Ինչու իշխանության ներկայացուցիչները Գերմանիայում չէին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Բունդեսթագում քննարկվել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցը։ Հետաքրքիր է, որ Բունդեսթագից այդ քննարկմանը հրավիրել էին ՀՀԿ փոխնախագահ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանին։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց, թե Գերմանիա է մեկնել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ։ Սակայն հետաքրքիր է, որ թե՛ Ազգային ժողովից, թե՛ կառավարությունից պատվիրակություն չի մեկնել Գերմանիա, hամենայն դեպս, երկու գերատեսչությունների պաշտոնական կայքերի գործուղումներ մեկնելու բաժնում Գերմանիա այցի մասին ոչինչ գրված չէ։

Բացի այդ, մեզ հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը եւս հաստատեց, որ ԱԺ-ից պատվիրակություն չի մեկնել՝ ընդգծելով, թե այդ աշխատանքներն այնտեղ համակարգելու է Գերմանիայում ՀՀ դեսպանը։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արմեն Աշոտյանը նշեց․«Սա այն հարցն է, որտեղ տարբերություն չկա՝ նախկին, թե ներկա իշխանություններն են: Այն ուժն եմ ներկայացնում, որի հաջողության պատմությունն է այս համաձայնագրի ստորագրումը։

Աժիոտաժը հասկանալի է, բայց առաջարկում եմ անառողջ մասի վրա ուշադրություն չդարձնել, թե ինչու եմ նիստին ես, բայց ներկա չեն գործող պատգամավորներից որեւէ մեկը։ Սա այս պահին շատ երկրորդական է»։ Հավելենք, որ իշխանական տարբեր շրջանակներ, ամեն դեպքում, սա տարօրինակ չեն համարում՝ նշելով, թե նախկին վավերացումների ժամանակ էլ չեն եղել, նամանավանդ որ ԱԺ պատվիրակությունը՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, վերջերս է վերադարձել Գերմանիայից։ Երեկ երեկոյան տեղեկացանք, որ Գերմանիայի Բունդեսթագը վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։




Լրահոս