՛ւ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ ենք առաջարկել: Հիմա կսկսենք քննարկել կառավարության հետ, Ազգային Ժողովի խմբակցությունների եւ հանձնաժողովների հետ, որպեսզի կարողանանք դա եւս կյանքի կոչել:
-Չե՞ք կարծում, որ այդ փոփոխությունը կարող է համայնքներում ավելի վատթարացնել իրավիճակը, քանի որ կարող է սրվեն համայնքի բնակիչների եւ համայնքապետի միջեւ հարաբերությունները:
-Մենք շատ պարզ մեխանիզմ ենք մշակել. մենք ընտրելու իրավունք ունեցող մարդկանց առաջարկում ենք 20 տոկոսի ստորագրությամբ նախաձեռնել տեղական հանրաքվե, եւ եթե մասնակցել են ընտրական իրավունք ունեցող մարդկանց 40 տոկոսը, հանրաքվեն կհամարվի անցկացված, եւ ձայների մեծամասնությամբ կարող են արդեն անվստահություն հայտնել համայնքապետին, ապա այդ փաստաթղթերը ներկայացվում են կառավարություն, եւ «ՏԻՄ մասին» օրենքում էլ փոփոխություն ենք նախատեսում, որ տեղական հանրաքվեի արդյունքը հիմք դառնա համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու ուղղությամբ:
-Իսկ եթե հանրությունը դժգոհ է իր կողմից ընտրված Ազգային Ժողովի պատգամավորի աշխատանքից, այս օրինագծի միջոցով հնարավոր կլինի՞ նույն մեխանիզմը կիրառել, ինչպես Դուք եք հայտարարել, նման մարդուն «գերի» չմնալու համար:
-Պատգամավորներին հետ կանչելու մեխանիզմի վերաբերյալ դեռեւս որեւէ նախագիծ չկա. պետք է մենք մտածենք այդ մասին: Ես կոչ եմ անում նաեւ հանրությանը` եթե կան մտքեր, եկե՛ք քննարկենք միասին:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ