Ինչ ներքին տարաձայնություն է եղել ԳՇ պետի և Դավիթ Տոնոյանի միջև․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, 2018 թվականի օգոստոսի 17-ին, ՀՀ ՊՆ հրամանով, ժամկետային զինծառայողներին թույլատրվել է բջջային հեռախոսներից օգտվել: Միաժամանակ, ՊՆ-ն սահմանել է հեռախոսից օգտվելու կարգը:

Ըստ այդմ, զինծառայողին թույլատրվում է ունենալ բացառապես տեսագրման, ձայնագրման, լուսանկարման եւ ինտերնետ հնարավորություններ չունեցող բջջային հեռախոս: «Զորակոչված զինծառայողի բջջային հեռախոսը հաշվառվում է հանրապետական հավաքակայանում: Եթե զինծառայողի բջջային հեռախոսն ունի տեսագրման, ձայնագրման եւ ինտերնետ հնարավորություններ, ապա հեռախոսը հանրապետական հավաքակայանում վերադարձվում է զինծառայողի ներկայացուցչին` հանձման-ընդունման ստացականի հիման վրա: Հանրապետական հավաքակայանում զինծառայողը ծանոթանում է բջջային հեռախոսակապով խոսակցությունների ժամանակ գաղտնիության ռեժիմի պահպանման պահանջներին: Զորամաս ներկայանալուց հետո զինծառայողը նախապատրաստական ստորաբաժանումում բջջային հեռախոսը ներկայացնում է հաշվառման: Զինծառայողին արգելվում է շարքում, պլանային եւ ոչ պլանային միջոցառումների, պարապմունքների, մարտական հերթապահության, վերակարգի, զենքի խնամքի ժամանակ օգտվել բջջային հեռախոսից: Զինծառայողը բջջային հեռախոսից կարող է օգտվել միայն զորամասի օրվա կարգացուցակով նախատեսված ազատ ժամերին:
Զինծառայողի բջջային հեռախոսի հեռախոսավարձերի վճարումը կատարվում է զինծառայողի կամ նրա հարազատների կողմից:

«Մի՛ հրապարակեք լուսանկարներ, որոնցում երեւում են մարտական հենակետեր, դիրքեր, գաղտնի ապառազինություն կամ տեխնիկա, ավտոմեքենաների համարանիշներ եւ այլն:

Ռազմական գործողությունների ժամանակ անջատե՛ք բջջային հեռախոսը»,- մասնավորապես նշված է հրամանում:
Ըստ էության, նախարարի այս որոշումը ոգեշնչեց շատ զինվորների ծնողների, սակայն բանակում հեռախոս պահելու գործընթացը նախարարությունում նոր որոշում կայացնելու պատճառ է դարձել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը որոշում է կայացրել, որ սպաները եւս կարող են հեռախոս ունենալ, բայց ոչ սմարտֆոն: Նման հեռախոսներ ունենալն արգելված է նաեւ սպաներին:

ԳՇ պետի այս որոշումը Պաշտպանության նախարարությունում ներքին տարաձայնության ու ոչ հաճելի խոսակցությունների պատճառ է դարձել: Մասնավորապես, Դավիթ Տոնոյանը խոսակցություն է ունեցել ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ` ասելով, որ նա այդ որոշմամբ մտել է մարդկանց եւ, հատկապես, սպաների անձնական կյանք, ինչի իրավունքը չուներ: Ըստ նախարարի` սպան կարող է ունենալ այն, ինչ օրենքով սահմանված է. հրահանգել նրան, թե ինչ հեռախոս ունենա կամ ինչ մեքենան վարի, ենթադրում է միջամտություն սպայի անձնական կյանքին` ընդհուպ մինչեւ վերջինիս իրավունքների ոտնահարում, մի հանգամանք, որը նախարարն անթույլատրելի է համարել: Ըստ էության, այս որոշումը սպաներին զայրացրել է, եւ վերջիններս, խնդրի հետ կապված, ոչ թե դիմել են ԳՇ պետին, այլ դիմել են նախարար Դավիթ Տոնյանին, որն էլ լուրջ խոսակցություն է ունեցել Արտակ Դավթյանի հետ:

Չի բացառվում, սակայն, որ Տոնոյանի զայրույթը կապված լինի այլ հանգամանքի հետ: ԳՇ պետը որոշումներն ընդունել է առանց նախարարին տեղյակ պահելու, առանց նրա հետ քննարկելու: Այսինքն` նախարարությունում ստեղծվել է մի իրավիճակ, որ ԳՇ պետը որոշում է կայացնում առանց նախարարին տեղյակ պահելու կամ համապատասխան քննարկման: Սխալված չենք լինի, եթե հայտնենք, որ նախարարի ու ԳՇ պետի ջրերը մեկ առվով չեն հոսում, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ունի մեկ հսկայական լրատվական վարչություն, սակայն Գլխավոր շտաբը նաեւ իր հերթին է տեղեկատվական բաժին բացել: ԳՇ պետ Արտակ Դավթյանից հետաքրքրվել էինք, թե արդյոք սա միմյանց իրենց կատարած աշխատանքը ցույց տալու դրսեւորում է, թե այլ նպատակ է հետապնդում: Վերջինս հայտնեց. «Դա ուրիշ խնդիր է. տեղեկատվական բաժինը լրիվ այլ գործառույթ ունի եւ այլ աշխատանքներ է իրականացնում»:

Ինչեւէ, իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, որը հայտնեց. «ՀՀ պաշտպանության նախարարության այն որոշումները, որոնք ուղված են ԶՈւ-երի մարտունակության ու կարգապահության բարձրացմանը, մեկնաբանության չեն ենթարկվում, եւ հորդորում եմ արհեստական ու չհիմնավորված բաներ չգրել նախարարի ու ԳՇ պետի հարաբերությունների մասին»:

Քնար Մանուկյան




Լրահոս