«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 7-ին Արցախում նախատեսված է Աստվածամոր Սուրբ Հովանի եկեղեցու օծման արարողությունը, որին հրավիրված են բարձրաստիճան պաշտոնյաներ թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից։ Վերջերս անընդհատ տեղեկատվություն էր շրջանառվում, թե արարողությանը ներկա է գտնվելու նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ այդ պատճառով միգուցե նույնիսկ հետագձվի ԵԿՄ համագումարը։
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետն Արցախ չի մեկնելու, այլ մասնակցելու է հենց ԵԿՄ համագումարին։ Եվ ավելին` մեր տեղեկություններով` ԵԿՄ համագումարն այդ օրը նախատեսելն ամենեւին էլ պատահական չէ։ Իսկ Արցախ պատվիրակություն կմեկնի Հայաստանից, որի կազմում կլինի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Արցախ մեկնելու հրավեր է ստացել նաեւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին, որը մեզ հետ զրույցում նշեց, որ հրավերից տեղյակ չէ. վարչապետը մասնակցելու է Երեւանում կայանալիք ԵԿՄ համագումարին»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում