ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խմբակցությունների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ սկսել է քննարկել Ընտրական օրենսգրքի բարեփոխումները: «Ձգտելու ենք իրականացնել բարեփոխումներ, որոնք բավարար օրենսդրական եւ ինստիտուցիոնալ հիմք կստեղծեն 2018թ. դեկտեմբերի 9-ի ազատ, արդար, թափանցիկ ու միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխանող ընտրությունների փորձառությունը կապիտալիզացնելու համար»,- ասել է Միրզոյանը: Նշենք, որ իշխանություններն ԸՕ-ի հետ կապված առաջարկների են սպասում ոչ միայն խորհրդարանական, այլեւ արտախորհրդարանական ուժերից ու հ/կ ներկայացուցիչներից, բայց առաջին քննարկումը Միրզոյանը սկսել է խորհրդարանական ուժերից:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանին` փորձելով հասկանալ՝ իրենք ԸՕ նախագծի վերաբերյալ ինչ առաջարկներ ունեն: «Ոչ մի բովանդակային քննարկում չի եղել, սա ընդամենը սկզբնական փուլն է, որը ազդարարում է քննարկումներ։ Իհարկե, մենք ունենք մեր տեսակետը, սակայն առայժմ վաղ է ինչ որ բան ասել։ Առայժմ ակտիվ քննարկումների փուլն է»,- ասաց նա: